«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2006-01-27 | #15, 2006-01-28 | #16, 2006-01-31


ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉԸ

«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի ունեցավ «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի համերգը (գեղարվեստական ղեկավար` անվանի երգիչ, աշուղագետ Թովմաս Պողոսյան): Այն կազմակերպել էր Ամերիկահայ մշակութային ֆոնդի «Փերիա» մշակութային կենտրոնը: Հանդիսությունը նվիրված էր իրանահայության 400-ամյա պատմությանն ու մշակույթին: Հնչեցին 14 աշուղների 24 երգեր, որոնց մեղեդիները եւ տեքստերը մեծամասամբ տրամադրել էր Հրաչ Ավետիքյանը: Կատարվեց եւս մեկ երգ, որի խոսքերի հեղինակը «Փերիա» մշակութային կենտրոնի նախագահ Մասիս Բաղդասարյանն էր, իսկ մեղեդին ստեղծել էր անսամբլի գործիքային մասի ղեկավար կոմպոզիտոր Արտեմ Խաչատուրը: Պարսկերենով գրված այդ երգը, ինչպես նշեց Թովմաս Պողոսյանը, նվեր էր մեր դրացիներին, որոնց ներկայացուցիչները ներկա էին հանդիսությանը:

Երկուսուկես տարվա ընթացքում անսամբլը կատարել է ահռելի աշխատանք, ստեղծագործական մի սխրանք, որի փայլուն արդյունքը խանդավառեց լեփ-լեցուն դահլիճը` փերիահայերի մեծ բազմությանը, հյուրերին, մասնագետներին եւ ամենակարեւորը երիտասարդությանը, քանզի մատաղ սերունդը, հայեցի կրթվելով, կրողը պիտի լինի դարերից ժառանգված այդ սքանչելի գանձերի:

«Սայաթ-Նովա» անսամբլը մի ստեղծագործական «լաբորատորիա» է, կարելի է ասել, աշուղական մի կոնսերվատորիա, ուր կրթվում, կատարելագործվում են երգիչներ եւ երաժիշտներ: Բացի այդ բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թ. Պողոսյանն ամենայն բարեխղճությամբ հավաքում եւ մոռացությունից փրկում է բազում երգեր, պատառիկներ, բանաստեղծական տեքստեր (երբեմն առանց մեղեդիների), վերականգնում է, համապատասխանեցնում մեղեդին եւ խոսքերը: Այնուհետեւ կոմպոզիտոր, վիրտուոզ թառահար Արտեմ Խաչատուրը դրանք գործիքավորում է, ստեղծում նախանվագներ, միջնանվագներ եւ երգ-գոհարները երիզում արժանի «շրջանակներով»: Այս ամենից հետո երգը, այսպես ասած, բեմադրվում է, իսկ ծրագիրն ամբողջությամբ փնջվում է որոշակի սցենարով` տրամաբանված եւ բարձր ճաշակով:

Անսամբլի մեծաշուք համերգները նմանվում են մեջլիսի, ինչպես դա լինում էր Սայաթ-Նովայի ժամանակ` վրաց թագավորի պալատում: Խմբով երգում են բազմած բարձրադիր, շքեղ բազկաթոռներին, իսկ մեներգելիս աստիճաններով հերթով իջնում են ասպարեզ` նախաբեմ, եւ ասես, մրցելով փոխնեփոխ երգում: Մրցույթ, որում չկան պարտվողներ, այլ միայն հաղթանակ` գեղեցիկի եւ բարու:

Անսամբլի կատարումները ոչ նմանակումներ են, ոչ էլ ոճավորում, այլ օրգանական արվեստ: Ինչպես մեծն Կոմիտասը գեղջկական երգը մշակելիս, բազմաձայնելիս բացահայտում էր երգի պոետիկան, թաքնված ներուժը, վեհացնում այն, այնպես էլ աշուղական երգը, անսամբլի մեկնաբանությամբ, տեղափոխվելով բեմ պահպանում է իր ոգին, բյուրեղանում ու վեհանում: Եվ եթե աշուղական արվեստը բնորոշվում է որպես ժողովրդականի եւ պրոֆեսիոնալի միջնոլորտում կենցաղավարող արվեստ, ապա «Սայաթ-Նովա» անսամբլի շրջանակներում այն դառնում է պարզապես պրոֆեսիոնալ: Երգերը հարստացվում են դասական արվեստի նվաճումներով, արտահայտչամիջոցներով, սակայն չափի նուրբ զգացումով: Օրինակ, կիրառվում է «պիցիկատո» նվագելակերպը, որը բնորոշ է ավելի շատ ջութակին, թավջութակին: Բացի այդ օգտագործվում են հնչուժի աստիճանական հզորացում եւ մարում, տեմպերի արագացումներ եւ դանդաղեցումներ, ռիթմերի կոնտրաստներ: Կիրառվում են նաեւ երգային երկխոսություններ, փոխներգություններ մեներգչի եւ խմբի, կանանց եւ տղամարդկանց միջեւ, պարային զուսպ տարրեր, մելոդեկլամացիա: Հիշարժան են աշուղ Տեր Կարապետ քահանայի «Նարեկացի» երգում եռանկյունի նվագարանի հարվածները, որոնք, ասես, դարերի խորքից մեզ հասնող եկեղեցական զանգերի նվաղուն ղողանջներ էին: Նշենք նաեւ նվագարանների փոխկանչերը, արձագանքը, հնչերանգների խառնուրդն ու առանձնացումը եւ լուսաստվերները...

Ինչ էլ որ կիրառվի, անսամբլում գերիշխում է դասական հայտնի սկզբունքը` նվազագույն արտահայտչամիջոցներով հասնել առավելագույն ներգործության: Պատահական չէ, որ մի քանի երգիչ եւ նվագածուներ կարողացան ստեղծել երգի տոն, գույների հրավառություն: Եվ ընդամենը քամանչա, քամանի, թավ քամանի, դափ, սազ, սանթուր, թառ:

Հարկ է նշել, որ իրանահայ աշուղների մեջ կային նաեւ հոգեւորականներ: Ի դեպ հավատավոր շատ աշուղներ օրհնվելու եւ շնորհ ստանալու ուխտ էին գնում Մշո Սուլթան Սուրբ Կարապետ: Իրանահայ աշուղները եւս իրենց երգերով քարոզել են Ավետարանը, խրատել մարդկանց: Այս հանգամանքը մեղմացրել է եկեղեցու սառը վերաբերմունքը աշուղների հանդեպ: Ի դեպ աշուղական արվեստի նկատմամբ Կոմիտասի դրական վերաբերմունքի մասին են վկայում Ջիվանու եւ Շիրինի երգերի մշակումները:

Դառնալով «Սայաթ-Նովա» անսամբլի համերգին` նշենք, որ այն ունի նաեւ ճանաչողական նշանակություն: Բազմաժանր երգերը պատկերացում էին տալիս ժողովրդի կյանքի բազում ոլորտներից:

Անսամբլը եւ կոնսերվատորիան, ուր Թ. Պողոսյանը կրթում է բազում սաներ, ասես հաղորդակից անոթներ լինեն, հարստացնում են միմյանց ձեռքբերումներով, նվաճումներով:

Անսամբլի վիթխարի երկացանկը կարող է բավարարել մեր ժողովրդի կենցաղի այն արարողությունները, որոնցում երգ-երաժշտությունը անբաժան մասն է կազմում` ծնունդ, հարսանիք եւ այլ տոնախմբություններ: Նման դեպքում դուրս կմղվեն մեր կենցաղում մոլախոտի պես աճող օտարոտի, անբարո երգերը: Միայն մնում է այդ ոսկեղենիկ արվեստը վերադարձնել իր տիրոջը` հայ ժողովրդին...

Անշուշտ անսամբլի ոգին Թովմաս Պողոսյանն է, որ իր թավշյա, խորաթափանց ձայնով ներկայացնում է բնիկ, ճշմարիտ երգերի օրինակելի կատարումները: Այդպիսին էին «Թագվորագովք», «Ահա թագավոր» եւ այլ երգերi:

«Սայաթ-Նովա» անսամբլի գործունեությունը մեր հոգեւոր կյանքում անհրաժեշտություն է` հատկապես մեր ժամանակի վայրիվերումներում: Ի հեճուկս աղանդների տարածման, «գլոբալիզացիայի» ապազգայնացման վտանգի, անսամբլը պայծառացնում է ազգային ինքնագիտակցությունը, արժանապատվությունը, վերածնելով մոռացության մատնված մշակութային շերտերը` նպաստում է հայ ժողովրդի կենսագրության, ավանդույթների վերականգնմանը եւ փոխանցմանը գալիքին:

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4