Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումից առաջ կողմերի տրամադրություններն ու բանակցային մի քանի հարցերի ճշտումն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարճատեւ այցի նպատակը: Այս մասին Արմենպրեսին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա վստահեցմամբ, հայկական կողմը Փարիզ է մեկնում դրական տրամադրվածությամբ, սակայն դեռեւս մնում են բարդ հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի կարծիքները տարբեր են, ինչը դրդում է սպասելիքների առումով զգուշավոր լինել: Փարիզում եւս մի առաջընթաց քայլ հուսալն, ըստ Գասպարյանի, այնուամենայնիվ ավելորդ չէ:
Փաստելով, որ հայկական կողմին ցանկալի է 2006 թվականը Ղարաբաղի համաձայնագրի տարի տեսնել, ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնել է լուծումների գնալու հայկական կողմի կամքն ու ցանկությունը, որոնք Ադրբեջանի կողմից հակադարձվում են հաճախ հնչող կոշտ հայտարարություններով ու անզիջում տրամադրություններով, ինչը մղում է զգուշավորության:
Առանց մեկնաբանելու նախօրեին ՌԴ նախագահ Պուտինի «Կոսովոյի խնդրի լուծումները պետք է ունենան ունիվերսալ բնույթ» հայտարարությունը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը եւս մեկ անգամ հաստատել է հայկական կողմի դիրքորոշումը. «Հայաստանը հակամարտությունները նույն հարթության վրա չի դիտարկում»:
Ն. Պ.