Ռ. Դավթյանի «Ավ. Իսահակյան. ճարտարապետություն. կերպարվեստ»
Մեր հեղինակը տարիներ շարունակ զբաղվում է մեր մեծ բանաստեղծների (Թումանյան, Իսահակյան, Չարենց) արձակ թե բանաստեղծությամբ, էսսեատիպ կամ հոդվածատիպ, նամակների թե հիշատակարանի կամ աֆորիզմների ձեւով արտահայտված այն մտքերով, որոնք վերաբերում են ճարտարապետությանը, կերպարվեստին եւ երաժշտությանը:
Սույն աշխատությունը այս անգամ նվիրված է մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի խոհերին կերպարվեստի ու ճարտարապետության մասին: Գրքի գրախոսն է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Ա. Թորամանյանը, խմբագիրը` բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանըՙ Վարպետի թոռը: Այսինքն այն կարդացված եւ խմբագրված է գիտակ մասնագետների կողմից:
Քանի որ Իսահակյանը, ինչի մասին էլ գրեր` հայրենի, թե օտար եզերքների, միշտ էլ մնում է ամենախորքային խոհական ու քնարական ազգային բանաստեղծը, ապա նա ճարտարապետության թե կերպարվեստի մասին խորհում է հենց ազգային խորքի ու ազգային ապագայի տեսակետից, ուրիշ խոսքով նա չի պատկերացնում «համամարդկայինն» առանց «ազգայինի»: Ազգային ճարտարապետության ու կերպարվեստի իսահակյանական իմացությունը ինտուիտիվ է ու կենդանի: Նա բախտ է ունեցել մանկուց մոտիկից ճանաչելու հայրենի Շիրակի եւ հատկապես Անիի հուշարձանները, երազել ապրել այնտեղ եւ մեռնել Անիի պաշտպանների հետ: Այդ առումով Վարպետը հարազատ է մեր մեծ լուսավորչին` Խաչատուր Աբովյանին: Նրա բոլոր օրգանները եւ ծակոտիները շերտ-շերտ հագեցած են ազգային բույրով, երգով, պատմությամբ, ճարտարապետությամբ եւ կերպարվեստով:
Նա բանաստեղծական մեծ զարմանքով ու խանդաղատանքով է խոսում, հպարտությամբ արտահայտվում Թորամանյանի, Թամանյանի, Բաշինջաղյանի, Թերլեմեզյանի, Սարյանի, Քոչարի եւ այլ մեծերի մասին, նրա բանաստեղծական զարմանալի հոգում Ռավեննան արթնացնում է Արարատը եւ հավերժությունը: Այդ մշակների ձգտումներն ու գործը հենց իր ձգտումներն են եւ իր գործը: Վարպետը երբեք չի մանրանում, նրա խոհերը նման են իրոք «աֆորիզմների», «վիմագրությունների», «էպիգրամների»: Անտիկ շրջանից մեզ հայտնի են իրարամերժ տեսություններ, թե ինչ է պոեզիայի ոլորտը, ինչ է կերպարվեստի ոլորտը, որ պոետն է իր բանաստեղծությունները հարստացնում նկարչությամբ, որ նկարիչը` իր գործերը պոեզիայով: Լեսինգի համար Արիոստոյի նկարչագեղ պոեզիան շատախոսություն է, Կրոչեի համար` կատարյալ գեղարվեստական արտահայտություն: Իսահակյանը չի մանրանում. «Նկարչությունը թանձրացած, նյութական, մարմնացած բանաստեղծություն է, իսկ բանաստեղծությունը` վերացական, ոգիացած նկարչություն»: Բոլոր արվեստներն էլ մեր ոգու, մեր խոհերի, մեր կյանքի, մեր տենչերի ու երազների իրականացումն են: Այս է Իսահակյանը: Այդպես էլ Ռոբերտ Դավթյանը ներկայացնում է մեծ Վարպետին, իբրեւ ճարտարապետությամբ եւ կերպարվեստով վերապրող մարդու, որոնք նրա համար նույնն են, ինչ իր ժողովրդի պատմությունը, կյանքն ու կենցաղը, սերը, իր երկրի բնությունը, ավանդությունները, բոլոր ժողովուրդների էպոսները:
Ահա իսահակյանական մեծ ներքնաշխարհի խորքերը համապրելու համար շնորհակալ ենք Ռոբերտ Դավթյանին:
ՎԻԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր