Եվրոմիության ներկայացուցիչները հաստատել են թռչնագրիպի H5N1 վտանգավոր վիրուսի առկայությունը Կիպրոսի հյուսիսում սատկած թռչունների օրգանիզմում: Թուրքիայի զավթած Հյուսիսային Կիպրոսում վիրուսի գոյությունը հաստատվել է բրիտանական մի լաբորատորիայի տարրալուծումներով:
Ներկայումս գոյություն ունի Եվրոպայում H5N1-ի տարածման վտանգ, նշում է BBC-ն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները վկայակոչելով` ԵՄ-ը հրապարակել է զեկուցագիր, որով մասնավորապես արգելվում է Կիպրոսի «թուրքական մասից» Եվրոմիության երկրներ բերել կենդանական ծագում ունեցող մթերքներ, այդ թվում թռչնաբուծական արտադրանք:
ԵՄ մի խումբ փորձագետներ Կիպրոս են մեկնել տեղում իրավիճակին ծանոթանալու: Կղզու «թուրքական» մասի իշխանությունները կարգադրել են բոլոր ընտանի թռչուններին ոչնչացնել վարակի օջախ դարձած գյուղում, որի շուրջը 10 կիլոմետրանոց կարանտինային գոտի է ստեղծվել: