«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2006-01-27 | #15, 2006-01-28 | #16, 2006-01-31


«ՕՐԵՐԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄ-ԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

«Օրերի» վերջին համարի խմբագրական խորհրդածությունները եւ եզրահանգումները սահմանադրական հանրաքվեի առիթով, տպավորություն են առաջացնում, թե Հայաստանում ավելի, քան այլ ոլորտներ, կատարելագործվում է քաղաքական աճպարարությունը: Մի կողմից ընդդիմադիր, իշխանական թեւերը` իբրեւ գրեթե նույնորակ գոյություններ, մյուս կողմից`անտարբերացած հասարակությունը, որին բուժել կարող է կամ էքստրեմալ վիճակների պարտադրանքը, կամ հավատավոր նորահայտ ուժերի ի հայտ գալը, որ հրաշքի պես բան է թվում:

«Օրերը» հավատարմորեն շարունակում է ուշադիր հետեւել եւ արձագանքել եվրոպահայ կյանքին եւ հայաստանյան իրադարձություններին:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում նոյեմբերին Պրահայում անցկացվել է «Հասարակական անվտանգությունն ապահովող մարմինների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացումը» թեմայով կլոր սեղան, որին մասնակցել են նաեւ հայաստանյան պատվիրակներ: Նրանցից ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի հետ է հայ-չեխական հարաբերությունների եւ հայաստանի ներքաղաքական կյանքի շուրջը «Օրերի» զրույցը:

Պրահայում անցկացված «Նոր ստեղծված օմբուդսմենների ինստիտուտի ուժեղացումը» թեմայով կլոր սեղանի մասնակից, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ Հակոբ Ասատրյանը զրուցում է այս ոլորտի գործունեության իրական նշանակության եւ հնարավորության մասին մեր երկրում: Որքանով է իրականալի Լ. Ալավերդյանի «պետական շահը չի կարող շարունակվել մարդու իրավունքների ոտնահարումով» սկզբունքային միտքը, եթե դրանք ամենուրեք են ոտնահարվում (ուրեմն պետական շահի գաղափար չկա): «Օրերի» խմբագիրն իր հաջորդ հարցազրույցում ներկայացնում է Եվրոպայում Հայ դատի գրասենյակի ատենապետական աշխատանքներում ներգրավված Հիլդա Չոբոյանի եւ այդ հանձնախմբի գործունեությունը` Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետագա քայլերի եւ դրա հետեւանքների հետ կապված հարցերի առնչությամբ:

Երեւանում Հ. Ասատրյանը հարցազրույց է ունեցել Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանի հետ: Միության նախագահը, ելնելով ԹՄՄ հիմնական սկզբունքից` ազգային մշակույթի քարոզչության եւ զարգացման գերխնդրի տեսանկյունից է անդրադարձել միության գործունեության վերջին տարիների արդյունքներին` նորաստեղծ «Թեքեյան» թատերախումբ, «Թեքեյան» մրցանակաբաշխություն ութ անվանակարգերում, գիտագործնական կոնֆերանսներ, գեղարվեստական օրացույցներ. որոշակի վերաբերմունք եւ գնահատական Հայաստանի մշակույթի ընդհանուր վիճակին եւ մանկավարժական համալսարանում արդեն տասնհինգ տարի իր ղեկավարած մշակույթի ֆակուլտետին եւ երիտասարդության հետ կապված մի շարք էական հարցերին:

Հանդեսը ներկայացրել է նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեկտեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիցուրա Մաացուրային հղած նամակը` Ջուղայի գերեզմանատան հայկական միջնադարյան հուշարձանների նկատմամբ ադրբեջանական հերթական վանդալիզմի կապակցությամբ:

Երեւանյան հանդիպումների շարքում է նաեւ երգիչ Արթուր Իսպիրյանի հետ ունեցած զրույցը, որի հիմնական մոտիվը անհավասար պայքարի փորձն է հասարակական ճաշակը ապականող ռաբիսի դեմ: Անդրադարձ է արված չեխ հայտնի երգիչ Դանիել Հուլկայի Հայաստան կատարած այցին եւ տպավորություններին` Յիհլավա քաղաքի հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանի հետ ունեցած զրույցի միջոցով, որում ներկայացվում են նաեւ հետագա անելիքները (խաչքար-հուշարձանի տեղադրում, Չեխիայի ազգային գրադարանում հայկական մասնաճյուղի բացում): Անդրադարձներ կան «Ոսկե ծիրան» հայաստանյան 2005-ի կինոփառատոնին, Շառլ Ազնավուրի «Անցած օրեր» հուշագրությանը, նկարիչ Արթուր Օշականցու երեւանյան ցուցահանդեսին, Գաֆեսճյան հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին, մարզական եւ այլ հարցերին:

«Օրերի» այս համարի գլխավոր հանդիպումը Կարլովի Վարիում Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի եւ նրանց որդու` Արշիլի հետ է: Պատահական այս հանդիպման արդյունքում է ծնվել հանդեսի էջերում տպագրված զրույցը կանադահայ ռեժիսորի եւ իր կնոջ հետ: Էգոյանը բացահայտում է իր ստեղծագործական կյանքի աշխարհայացքային հիմնական ասպեկտները` ելնելով իրողություններից եւ սեփական կենսափորձից: Մասնավորապես անդրադառնում է «Արարատ» ֆիլմին , որպես տարագիր հայի սեփական ինքնության որոնման եւ արմատների հիշողության ամրագրման փորձի` գաղափարական կոնցեպտուալ հստակ մոտեցումով: Հարցազրույցը, որ բացահայտում է Էգոյան արվեստագետին եւ հայ մարդուն բավական անակնկալ կողմերով, հարկ ենք համարում արտատպել «Ազգ-ներդիրի» առաջիկա համարներից մեկում:

...Էգոյանական սկզբունքը` «թե ինքնությունը պատասխանատվություն է», որոշակիորեն փոխում է իր ստեղծագործությունների նկատմամբ վերաբերմունքըՙ առավել լրջորեն խորհելու առումով:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4