Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության 27-րդ տարեդարձի առիթով կազմակերպված «Այգաբացի տասնօրյակի» շրջանակներում երեկ Խնկո Ապոր անվան հանրապետական գրադարանում բացվեց իրանական ընթերցասրահ: Միջոցառման առիթով ներկաներին ողջունեց ու շնորհակալական խոսք ասաց գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: ՀՀ մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանը բարձր գնահատելով երկու երկրների դարավոր բարեկամական կապերը, նշեց, որ պահանջարկ կա իրանական գրականության եւ լեզվի նկատմամբ ու այս բացվող ընթերցասրահով հնարավորություն է ընձեռվում մոտիկից ծանոթանալու իրանական գրականությանը, մշակույթին, պոեզիային, պատմությանը: Հայ-իրանական բարեկամությունը բարձր գնահատեց նաեւ Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի գծով խորհրդական Ռեզա Աթուֆին, իր խոսքում նշելով, որ այս համագործակցությունը ունենալու է շարունակություն եւ մշտապես ընթերցասրահը հարստացվելու է նոր գրքերով ու հավաքածուներով:
Մոտ 800 կտոր տարբեր ժանրերի գրականությունով հարստացավ Խնկո Ապոր անվան գրադարանը, որն իր գործունեության 73 տարիների ընթացքում կարողացել է ֆոնդագրել կես միլիոն կտոր գիրք, ձայներիզներ: Գրադարանում գործում է նաեւ գերմանական գրականության ընթերցասրահ: 2005 թ. գրադարան հաճախողների թիվը եղել է 200.000, որից մշտական ընթերցողները եղել են 20 հազար 100 երեխա: Տարվա ընթացքում, ինչպես նշեց տիկին Տոնոյանը, անց են կացվում բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ: Գրադարանը սերտ համագործակցում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԳՖՀ-ի դեսպանատների հետ, ու համատեղ «Գրքի շաբաթ» միջոցառումներ են նախատեսվում անցկացնել այս տարի: Իսկ Հնդկաստանի դեսպանության հետ մշակվել է մարզային ծրագիր մանկատան երեխաների համար, որի ընթացքում կցուցադրվեն մանկական տիկնիկային ներկայացումներ, գրքեր ու ձայնագրություններ:
Գրադարանի սաները երկու լեզվով ներկայացրին ողջույնի ուղերձը, որով ազդարարվեց նոր ընթերցասրահի բացումը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ