«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2006-01-31 | #17, 2006-02-01 | #18, 2006-02-02


ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ ՆՈՐ ՀԱՄԱԼՐՄԱՆ Է ՍՊԱՍՈՒՄ

Ֆուտբոլասերներից շատերը հավանաբար տեղյակ են, որ խորհրդային տարիներին հիմնադրվել էր լեգենդար դարպասապահ Լեւ Յաշինի անվան խորհրդանշական ակումբը, որում ընդգրկվում էին պաշտոնական մրցումներում դարպասը 100 եւ ավելի խաղերում անառիկ պահած դարպասապահները: Պատվավոր այդ ակումբի անդամ էր նաեւ Երեւանի «Արարատի» դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը, որը 138 խաղում դարպասը պահել էր անառիկ:

Տողերիս հեղինակի կողմից նմանատիպ ակումբ հիմնադրվել է նաեւ Հայաստանում, որն անվանակոչվել է հայկական ֆուտբոլի լավագույն դարպասապահներից մեկիՙ Սերգեյ Զատիկյանի անվամբ: Ակումբի անդամ կարող են դառնալ այն դարպասապահները, որոնք Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունների (Ա), ՀՀ գավաթի (Գ), Սուպերգավաթի (Ս), Եվրագավաթների (Ե) ու ԱՊՀ չեմպիոնների գավաթի (ԱՊՀ) խաղարկությունների, ինչպես նաեւ ազգային (ԱՀ) եւ երիտասարդական (ԵՀ) հավաքականների հանդիպումներում ընդհանուր առմամբ դարպասը 100 եւ ավելի անգամ պահել են անառիկ:

Հարկ է նշել, որ Հայաստանի առաջնությունների բարձր արդյունավետության պայմաններում դարպասապահների համար այնքան էլ դյուրին խնդիր չէ դարպասն անառիկ պահելը: Ուստի բնավ էլ զարմանալի չէ, որ անցած 14 տարիներին առայժմ միայն երկու դարպասապահի է հաջողվել ընդգրկվել Սերգեյ Զատիկյանի անվան խորհրդանշական ակումբում: Առաջինն այդ պատվին արժանացել է Հարություն Աբրահամյանը: Նա պաշտոնական մրցումներում 100-րդ «չոր» խաղն անցկացրել է «Արարատի» կազմում 1999 թ. հուլիսի 30-ինՙ «Կիլիկիայի» հետ առաջնության հանդիպումում դարպասը պահելով անառիկ: Ընդհանուր առմամբ, պաշտոնական 304 հանդիպումներից 129-ում Աբրահամյանը սեփական դարպասը գոլ բաց չի թողել: 2 տարի անցՙ 2001 թ. մայիսի 25-ին Գյումրիում «Արաքսի» հետ առաջնության խաղում դարպասը 100-րդ անգամ անառիկ պահելով, ակումբի շարքերը համալրեց «Շիրակի» դարպասապահ Արթուր Հովհաննիսյանը:

Նոր մրցաշրջանում հաճելի իրադարձություն է սպասվում ակումբի տարեգրությունում: Դարպասապահների ակումբի շարքերը համալրելու հիանալի հնարավորություն ունի 34-ամյա Ռայմոնդ Զադուրյանը: Նա 1992-2004 թթ. իր գործընկերոջՙ ակումբի անդամ Արթուր Հովհաննիսյանի հետ հաջողությամբ պաշտպանել է «Շիրակի» դարպասը: Անցյալ տարի Զադուրյանը տեղափոխվեց նորաստեղծ «Երեւան յունայթեդ»ՙ հանդես գալով առաջին խմբում: Այդ պահին նա ակումբի հաշվարկով դարպասն անառիկ էր պահել 95 խաղում: Ինչպես տեղեկացրել ենք, առաջին խմբի հանդիպումները չեն հաշվարկվում ակումբում, այլապես Զադուրյանը դեռեւս անցյալ մրցաշրջանում կարող էր համալրել դարպասապահների պատվավոր ընտանիքը: Այնուամենայնիվ, նա 3-ով ավելացրեց իր ցուցանիշըՙ ՀՀ գավաթի 4 հանդիպումներից 3-ում գոլ բաց չթողնելով: Ուստի ակումբի անդամ դառնալու համար Ռայմոնդ Զադուրյանին անհրաժեշտ է ընթացիկ մրցաշրջանում առնվազն 2 խաղում գոլ բաց չթողնել, ինչը, կարծում ենք, կհաջողվի փորձառու դարպասապահին:

Ինչ վերաբերում է ակումբի հեռանկարներին, ապա հաջորդ համալրումը հնարավոր է 2-3 տարի անց: Ակումբի անդամության գլխավոր թեկնածուներն են Գառնիկ Հովհաննիսյանն ու Էդիկ Երիցյանը: Իհարկե, «Դինամո-Զենիթի» դարպասապահ Երիցյանի համար ավելի դժվար կլինի լուծել խնդիրը: Համեմատության համար նշենք, որ 2005 թ. առաջնության 24 հանդիպումներից միայն 3-ում էր Երիցյանը դարպասը պահել անառիկ: Այս առումով, կարծում ենք, Գառնիկ Հովհաննիսյանի հնարավորություններն ավելի գերադասելի են: Ակումբը համալրելու լավ հեռանկարներ են պահպանում Գեւորգ Կասպարովն ու Ֆելիքս Հակոբյանը: Ի դեպ, ֆուտբոլասերներն իրենք կարող են գնահատել յուրաքանչյուրի հնարավորություններըՙ ծանոթանալով ակումբի անդամների եւ թեկնածուների ստորեւ ներկայացվող ցուցանիշներին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4