Ֆրանսիական գրականության ճանաչված մասնագետ, ձեռագրահավաք Արթին Արթինյանը վախճանվել է Լանտանայում (Ֆլորիդա, ԱՄՆ) 97 տարեկանում, «Նյու Յորք թայմսից» արտատպելով հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Արթինյանը ծնվել է 1907 թ. դեկտեմբերի 8-ին Բուլղարիայի Բազարջիք քաղաքում: 1920-ին ընտանիքը տեղափոխվել է Մ. Նահանգներ եւ հաստատվել Աթելբորոյում (Մասաչուսեթս), որտեղ Արթինը աշխատել է որպես կոշիկ ներկող: Հովանավորների նյութական օժանդակությամբ հաճախել է Բոդուեն քոլեջը, ապա ստացել մագիստրոսի աստիճան Հարվարդ համալսարանից, եւ դոկտորի աստիճան Կոլումբիա համալսարանից:
Բայց նրա նախասիրությունը եղել է ֆրանսիական գրականությունը, եւ նա Անանդեյլ-օն-Հադսոնում (Նյու Յորք) տեղակայված Բարդ քոլեջում ավելի քան 30 տարիներ դասավանդել է այդ առարկան, դառնալով վաստակաշատ պրոֆեսոր եւ ճանաչված հեղինակություն հատկապես Գի դը Մոպասանի գործերի: Նա անգլերեն է թարգմանել եւ խմբագրել գրողի կարճ պատմվածքների ժողովածուն: Նա եղել է նաեւ հմուտ ձեռագրահավաք: Նրա հավաքածուն ընդգրկել է Մոպասանի, Ֆլոբերի, Զոլայի եւ Պրուստի նամակներն ու ձեռագրերը:
Հրապարակել է «Մոպասանի քննադատությունը Ֆրանսիայում 1880-1940 թթ.» հատորը եւ իր որդու` Ռոբերտի համահեղինակությամբ նաեւ` «Մոպասանի քննադատության հարյուրամյա մատենագրություն-1880-1979 թթ.» հատորը :
Ամուսնացած է եղել Ֆլոբերի ճանաչված մասնագետ ամերիկացի Մարգարետ Ուիլարդ Վուդբրիջի հետ, որն իրենից մի քանի ամիս առաջ է մահացել:
Հ. Ծ.