«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2006-01-31 | #17, 2006-02-01 | #18, 2006-02-02


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿԼԻՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Իսկ Ղարաբաղ այդպես էլ չեն այցելի

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Սթիվեն Մանը (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Բաքվում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: «Ազերի պրես» գործակալության հաղորդմամբ, հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ, որից հետո համանախագահները խուսափելով լրագրողներից` գնացել են հանդիպելու նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Յուրի Մերզլյակովը Բաքվում հայտարարել է, թե համանախագահները Ադրբեջանում քննարկելու են 3 չհամաձայնեցված հարց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ:

Մերզլյակովը ոչինչ չի մանրամասնել, նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին նախնական հայտարարություններ անելը ճիշտ չէր լինի: Ամեն դեպքում, տարածաշրջանում համանախագահների հանդիպումների հիմնական թեման մնում է Քոչարյան-Ալիեւ փետրվարյան հանդիպմանն առնչվող հարցերի քննարկումը:

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Անջեյ Կասպրչիկի հետ կժամանեն Հայաստան` նույն մակարդակի հանդիպումներ ունենալու մտադրությամբ: Եվ որքանով կարելի է դատել այդ այցելության մասին տեղեկությունների սակավությունից, Հայաստանում եւս համանախագահները չեն պատրաստվում հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Եվ չնայած փետրվարին Փարիզում կայանալիք հանդիպման նախաշեմ լինելու պատճառաբանությամբ որեւէ մանրամասն չի հրապարակվում, 2006 թ.-ի` նշանակալի դառնալու հավանականության մասին արդեն բազմիցս շեշտվում է տարբեր մակարդակներում: Հիշեցնենք, որ վերջինն այդ մասին կրկին ասել էր այսօր Հայաստան ժամանող պատվիրակության անդամներից Սթիվեն Մանը: Ըստ նրա կարծիքի, 2006 թ.-ը կարող է դառնալ Ղարաբաղի համաձայնագրի տարի: «Կարող է»-ն պարտադրող չէ, միեւնույն ժամանակ կարող է նաեւ ընկալվել «եվրոպական համբերության» ավարտի նշան: Բացի այդ, եթե հետեւենք հակամարտության կարգավորման ուղղությամբ արվածի տրամաբանությանը` ամեն տարի էլ կարելի է համաձայնագրի տարի հայտարարել:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4