«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2006-02-02 | #19, 2006-02-03 | #20, 2006-02-04


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՈՒՑ ՀԵՏՈ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԻ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

«Ֆրանսիայում Հայաստանի տարուն կհետեւի Թուրքիայի տարին», այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավար Ֆիլիպ Դուստ-Բլազին: Թուրքիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները, «Թըրքիշ դեյլի նյուզ» թուրքական թերթի համաձայն, քննարկել են դիրքորոշումներ Իրանի ատոմային ծրագրի, պաղեստինա-իսրայելայան հակամարտության, Եվրոմիության ընդլայնման ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության օրենքի ընդունմանը, Ֆիլիպ Դուստ-Բլազին հայտարարել է, որ այդ հարցը մարդկանց հուզում է այնքան, որքան պատմաբաններին: «Ֆրանսիան գնահատում է Թուրքիայում հասարակական երկխոսությունն այդ հարցի շուրջը: Միանշանակ է, որ 2001 թ. ընդունված օրենքն արտացոլում է հասարակական վերաբերմունքը 1915 թ. ողբերգության հանդեպ», նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Չնայած վերջին ժամանակներս թուրք-ֆրանսիական փոխհարաբերությունների սրմանը, Ֆրանսիայի արտգործնախարարը բավականին ջերմ է արտահայտվել երկու երկրների հեռանկարային համագործակցության եւ Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցելու առումով:

«Թըրքիշ դեյլի նյուզն» իր կողմից ավելացնում է, որ թուրք վերլուծաբանները չեն գերագնահատում Փարիզի եւ Անկարայի հարաբերությունների ջերմացումը: Ֆրանսիայի արտգործնախարարի նման հայտարարությունները բացատրում են նախ եւ առաջ տնտեսական գործոններով: Ըստ «Թըրքիշ դեյլի նյուզի», Ֆրանսիան 5-րդն է Թուրքիայում կատարած ներդրումներով, ինչը բավական լավ ցուցանիշ է, եւ բնական է, որ ոչ մի երկիր չի ցանկանա հրաժարվել նման շահեկան դիրքից:

«Որքան ականջ շոյող են Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունները, փաստ է, որ երկու երկրների հարաբերություններում կան բազմաթիվ չլուծված ու կարեւոր հարցեր: Ֆրանսիան շարունակում է ամեն կերպ աջակցել հունական Կիպրոսին եւ հայերին, իսկ 2007 թ. նախագահական ընտրություններում հաղթելու նկրտումներ ունեցող Նիկոլա Սարկոզին պահը բաց չի թողնում, որ խոչընդոտի Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցությանը: Սրանք հարցեր են, որ մոտակա տարիներին լուծում չեն ստանա», նշում է թուրքական թերթը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4