«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2006-02-04 | #21, 2006-02-07 | #22, 2006-02-08


ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԿՇՈՇԱՓՎԻ՞ ՔՈՉԱՐՅԱՆ -ԱԼԻԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Մինչ Հայաստանի կառավարությունը մտածում է Նախիջեւանի հայկական ճարտարապետական ու պատմական հուշարձանների ոչնչացման դեմ պայքարի պետական մարտավարություն մշակելու մասին, հայոց հուշարձանների պաշտպանության համահայկական հանձնախումբն առաջարկում է, որ Ադրբեջանի նախագահի հետ Փարիզում փետրվարի 10-ին կայանալիք բանակցությունների ժամանակ նախագահ Քոչարյանը պետք է Արցախի հիմնախնդրի բանակցությունները շարունակելու նախապայման հայտարարի Նախիջեւանի հուշարձանների հարցի արծարծումն ու վերջնական լուծումը: Այլապես ընթացող բանակցություններին զուգընթաց Ադրբեջանը շարունակում է 1998 թվականից սկսած Նախիջեւանի հայոց հուշարձանները, եկեղեցիները, ինչպես նաեւ Հին Ջուղայի X-XVII դարերի խաչքարերը ոչնչացնելու գործողությունները: Նախիջեւանի հայոց միջնադարյան եկեղեցիները, գերեզմանատների տապանաքարերն ու խաչքարերը ոչնչացնելը քրեորեն պատժելի մշակութային ցեղասպանություն է, որի համար Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխան տա միջազգային արդարադատության դատարանում եւ վերադարձնի ջարդուխուրդ արած խաչքարերի վերջին բեկորները: «Նախագահը պետք է պահանջի, որ ՄԱԿ-ը եւ Եվրոխորհուրդը Նախիջեւանը հայտարարեն մշակութային միջազգային արգելոց, ստեղծեն Հայաստանի ու տարբեր երկրների մասնագետներից կազմված հետազոտական խմբեր, որպեսզի նրանք հաշվառեն, վավերագրեն ու չափագրեն տարածքի հայկական հուշարձանները: Պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ոչնչացված հուշարձանների ու դրանց վերականգնման արժեքը Ադրբեջանից բռնագանձելու համար: Այդ պետությանը պետք է պարտադրվի Նախիջեւանի հուշարձանների պահպանության համար այնտեղ մտցնել միջազգային զորամիավորումներ», գիտությունների ազգային ակադեմիայում երեկ հրավիրած հերթական քննարկման ժամանակ հայտարարեց հանձնախումբը:

Ռաֆայել Համբարձումյանը դարձյալ փաստեց, որ մշակույթ ոչնչացնող Ադրբեջանն իր սեւ գործն արդեն արել է, Հին Ջուղայի խաչքարերն այլեւս չկան, եւ ներկա պահին մեր երկրի նախագահը պետք է ողջ հանրապետության անունից պահանջի դատի դալ Ադրբեջանին ու վտարել ՅՈՒՆԵՍԿՕ-ից:

Որքան էլ զարմանալի է, ՅՈՒՆԵՍԿՕ-ն բավականին ներողամիտ գտնվեց համաշխարհային մշակութային հարուստ ժառանգությունների թվին պատկանող Հին Ջուղայի խաչքարերը անխնա ոչնչացնող Ադրբեջանի նկատմամբ: Նա բավարարվեց միայն վերջինիս գործողությունները որպես հանցավոր բնութագրելով, ինչն այս դեպքում մեղմ է հնչում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4