Եվրոհանձնաժողովը գտնում է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ին իր անդամակցության «անվերապահ» բանակցություններ սկսել որոշ բնագավառներում: Ուստի հանձնաժողովը երեկ ԵՄ անդամ պետություններին ներկայացրած զեկուցագրում հանձնարարում է Թուրքիայի հետ սկսել անդամակցության առաջին կոնկրետ բանակցությունները: Խոսքն առայժմ վերաբերում է գիտությանը եւ հետազոտական աշխատանքին:
«Ֆիգարո» թերթի տվյալներով, այս շաբաթ Եվրոհանձնաժողովը ԵՄ պետություններին կառաջարկի Թուրքիայի հետ բանակցություններ սկսել նաեւ կրթության եւ մշակույթի բնագավառներում: Խոսքն ուսանողների փոխանակման եւ մասնագիտական վերապատրաստման մասին է:
Թուրքիայի անդամակցությունը նախապատրաստող այս բանակցությունները կծավալվեն ԵՄ-ում նախնական քննարկումից հետո: Ընթացիկ կիսամյակում ԵՄ նախագահն Ավստրիան է, որը Թուրքիայի անդամակցությանն առավել շատ ընդդիմացող երկրներից է:
ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիայից պահանջվում է սեփական օրենսգրքում ընդգրկել Եվրոմիության իրավական փաստաթղթերի 35 թեմաներ, որոնք եվրոպական օրենսդրության մեջ կազմում են ավելի քան 55000 էջ: Թեմաներից յուրաքանչյուրի բացումն ու փակումը պետք է ստանա ԵՄ 25 անդամների միաձայն հավանությունը:
Եվրոպայի դիվանագետներից մեկը այս կապակցությամբ նշում է, որ անդամակցության բանակցությունները դժվար են լինելու, քանզի «առկա է վետոյի 70 առիթ»: ԵՄ-ում Թուրքիայի ամենախիստ դատավորներն են Կիպրոսը, Ավստրիան եւ Ֆրանսիան:
Հետագայում Եվրոհանձնաժողովը Թուրքիայի հետ քննարկելու է ավելի բարդ թեմաներ (շուկաներ, մրցակցություն եւ այլն): Եվ միայն վերջում հերթը կհասնի խնդրահարույց գյուղատնտեսությանը, արդարադատությանը եւ մարդու հիմնարար իրավունքներին:
Ենթադրվում է, որ 2006 թ. սեպտեմբերին Անկարան կունենա ամբողջական «օրագիր», որտեղ դրական կամ բացասական գնահատականներ կլինեն հիշյալ 35 թեմաներից յուրաքանչյուրի առնչությամբ: Փորձագետները կարծում են, որ Թուրքիայի գործը շատ դժվար է լինելու: