Կյանքի ու կենսակերպի զարգացմանը զուգընթաց մեծանում է հասարակության ակտիվությունը հասարակական-քաղաքական գործընթացներում: Այսօր չկա մարդ, որ որոշում կայացնելու ցանկություն չունի: Սրանք դիտարկումներ են, որ անում էին երեկ տեղեկատվության ազատության օրենքի վերաբերյալ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած քննարկման բանախոսները: Նրանց դիտարկմամբՙ ընդունված օրենքն այսօր անհրաժեշտ կիրառություն չունի, պետական պաշտոնյաները, նույնիսկ դատարանի որոշման առկայության դեպքում, օրենքը խախտելու համար չեն պատժվում:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը ներկայացրեց մի շարք դեպքեր, երբ պաշտոնյաները չարաշահել են օրենքը եւ հրաժարվել քաղաքացուն անհրաժեշտ ինֆորմացիա տրամադրելուց: Մասնավորապես Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը հրաժարվել է տրամադրել մարզպետարանի 2005 թվականի գործունեության հաշվետվությունը, դրա համար էլ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցով հայտնվել է դատական քաշքշուկի մեջ: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Քլղաթյանն էլ կամեցել է անձամբ ճանաչել նրանց, ովքեր հանդգնել են տեղեկություն ստանալու պահանջով դիմել քաղաքային իշխանություններին: Այս ցանկում են նաեւ Երեւանի, Գյումրու քաղաքապետները, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը:
Փաստորեն օրենքի ընդունումը բավարար չէ եւ պաշտոնյաներին չի ստիպում ենթարկվել դրան: Մնում է հուսալ, որ դատական ատյաններում հաղթանակները եւ դրանց լուսաբանումը պաշտոնյաների վարքի վերանայման հիմք կդառնան:
Թ. Մ.