Արդի հայ արեւելյան գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանն իր դարակազմիկ «Վերք Հայաստանի» վեպում գրել էր. «Օրհնվի էն սհաթը, որ ռսի ոտը մտավ մեր հողը»: Սա վերջին երկու դարերի ընթացքում հայերի մեծամասնության համար եղել է պատմական քաղաքական մի հայտարարություն, որով Ռուսաստանը համարվում էր Հայաստանի անփոխարինելի պաշտպանը:
Եթե մենք այս հայտարարությունը վերցնենք պատմական տեսակետից, իրոք ճշմարտություն կգտնենք դրանում, քանի որ խիստ թշնամական հարեւաններով շրջապատված լինելով, Հայաստանը մեծապես տուժել է գլուխ բարձրացնող եւ անկում ապրող կայսրությունների ձեռքում: Թուրքերը հայերի հետ իրենց խնդիրները միշտ լուծել են տեղական բնաջնջումներով: Պարսկական տիրապետությունը առավել նպաստավոր չի եղել: Շահ Աբասը, օրինակ, 17-րդ դարի սկզբներին փորձել է Հայաստանը անմարդաբնակ դարձնել հայերի բռնագաղթ կազմակերպելով դեպի Պարսկաստան, հիմնելու նոր համայնքներ հատկապես Նոր Ջուղայի տարածքում:
Այս մահմեդական իշխանությունների համեմատ Ռուսական կայսրությունը հայերին վերաբերվել է հարաբերական բարյացակամությամբ` հակառակ երբեմն-երբեմն հնչող «Հայաստան առանց հայերի» կոչերի եւ հակառակ Էջմիածնում Խրիմյան Հայրիկի օրոք եկեղեցապատկան հողերի բռնագրավման փաստերի:
Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը մեծապես օգտվեց ռուսներից, հակառակ լավ փաստագրված դաժանություններին: Հայաստանի երկրորդ հանրապետությունը իրավամբ դարձավ արդի ժամանակների արվեստի եւ գիտությունների ծաղկման ոսկեդարը:
Խորհրդային Միության անկումից հետո երեւան եկավ քաղաքական մի նոր իրադրություն, բայց հայերը շարունակեցին ռուսներին վերաբերվել Աբովյանի գծած ուղիով: Ժամանակները փոխվել են, ուժի աշխարհամարտավարական կշիռը թեքվել է Արեւմուտքի կողմը: Այդ փոփոխությունը ստիպում է մեզ ռուս-հայկական հարաբերություններին մոտենալ առավել քննադատաբար: «Մերձավոր արտասահմանի» եւ հատկապես կովկասյան տարածաշրջանի հանդեպ ռուսական քաղաքականության վճռորոշ գործոնները մեծապես փոխվել են, Ռուսաստանը այլեւս ի վիճակի չէ հայերին իր պաշտպանական հովանու տակ վերցնել ինչպես Աբովյանի օրերին:
Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, երբ հայերը սկսեցին միամտորեն սիրահետել Թուրքիային, պատիժը շատ ծանր եղավ: Ռուսաստանն սկսեց ակտիվորեն աջակցել Ադրբեջանին: Հայերը շատ կորուստներ տվեցին, մի պահ նույնիսկ Ղարաբաղի գոյությունը սպառնալիքի տակ էր:
Դա հստակ ազդանշան էր, որ մենք չենք կարող օտարել մեր ավանդական դաշնակցին` Ռուսաստանին: Բայց դա նաեւ նշանակում էր, որ մենք չենք կարող Ռուսաստանի բարեկամությունն ընդունել որպես անառարկելի ճշմարտություն: Որպես ապացույց կարող է ծառայել ներկա էներգաճգնաժամը, արհեստականորեն ստեղծված Կրեմլի կողմից` պարզապես ցույց տալու իր տնտեսական «մկանները» եւ «խելոք վարվելաձեւ» պահանջելու ինչպես թշնամիներից, այնպես էլ բարեկամներից:
Երբ Ուկրաինան շրջվեց դեպի Արեւմուտք, Կրեմլը կրկնապատկեց գազի գինը, սպառնալով ամբողջովին փակել էներգիայի հոսքը: Ժամանակավոր պայմանավորվածություն ձեռք բերվել էր, բայց հարցը պետք է լուծվեր հետագա բանակցությունների միջոցով: Գազի գինը բարձրացվեց 60 դոլարից մինչեւ 90 դոլար: Բայց վերջնական պահանջը 110 դոլար է: Ուկրաինան Ռուսաստանի նկատմամբ խիստ թշնամական դիրք է որդեգրել, Կրեմլը նույն ձեւով է արձագանքում դրան: Բայց Ուկրաինային պարտադրվող պայմանները նույնությամբ թելադրվում են նաեւ Հայաստանին, որն առնվազն խիստ զարմանալի է ու առեղծվածային: Եթե Ուկրաինան այս դեպքում որոշակի գին է վճարում իր թշնամական քաղաքականության դիմաց, ապա Հայաստանը, որը Ռուսաստանի բարեկամների թվում է, ինչի՞ դիմաց է վճարում. երեւի իր թուլության:
Միացյալ Նահանգներն իր բարեկամներին առատորեն վարձատրում է եւ զինում, իսկ Ռուսաստա՞նը: Մենք դեռ չենք տեսել, որ Ռուսաստանը նույն ձեւով վարվի:
Ղարաբաղի հարցը Ռուսաստանի հարավային սահմանների «սառեցրած» հակամարտություններից մեկն է: Որպես Հայաստանի բարեկամ երկիր, Ռուսաստանը նախապատվական վերաբերմունք չի ցուցաբերում: Կրեմլը շարունակում է Հայաստանին եւ Ադրբեջանին պահել նույն հեռավորության վրա, չնայած Հայաստանը Կովկասում մնացած բարեկամության միակ եւ վերջին ամրոցն է:
Նախկին խորհրդային հանրապետություններին, եւ ինչու չէ, նաեւ այլ երկրներին իր կողմը գրավելու համար կարծես Ռուսաստանի շահերը պետք է պահանջեին, որ նա Հայաստանին, որպես օրինակ, առավել մեծ տնտեսական եւ քաղաքական օժանդակություն ցուցաբերեր: Մենք դեռ այդպիսի վերաբերմունք չենք տեսել: Ընդհակառակը, Ռուսաստանը գնալով ավելի է իր վերահսկողությունը մեծացնում Հայաստանի վրա պարտքերի դիմաց զանազան օբյեկտների ձեռքբերման միջոցով:
Սա էլ մեզ բերում է ռուս-հայկական հարաբերությունների ամենակրիտիկական ոլորտը: Երկու երկրների միջեւ 25 տարվա պայմանագիր է կնքվել Հայաստանում պահելու համար ռուսական զինվորական բազաները: Հարց է առաջանում, այդ բազաները նախատեսված են Հայաստանին պաշտպանելո՞ւ, թե՞ ռուսական զինվորական ուժի հզորությունը ցուցադրելու համար:
Ռուսաստանի երերուն արտաքին քաղաքականությունն այնքան էլ վստահություն չի ներշնչում, որ այդ բազաները կարող են որպես պատվար ծառայել, եթե Հայաստանի անվտանգությունը կամ տարածքային ամբողջականությունը վտանգի ենթարկվի:
Հայաստանը մշակել է կոմպլեմենտար մի քաղաքականություն, որն ընտրություն կատարելու իրավունք է վերապահում իրեն: Այդ քաղաքականությունը պետք է ներառի հայերի ավանդական խոհեմությունը եւ պետք է լուրջ հարցականի տակ դնի ռուսական ծրագրերն ու մտադրությունները Հայաստանի պաշտպանության հարցում: Բարեբախտաբար, հայերը երկար ճանապարհ են անցել Աբովյանի օրերից: Վերջերս Հայաստանից Մ. Նահանգներ այցելած պատմության մի մասնագետ հետեւյալ սթափ արտահայտությունը օգտագործեց. «Եկեք սիրենք Ռուսաստանին հեռվից»: Գուցե այս տարբերակն էլ կարելի է հաշվի առնել ռուսական արջի ողջագուրումը գնահատելիս:
«Արմինյն միրոր սփեքթեյթրի», Խմբագրական