«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2006-02-04 | #21, 2006-02-07 | #22, 2006-02-08


«ԴԱ ՄԵՐ ՊԱՐՏՔԸ ՉԷ, ԱՅՍ ՊԱՏԵՐԻՆՆ Է»

Նոր Նորքի ուսանողական ավանի 1800 բնակիչ վտանգի եզրին է

Տիկին Թագուհու որդին, որ մի քանի ամսից Քելբաջարում ավարտելու է զինծառայությունը եւ վերադառնալու է Երեւան, պարզ չէ` որտեղ կգիշերի: Պարզ չէ եւս 1800 բնակիչների միակ օթեւանի ճակատագիրը: Ամենաաղքատ խավի այս ներկայացուցիչները, որ կարող են օրերով սոված ապրել, լույս, գազ, ջուր չունենալ, բնակվում են կրթության եւ գիտության նախարարության հաշվեկշռում գտնվող Նոր Նորքի ուսանողական հանրակացարանի չորրորդ եւ հինգերորդ մասնաշենքերում: «Նոր Նորք ուսանողական ավան» ՓԲԸ-ն «Հայգազարդ» ՓԲԸ-ին պարտք է 41.695.249 դրամ: Կատարողական վարույթով հարկադիր աճուրդի է ներկայացվել ուսանողական ավանի հինգերորդ շենքը 47.400.000 դրամ մեկնարկային գնով: Աճուրդը պետք է տեղի ունենար երկու օր առաջ, սակայն բնակիչների բողոքներից հետո կասեցվել է 21 օրով:

Երեկ բնակիչները մամուլի ասուլիս էին հրավիրել, որտեղ ներկայացնում էին իրենց հուզող խնդիրները եւ առաջարկները: Շուրջ 500 ընտանիքից բաղկացած այս փոքրիկ համայնքը 5 հոգանոց խորհուրդ է ստեղծել, որը հանձն է առել պատկան մարմիններին ներկայացնել խնդիրը: Հինգերորդ մասնաշենքի բնակչուհի Ոսկեհատ Սահակյանը պնդում էր, որ այս գումարը կուտակվել է երկար տարիներ հանրակացարանի 9 մասնաշենքերի բնակիչների պարտքերից, սակայն այսօր, երբ մի շարք մասնաշենքեր սեփականաշնորհված են եւ արդեն բարեկարգ, խեղճ բնակիչներն են տուժում ու հայտնվում փողոցում: Խորհրդի անդամները խոսեցին նաեւ իրենց կոմունալ եւ կենցաղային վատագույն պայմանների մասին, սակայն նշում էին, որ դա իրենց միակ օթեւանն է եւ ամեն գնով պատրաստ են պայքարել չկորցնելու համար:

Բնակիչները սեփականաշնորհման պահանջ են ներկայացրել, սակայն նշում են, որ ի վիճակի են վճարել անհրաժեշտ գումարի մի քանի տոկոսը: «Հայխնայբանկի» Արաբկիրի մասնաճյուղում հաշվեհամար են բացել (160638661852)` հույս ունենալով, որ հնարավորության դեպքում հայրենակիցները կաջակցեն եւ հնարավորություն կտան այս բնակիչներին մեկնարկային գնով ձեռք բերելու հինգերորդ մասնաշենքը:

Բնակիչներից Էդիկ Շահնազարյանը նշեց, որ խնդրանքով դիմում են հնարավոր բոլոր կառույցներին` Նոր Նորքի թաղապետարանին, կրթության եւ գիտության նախարարությանը, «Հայգազարդին», որ օգնեն բնակիչներին որոշ զիջումների գնալու եւ լուծելու այս խնդիրը: «Դա մեր պարտքը չէ, այս պատերի պարտքն է, չգիտենք` մեզանից առաջ ով է այստեղ ապրել եւ պարտքեր գումարել: Ողջ գումարից 1.200.000 է մեր բնակիչների պարտքը», նշեց Էդիկ Շահնազարյանը:

Երկու օր առաջ կառավարությունում ընդունել են բնակիչներին եւ հավաստիացրել, որ գործը ընթացքի մեջ է: Բնակիչները հույս ունեն, որ 21 օրվա ընթացքում ուրիշի պարտքի պատճառով նրանք փողոցում չեն հայտնվի:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4