Կոմունիստները բողոքում են ակադեմիայի բարեփոխման ծրագրից
Գիտությունների ազգային ակադեմիայի վերաբերյալ պետական ծրագրին դեմ են կոմունիստները: Այս մասին իրենց դիրքորոշումը նրանք հայտնեցին երեկ հրավիրած մամուլի ասուլիսում: Հայտարարության տեքստում կոմունիստները նշում են, թե անկախությունից ի վեր Հայաստանի իշխանությունները ավերում են մեր երկրի տնտեսությունը, անկում են ապրում հոգեւոր արժեքները, եւ այժմ «իշխանությունների քանդիչ ձեռքը հասել է գիտությունների ակադեմիայինՙ մեր ժողովրդի սրբագործված արժեքներից մեկին»:
Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ներկաներին հավաստիացնում էր, թե մինչ 1920 թվականը մեր երկրին ու ժողովրդին անհայտ էր «գիտություն» բառը, իսկ իրենց իշխանության 70 տարիներին մեր երկիրը գիտական մեծ վերելքով տիեզերք հասավ: Նա նշում է, որ ակադեմիայում բարեփոխումներ, պետական միջամտություն անհրաժեշտ են, սակայն չպետք է «փակենք, ջարդենք, միավորենք ամեն ինչ եւ վաճառենք շինությունները»: Նա համոզված է, որ բոլոր այս զարգացումները պետության եւ իշխանությունների ցանկությամբ են տեղի ունենում, նրանք են «մեռցրել, որ հիմա էլ վերջին զարկը տան»:
Ռ. Թովմասյանը զարմանում էՙ ինչու է գազի գնի վերաբերյալ հակառուսական հիստերիա բարձրացել, իսկ հակահունական, հակաֆրանսիական նման տրամադրություններ չկան: Հետո էլ պատասխանում է, որ պատճառը Արեւմուտքի վարած քաղաքականությունն է, մեր քաղաքական գործիչները նրանց են ենթարկվում: Պրն Թովմասյանը մեկ անգամ եւս վստահեցրեց, որ տարածաշրջանային ինչպիսի զարգացումներ էլ տեղի ունենան, իրենք պաշտպանելու են Ռուսաստանին: «Աբովյանը, Շիրազը, Թումանյանը կոմունիստ չէին, սակայն մեզ լավ ավանդույթներ են թողել», ասում է Կոմկուսի առաջին քարտուղարը:
Վերադառնալով ակադեմիայի խնդրինՙ բանախոսը նշեց, որ իր գնահատմամբ ակադեմիայի անմխիթար վիճակը հարկավոր է բարելավել կադրերի երիտասարդացման եւ խորհրդային փորձի կիրառման ու ժառանգության զարգացման միջոցով:
Թ. Մ.