ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով հանրապետության գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանն ազատվել է պաշտոնից` երկարամյա ծառայության թոշակի անցնելու կապակցությամբ, իսկ ԼՂՀ գլխավոր դատախազ է նշանակվել Արմեն Զալինյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Արկադի Ղուկասյանի մեկ այլ հրամանագրով ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանը:
Երեկ ԼՂՀ նախագահը դատախազության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արմեն Զալինյանին:
Շնորհակալություն հայտնելով Մավրիկ Ղուկասյանին գլխավոր դատախազի պաշտոնում երկարամյա աշխատանքի համար` Արկադի Ղուկասյանը նշել է, որ կյանքը համակարգի առջեւ դնում է նոր խնդիրներ, որոնց լուծումը պետք է ստանձնի դատախազության նոր ղեկավարությունը: Մասնավորապես հանրապետության նախագահը կարեւորել է հստակ կադրային քաղաքականություն վարելու եւ կանոնավոր ատեստավորումների միջոցով դատախազության աշխատակիցների բարձր արհեստավարժությունն ապահովելու անհրաժեշտությունը:
Ընդգծելով իրավական եւ ժողովրդավարական պետության կառուցման գործում դատաիրավական համակարգի դերը` նախագահը մատնանշել է մարդու իրավունքների եւ պետության շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ դատախազության հանդեպ քաղաքացիների վստահության ապահովումը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ