Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանը մեկնարկեց երեկ եւ արդեն ավանդաբար նախորդվեց խոսնակի ասուլիսով: Արթուր Բաղդասարյանի վստահեցմամբ, նախընտրական տարին դժվարություններ ենթադրում է եւ կլինեն ուժերի վերադասավորումներ, բայց առկա է 2006 թվականը ոչ միայն 70 օրենքներ, այդ թվում եւ ԱԺ կանոնակարգն ու ընտրական օրենսգիրքը սահմանադրությանը համապատասխանեցնել-ընդունելով, այլեւ նախընտրական կրքերը հնարավորինս քաղաքակիրթ ու կոռեկտ դրսեւորելով նշանավորելու պատրաստակամություն: Համենայն դեպս կոալիցիոն եռյակն այդ դիրքից եւ միասնաբար գործելու վճռականություն է հայտնելՙ ժողովրդավարացման խորացումը երկրի գերակա խնդիր տեսնելով: Հանրաքվեի իրականացումն այդ ճանապարհին լայն քայլ եւ կոալիցիայի ծրագրային նպատակի իրականացում համարելովՙ իշխանական կոալիցիան առնվազն մինչ 2007-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական մեկնարկը համագործակցելու վճռականություն է հայտնել երեկ տարածած հայտարարությունում: «Մենք ամեն ջանք պետք է գործադրենք, որ նախընտրական լարվածությունները չխաթարեն երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող գործընթացները: Դրա երաշխիքը կարող է լինել համագործակցությունը պայմանավորվածությունների, միմյանց եւ միմյանց դիրքորոշումների նկատմամբ փոխադարձ հարգանքը, հստակ կատարումը եւ առկա խնդիրների քաղաքակիրթ քննարկումն ու լուծումը», այս է հայտարարության առանցքը, որին հաջորդում է կոալիցիայից դուրս եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին ուղղված առողջ քաղաքական հարաբերությունների կոչը: Այնուհետեւ միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող ընտրություններ իրականացնելու խոստում է տրվում:
Սակայն կոալիցիայի քաղաքական առողջ հարաբերման եւ համագործակցության որոշումն ավելի շատ ուղղված է սպասվող քաղաքական վերադասավորումներում դիրքերը չզիջելու, նոր ուժերի տարածքը չընդլայնելու, շրջանը փակ պահելու նպատակին:
ԼՂ խնդիրն ու նախընտրական կրքերը
ԱԺ նախագահի կարծիքովՙ այս տարի հնարավոր կլինի ամենայն զգուշությամբ հետեւել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին եւ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար ոչ ընտրական տարին օգտագործել դիրքորոշումները մերձեցնելու եւ երկուստեք ընդունելի փոխադարձ զիջման հիմքով խնդրին լուծում տալու համար: 2006-ը, Արթուր Բաղդասարյանի գնահատականով, ԼՂ հիմնախնդրի լուծման կտրվածքով կարող է լինել հուսադրող եւ առաջընթացի տարի: Իսկ արդյունքի համար, ըստ նրա, կարեւոր է հասարակության եւ խորհրդարանի լիարժեք մասնակցությունը:
Հայ-ռուսական համագործակցություն եւ գազ
Ռուսաստանից ստացվող գազի գնի առնչությամբ էլ Բաղդասարյանն ընդգծեց, որ լինելով հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացման կողմնակից, անհրաժեշտ է համարում ռազմավարական համագործակցության շրջանակների ճշգրտումը: Նրա կարծիքով, գազի սակագնի հետ կապված լուծումներ ՀՀ-ն ու ՌԴ-ն պետք է փնտրեն չմոռանալով, որ այսօր 2.5 միլիոն հայ է ապրում Ռուսաստանում: Առավել ամբողջական քաղաքական գնահատական խոսնակը խոստացավ տալ ավելի հստակ իրավիճակի դեպքում:
Մշակույթի ոչ կուսակցական նախարար
Ոչ «Հայֆիլմի» տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, ոչ էլ «Օրինաց երկիրը» միմյանց որեւէ նախապայման չեն ներկայացրել, համաձայն ՕԵ նախագահի տեղեկացման: Մշակույթի նախարարի պաշտոնում Գեւորգ Գեւորգյանի թեկնածությունը առաջադրելու որոշումը կայացնելիս հաշվի է առնվել վերջինիս հեղինակությունը, որն ապացուցվել է 50-ից ավելի մշակույթի ճանաչված գործիչների, այդ թվում նաեւ մարզերից, Արթուր Բաղդասարյանին ուղղված նամակով, կարեւորվել է նաեւ թեկնածուի վարչական աշխատանքի փորձը: Մշակույթի նախարար դառնելու համար Գեւորգյանը կուսակցությանն անդամագրվելու պարտադրանք չի ունեցել, բայց ծանրակշիռ բարեփոխումներ իրականացնելու համար ոչ միայն նա, այլեւ յուրաքանչյուր ոք ֆինանսական ավելի մեծ միջոցների կարիք ունի: Երեկ նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահն ու կարեւորեց մշակույթի հանդեպ պետական հոգածությունն ամեն տարի մեծացնելու անհրաժեշտությունը:
Բացառիկություն եւս մի հարցում
«Ամեն խորհրդարանում չէ, որ տարիով բոյկոտում են: Արտառոց խնդիր է եւ լուծումն էլ որոշակի արտառոցություն կպարունակի», պատգամավորների բացակայության առնչությամբ հայտարարեց ԱԺ նախագահը, միաժամանակ պնդելով, որ ինքը դեմ է մանդատները վերցնելուն, եւ գտնում է, որ ընդդիմադիր գործընկերները բոյկոտ հայտարարելով ընդունել են քաղաքական որոշում, ինչը սանկցիաներ չպիտի ենթադրի: Արթուր Բաղդասարյանի կարծիքով պատգամավորներին աշխատավարձը պիտի տրվի ըստ հաճախման:
Թռչնագրիպի խնդիրը
Խորհրդարանում նախատեսվում են լսումներ թռչնագրիպի առնչությամբ: Մոտեցումը պետք է լինի 2 ծայրահեղ մոտեցումներից զուրկ: Հարկավոր է չվնասել թռչնաբուծությանը եւ չխլացնել հասարակական ահազանգը, եթե դրա անհրաժեշտությունը կա: Այս կարծիքին է ԱԺ նախագահը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ