ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական հաղորդագրությունների մի քանի հարյուր էջ փաստաթղթեր, այդ թվումՙ «գաղտնի» մակագրությամբ, հայտնվել են ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ձեռքում: Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերի մեջբերմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ այդ փաստաթղթերը վերաբերում են Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությանը, ընդ որում, ըստ այդ թղթերի, 2000 թ.-ին Պետդեպարտամենտն աշխատանքներ է իրականացրել Հայոց ցեղասպանության բանաձեւի ուղղությամբ: Բանաձեւը ծրագրվում էր հանձնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը, սակայն վերջին պահին արդեն էքս նախագահ Բիլ Քլինթոնի ցուցումով փաստաթուղթը հետ է կանչվել պատճառաբանությամբ, թե կարող է «Միացյալ Նահանգների համար ունենալ հնարավոր բացասական հետեւանքներ»:
Փաստաթղթերի մի մասը, նույն աղբյուրի համաձայն, վերաբերում է Պետքարտուղարության եւ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի կապերին: «Փաստաթղթերը վկայում են, որ 2000 թ. աշնանը Պետքարտուղարության չինովնիկները գիտեին թուրքական սպառնալիքի անհիմն լինելու մասին: Չնայած դրան, նրանք մոլորության մեջ էին գցել Կոնգրեսին եւ ամերիկյան հասարակությանը, պնդելով, որ հայերի ցեղասպանության բանաձեւի ընդունումը կարող է լուրջ վնաս հասցնել ամերիկա-թուրքական հարաբերություններին», հայտարարել է Արամ Համբարյանը: