«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2006-02-03 | #20, 2006-02-04 | #21, 2006-02-07


ԻՆՉ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾ-2006»-Ը

Որոնք են դրա նպատակները, ովքեր են իրագործելու

Փետրվարի 2-ին «Ազգը», տեղեկացնելով «Հայոց ցեղասպանության սուտն ըստ հայկական փաստաթղթերի. Մեծ նախագիծ-2006» անվան տակ իրականացվող թուրքական նախաձեռնության մասին, անդրադարձել էր «Թալեաթ փաշայի արշավ» խորագրում նախատեսվող միջոցառումներին, որոնք նախագծի շրջանակներում մարտի 15-19 անցկացվելու են Բեռլինում:

Միաժամանակ նշվել էր, որ տեղեկատվության բացակայությունը մեզ զրկում է նախաձեռնությունը մանրամասնելու հնարավորությունից: Այնուամենայնիվ, նախկին մաոիստ Դողու Փերինչեքի Բանվորական կուսակցության ինտերնետային էջում հունվարի 26-ին եւ փետրվարի 3-ին տեղադրված նյութերից պարզվում է, որ «Թալեաթ փաշայի արշավի» կազմակերպման համար ստեղծվել է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախորդ նախագահ Ռաուֆ Դենքթաշի գլխավորությամբ խորհրդատվական վարչություն, որն էլ հունվարի 18-ին Ստամբուլում հրավիրված խորհրդակցությամբ ընտրել է գործադիր կոմիտե:

Քանի որ վերոհիշյալ արշավն իրականացվում է «Մեծ նախագիծ-2006»-ի շրջանակներում, ուստի դժվար չէ կռահել, որ արշավի կազմակերպման համար ստեղծված վարչությունն ու կոմիտեն համատեղ ջանքերով իրագործելու են նաեւ նախագիծը: Մինչ վարչության եւ կոմիտեի կազմին անդրադառնալը նշենք Բանվորական կուսակցության ինտերնետային էջում տեղադրված երկու հաղորդագրությունների մասին:

Դրանք թվագրված չեն: Առաջինը նույնիսկ ստորագրություն չունի, սակայն միանգամայն պետք է վերագրվի խորհրդատվական վարչությանը, որովհետեւ հաղորդագրությունը «հայկական կոտորածների մասին» որոշումը չեղյալ հայտարարելու, Գերմանիայում թուրքերի նկատմամբ թշնամանքը դադարեցնելու եւ «հայերի կոտորածներին առնչվող ստերին դասագրքերում տեղ չհատկացնելու» պահանջներով Գերմանիայի խորհրդարան դիմելիս միաժամանակ կոչով դիմում է Թուրքիայում եւ արտասահմանում բնակվող թուրքերին:

Թուրքերին ուղղված կոչում մասնավորապես նշվում էր, որ «Մեծ նախագիծ-2006»-ը նպատակ ունի Հայոց ցեղասպանության ստերի դեմ ոտքի հանել 70 միլիոնանոց թուրք ազգին, ինչպես նաեւ Եվրոպայում բնակվող 4 միլիոն եւ ԱՄՆ-ում բնակվող 1 միլիոն թուրքերին, որոնց ուժն, ըստ կոչի, շուտով կտեսնի Արեւմուտքը: Գերմանիայի խորհրդարանը, «հայկական կոտորածները ճանաչելու» մասին որոշմամբ, որն ընդունվել է 2005 թ. հունիսի 16-ին, թուրքերի նկատմամբ ատելություն է սերմանում երկրում: Այս թուրքերը, ինչպես նշվում է հաղորդագրությունում, եվրոպական երկրների խորհրդարաններից եւ Եվրոմիության ատյաններից պահանջելու են նաեւ չեղյալ հայտարարել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումները:

Հաղորդագրությունն սպառնում է արեւմտյան երկրներին, թե պետք է հրաժարվել թուրքերի նկատմամբ «հանիրավի ամբարտավան ամբաստանություններից», այլապես նրանց մայրաքաղաքները կդառնան հրո ճարակ, ինչպես Փարիզն էր դարձել, եւ նախազգուշացնում է. «Մի դարձեք ամերիկյան ծրագրերի գործիքը»: Հաղորդագրության համաձայն, Հայկական հարցն օրակարգ է բերվել «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի շրջանակներում, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ եւ օգտագործվում է Սեւրի վերականգնման նպատակներով, իսկ եվրոպական երկրներն ու նրանց նեղմիտ ղեկավարները ոչ մի կերպ չեն հասկանում, որ խառնելով Թուրքիայի ներքաղաքական կյանքը, անխուսափելիորեն ներքին խժդժությունների անդունդն են ներքաշում Եվրոպային:

Երկրորդ հաղորդագրությունը հրապարակվել է Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում», ինչպես նաեւ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական, «Մայր հայրենիք», «Ճշմարիտ ուղի» եւ Բանվորական կուսակցությունների ստորագրությամբ, որոնցից միայն վերջինը խորհրդարանական չէ: Այստեղ նշվում է. «Այսուհետեւ Թուրքիային պաշտպանելու ենք արեւմտյան կենտրոններում այն 5 միլիոն թուրքերի միջոցով, որոնք այդ կենտրոնների բնակիչներ են: Ոտքի հանելով 5 միլիոն թուրքերի, արեւմտյան տերություններին հենց իրենց մայրաքաղաքներում ցույց ենք տալու մեր ուժը: Պաշտպանական խրամատներ են ստեղծում այդ պետությունների վարչական կենտրոններում, մասնավորապես Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում եւ Բրյուսելում»:

Ինչ վերաբերում է խորհրդատվական վարչության եւ գործադիր կոմիտեի կազմերին, ապա պետք է ասել, որ ստեղծվել է երկու կոմիտեՙ Թուրքիայում եւ Գերմանիայում: Գերմանիայի թուրքական միությունների համակարգման խորհուրդների գլխավոր նախագահ Թահսին Բայարի գլխավորած կոմիտեն, ըստ երեւույթին, կկազմակերպի «Թալեաթ փաշայի արշավը», իսկ Թուրքիայում գործող կոմիտեն պատասխանատու կլինի «Մեծ նախագիծ-2006»-ի իրականացման համար:

Դա գլխավորում է Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մեհմեդ Դյուլգերը: Կոմիտեի կազմում ընդգրկված են Ժողովրդա-հանրապետական եւ «Մայր հայրենիք» կուսակցությունների պատգամավորները, «Ճշմարիտ ուղի» կուսակցության փոխնախագահ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Նյուզհեթ Քանդեմիրը, Բանվորական կուսակցության գլխավոր քարտուղարը, «Թյուրք-իշ» բանվորական արհմիության ղեկավարը, «Քեմալական մտածողության» միության եւ «Մտավորականների օջախի» նախագահներն ու «Մարմարա» համալսարանի դասախոսը:

Խորհրդատվական վարչությունը կազմված է 32 գործիչներից: Վարչության նախագահն է Դենքթաշը, իսկ Դյուլգերըՙ փոխնախագահ: Մնացած գործիչներից հինգը Մեջլիսի պատգամավորներ են, որոնցից երեքըՙ իշխող կուսակցության, ընդ որում այդ պատգամավորներից Թուրան Չոմեզն անցյալ տարի այցելել է Հայաստան, իսկ Նեւզաթ Յալչընթաշը` ԵԱՀԿ-ում թուրք խորհրդարանականների ղեկավարը:

Վարչության կազմում երկուսը Բանվորական եւ «Ազատ» կուսակցությունների գլխավոր նախագահներ են, երեքըՙ «Ազատ» եւ «Ճշմարիտ ուղի» կուսակցությունների փոխնախագահներ, մեկըՙ Ազգայնական շարժում կուսակցության նախկին պատգամավոր, երկուսըՙ նախկին նախարարներ, երկուսըՙ պաշտոնաթող գեներալներ, մեկըՙ դատական գլխավոր խորհրդի պատվավոր նախագահ, հինգըՙ գործող, իսկ երկուսըՙ նախկին ռեկտորներ, մեկըՙ պրոռեկտոր, չորսըՙ դեկան, յոթըՙ տարբեր միությունների ղեկավարներ, որոնց թվում են արհեստակցական երկու միության ու «Կիպրոսի ազգային համակարգման կոմիտեի» ղեկավարները:

Վերոհիշյալ գործիչների մեջ զգալի է նախկին դեսպանների թիվը: Վարչության կազմում ընդգրկված են նաեւ ինստիտուտների ղեկավարներ, բաժնի վարիչներ, տարբեր համալսարանների դասախոսներ, ինչպես նաեւ մամուլի ներկայացուցիչներ ու գործարարներ:

«Մեծ նախագիծ-2006»-ի գործադիր կոմիտեի եւ խորհրդատվական վարչության կազմին կարելի է ծանոթանալ www.ip.org կայքէջում, որտեղ տրվում է նաեւ Բեռլինում նախատեսվող «Թալեաթ փաշայի արշավի» ծրագիրը: Ըստ դրա, 2006 թ.-ի մարտի 15-ին նախատեսվում է մեկ րոպե լռությամբ հարգել հայ ազգի դահիճ Թալեաթի հիշատակը Բեռլինի այն փողոցում, որտեղ նա սպանվել էր, եւ հարգանքի տուրք մատուցել նրան: Մարտի 18-ին ենթադրվում է «Վերջ տալ հայերի կոտորածների վերաբերյալ ստերին» կարգախոսով երթի, ապա եւ հանրահավաքի կազմակերպումը, իսկ մարտի 19-ին հրավիրվում է այսպես կոչված «Թալեաթ փաշայի համագումարը»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4