Ինչպես հայտնի է, ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունն անցյալ հոկտեմբերին համաձայնել էր 17,5 միլիոն դոլար վճարել եղեռնի զոհ դարձած բոլոր նրանց հետնորդներին, ովքեր կյանքի ապահովագրական պոլիսներ ունեին:
Այդ ժամանակ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը գոհունակությամբ նշել էր իր հոդվածներից մեկում, որ տվյալ ընկերության հետ կնքված համաձայնագիրը մեկ առավելություն ուներ նախորդ` «Նյու Յորք լայֆի» հետ կնքված համաձայնագրի համեմատությամբ: Այս մեկում հստակ նշում կար Հայոց ցեղասպանության մասին: Ի հակադրություն նախորդի, որտեղ «1915-ի դժբախտ դեպքեր» արտահայտությունն էր գրված, այստեղ նշվում էր «... հայկական ծագումով մարդկանց, որոնք վախճանվեցին 1915-ին ծայր առած այն դեպքերի հետեւանքով, որ ֆրանսիական կառավարությունը պաշտոնապես ճանաչել է որպես Հայոց ցեղասպանություն»:
Ցավոք, արձանագրում է Հարութ Սասունյանը իր փետրվարի 2-ի հոդվածում, «Աքսայի» վերջնական համաձայնագրի տեքստից հանվել է այս պարբերությունը եւ փոխարենը ավելացվել, որ «Աքսան» ոչ մի դիրք չի բռնում կամ ոչ մի տեսակետ չի արտահայտում 1915-ի ժամանակաշրջանում Թուրքիայում կատարված քաղաքական կամ պատմական իրադարձությունների առնչությամբ եւ վարձահատույց լինելու որոշմանը հանգել է զուտ գործարարական նկատառումներով` պարզապես չվճարված ապահովագրական պայմանագրերը վճարելու պարտավորվածությամբ»:
Տեքստային այս փոփոխությունը, Սասունյանի կարծիքով, հետեւանք է թուրքական ճնշումների: Թուրքական գլխավոր արհեստակցական միություններ եւ քաղաքական պաշտոնյաներ 1999-ից «Աքսայի» գործընկեր «Օյաք» թուրքական արդյունաբերական ընկերության վրա ճնշում են բանեցրել դադարեցնելու ֆրանսիական ընկերության հետ իր համագործակցությունը: Երկու հարյուր հազար քաղաքացիների սպասարկող թուրքական «Մեմուր-Սեն» արհեստակցական ընկերությունը, ըստ իր նախագահ Ահմեդ Աքսուի խոսքերի, նույնպես որոշել է բոյկոտի ենթարկել ֆրանսիական «Աքսային»:
Ի պատասխան այս ճնշումների «Աքսայի» գործադիր մարմինները ստիպված են եղել հայտարարել, ըստ Ֆրանսպրես լրատվական գործակալության, որ «Աքսան որպես մասնավոր սեկտորին պատկանող մի ընկերություն ոչ մի տեսակետ կամ գաղափար չի արտահայտել (կամ արտահայտում) 1915-ին Թուրքիայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Հարցը բացառապես գործարարական պարտավորություններ կատարելու մասին է»:
Հստակ է, շարունակում է Սասունյանը, որ «Աքսան» տեղի է տվել թուրքական ճնշումներին, քանի որ չեն եղել դրանց հակադրվող հայկական «ճնշումները»:
«Բայց դեռ ուշ չէ», հոդվածի վերջում նշում է Սասունյանը, «հայերը պետք է իրենց բողոքի ձայնն արտահայտեն այդ պարբերության վերախմբագրման դեմ մինչեւ ապրիլի 15-ը դիմելով Մ. Նահանգների շրջանային դատարան, պատվարժան Քրիստինա Սնայդերին»:
Հ. Ծ.