Աբրահամ Խաշմանյանը երիտասարդ սերնդի մեր հեռանկարային մարզիչներից է, ով արդեն մարզչական գործունեության որոշակի փորձ ունի` հաջողությամբ աշխատելով Աշտարակի «Միկայում»: Ժամանակին նա հանդես է եկել Երեւանի «Արարատում», ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնություններում` աչքի ընկնելով տեխնիկական վարպետությամբ: Բոլորովին վերջերս Աբրահամ Խաշմանյանը հրավիրվել է «Արարատ» եւ օգնում է թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանին:
- Աբրահամ, ինչո՞վ էր պայմանավորված «Միկայից» «Արարատ» քո տեղափոխությունը:
- Երբ Սուրեն Բարսեղյանը գլխավորեց «Արարատը», առաջարկեց միասին աշխատել թիմում, օգնել իրեն մարզչական աշխատանքում: Մեծ սիրով եւ ուրախությամբ ընդունեցի առաջարկը, քանի որ միմյանց լավ ենք ճանաչում թե՛ պրոֆեսիոնալ աշխատանքում, թե՛ առօրյա կյանքում: Մոտ 2,5 տարի միասին աշխատել ենք «Միկայում», դրանից առաջ նրա գլխավորությամբ խաղացել եմ Լիբանանում, արաբական «Ախալեյ» թիմում: Ավելին ասեմ: Այնպես է ստացվել, որ ֆուտբոլում առաջին քայլերս կատարել եմ հենց Սուրեն Բարսեղյանի ղեկավարությամբ: 7 տարեկան էի, երբ հաճախում էի ֆուտբոլի մարզադպրոց, որտեղ Սուրեն Բարսեղյանն իմ առաջին մարզիչն էր: Կարծես թե ճակատագրով կապված ենք միմյանց, մեր ճանապարհները բազմիցս հատվել են: Դա երեւի պայմանավորված է այն բանով, որ մեր միջեւ փոխըմբռնում գոյություն ունի, կարելի է ասել` կես խոսքից հասկանում ենք միմյանց: Սուրեն Բարսեղյանն, իրոք, բանիմաց ու փորձառու մարզիչ է, որից շատ բան եմ սովորել ու դեռեւս շատ բան ունեմ սովորելու:
- Դժվար չէ՞ր հեռանալ «Միկայից», բաժանվել մի կոլեկտիվից, որտեղ խաղացել ես, հետագայում սկսել մարզչական գործունեությունդ:
- Վեց տարի «Միկայում» եմ եղել: 1,5 տարի հանդես եմ եկել թիմում, եղել եմ ավագը: Երբ թիմն առաջին անգամ գավաթակիր դարձավ, պատվավոր մրցանակը գլխավերեւում պահելու հաճույքն առաջինը ես վայելեցի` որպես թիմի ավագ: Այնուհետեւ որպես երկրորդ մարզիչ աշխատել եմ տարբեր գլխավոր մարզիչների հետ:
Նշեմ, որ «Միկայից» հեռացել եմ իմ կամքով: Գտնում եմ, որ լավ մարզիչ դառնալու համար անհրաժեշտ է տարբեր կոլեկտիվների հետ աշխատել, շփվել տարբեր խաղաոճի ֆուտբոլիստների հետ: Իսկ գլխավորը` աշխատել բանիմաց մարզիչների հետ, որպեսզի նրանցից սովորես ու կատարելագործվես: Որպես մարզիչ` իմ աճը «Միկայում» արդեն կանգ էր առել, ուստի անհրաժեշտ էր փոխել կոլեկտիվը: Ճիշտ է, «Միկան» արդեն բավական ձեւավորված կոլեկտիվ է: Սակայն չպետք է մոռանալ, որ «Արարատը» եղել է հայկական ֆուտբոլի դրոշակակիրը, խորհրդանիշը եւ այսօր էլ մեծ հեղինակություն է վայելում: «Արարատը» մնում է «Արարատ» եւ արժանի է լավագույն եռյակում տեղ զբաղեցնելուն: Իսկ դրա համար մեծ ծավալի աշխատանք պիտի կատարել:
- Դու մասնակցեցիր թիմի առաջին հավաքին: Արդեն հասցրե՞լ ես ծանոթանալ ֆուտբոլիստների խաղային ունակություններին:
- Ընդամենը երկու շաբաթ եմ «Արարատում», ուստի ինձ համար դեռեւս վաղ է խոսել թիմի հնարավորությունների մասին: Նոր եմ սկսել ծանոթանալ ֆուտբոլիստներին, թեեւ ոմանց ճանաչում եմ, աշխատել եմ հետները: Խոսքը փորձառուների մասին է, որոնց հարգում եմ եւ Հայաստանի չափանիշներով լավ ֆուտբոլիստներ եմ համարում: Աստիճանաբար կմերվեմ կոլեկտիվի հետ:
- Դու գերազանց հանձնեցիր ՈւԵՖԱ-ի մարզչական դասընթացների քննությունն` արժանանալով «A» կարգի արտոնագրի, ինչի առթիվ շնորհավորում եմ քեզ: Ի՞նչ տվեցին այդ դասընթացները:
- Դա, փաստորեն, մարզչական դպրոց է: Մեր ուսումը վեց ամիս տեւեց, ինչը կարճ ժամանակ չէ: Այն բավական է, որ գիտելիքներ ձեռք բերես, եթե, իհարկե, ունակություններ ունես: «A» կարգի արտոնագիրն իրավունք է տալիս մարզելու մանկապատանեկան եւ մինչեւ 21 տարեկանների երիտասարդական թիմեր: Ունենք երիտասարդ լավ մարզիչներ, որոնց հետ այժմ նախապատրաստվում ենք «B» կարգի արտոնագիր ստանալ: Այդ դասընթացները կազմակերպվելու են սեպտեմբեր-հոկտեմբերին: Դա հնարավորություն կտա որպես գլխավոր մարզիչ աշխատել բարձրագույն խմբի թիմերում: Դրանից հետո արդեն գալիս է «Pro» կարգը, որը հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած երկրի հավաքական թիմերում աշխատել: Գտնում եմ, որ ֆինանսական առումով դա դեռեւս մեզ համար անհասանելի է, քանի որ, եթե չեմ սխալվում, 25 հազար դոլար պետք է վճարել դասընթացներին մասնակցելու համար: Եթե չհանձնեցիր քննությունները, ապա կրկին պետք է նույնքան վճարես: «A» եւ «B» կարգերի արտոնագրերի համար վճարն անհամեմատ ցածր է: Այդ գումարի 50 տոկոսն իր վրա էր վերցրել ՀՖՖ-ն, մյուս մասը պետք է վճարեին կա՛մ մարզիչները, կա՛մ էլ ակումբները: Իմ պարագայում գումարը վճարեց «Միկան»: Նշեմ, որ վեց մարզիչներս գերազանց հանձնեցինք «A» խմբի արտոնագրի համար նախատեսված քննությունները:
- Այս տարի նախատեսվում է առաջնությունն անցկացնել երկու շրջանով, այսինքն` յուրաքանչյուր թիմ ընդամենը 20 խաղ կանցկացնի: Դա քիչ չէ՞ առաջնության նորմալ ընթացքի համար:
- Ճիշտն այն է, որ բոլոր թիմերը հնարավորություն ունենան նորմալ պատրաստվելու ու առաջնությանը մասնակցելու: Սակայն գրեթե յուրաքանչյուր տարի 1-2 թիմ ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվում է առաջնությունից: Կողմնակից եմ շատ թիմերի առկայությանը: Իսկ այս տարվա առաջնությունը ցանկալի կլիներ անցկացնել 2 փուլով: Առաջին փուլում թիմերը երկու շրջանով 20-ական խաղ կանցկացնեին, երկրորդ փուլում լավագույն վեցյակը կրկին երկու շրջանով կվիճարկեր մրցանակային տեղերը, մյուսները նույն ձեւով կպայքարեին բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար: Արդյունքում` թիմերը կանցկացնեին 30 կամ 28-ական խաղ:
- Ինչպե՞ս ես վերաբերվում լեգեոնականների հրավիրմանը:
- Դրական: Սակայն լեգեոնականը պետք է բարձր խաղամակարդակ ունենա, որ մեր ֆուտբոլիստները նրանից ինչ-որ բան սովորեն: Հաճախ թիմ են հրավիրվում այնպիսի լեգեոնականներ, որոնք ոչնչով առավել չեն մեր ֆուտբոլիստներից, նույնիսկ ինչ-որ տեղ էլ զիջում են մերոնց: Սակայն մեր ֆուտբոլիստներից երեք անգամ բարձր են վարձատրվում: Դժվարանում եմ ասել, թե նման դեպքերում ինչու են նրանց թիմ հրավիրում: Գուցե հարցի պատասխանը կարող են տալ ակումբի ղեկավարները:
- Իսկ ի՞նչ կասես դրսից մարզիչ հրավիրելու փաստի առթիվ:
- Եթե իրոք լավ մասնագետ է, բնականաբար, մենք էլ ենք շահում, սովորելու բան կունենանք նրանից: Ինքս շատ ուրախ կլինեմ նման մարզիչների հետ աշխատել, սովորել նրանցից: Սակայն դեռեւս չհրավիրված, աշխատանքի արդյունքը չտեսած, հաճախ սկսում են գովաբանել մարզչին: Երբեմն տեսակետներ են հնչում, թե մենք որակյալ մարզիչներ չունենք: Համաձայն չեմ: Ունեցել ենք եւ այժմ էլ ունենք: Կթվարկեի Սուրեն Բարսեղյանին, Սամվել Դարբինյանին, Վարուժան Սուքիասյանին, Արկադի Անդրեասյանին, Սամվել Պետրոսյանին, որոնք, իմ կարծիքով, հայկական ֆուտբոլին շատ բան են տվել եւ այժմ էլ ընդունակ են օգտակար լինել: Ներկայում երիտասարդ մարզիչների սերունդ կա, անուններ չեմ ուզում տալ, որ մոտ ապագայում հայկական ֆուտբոլի ղեկը նրանց ձեռքում է լինելու: Նրանք պետք է ապահովեն հայկական ֆուտբոլի առաջընթացը, շատ լավ ծանոթ եմ նրանց հետ, շատ աշխատասեր են, նրանց ֆուտբոլային մտածելակերպը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, որոնցից շատ ենք հեռու մնացել: Մեր լավագույն մարզիչներից նրանք պետք է ընդունեն հերթափոխը:
- Ի՞նչ ես կարծում, միայն ՈւԵՖԱ-ի կազմակերպած մարզչական դասընթացներին մասնակցելը բավակա՞ն է մեր երիտասարդ մարզիչներին:
- Ոչ: Ճիշտ է, արտոնագիր ստացել ենք, սակայն դա բավարար չէ: Մարզիչը պետք է աշխատի, կատարելագործվի, գործնականը համատեղի տեսականի հետ, հնարավորություն ունենա ստացած գիտելիքները կիրառելու գործնական աշխատանքում: Ֆուտբոլի ֆեդերացիան այդքան հնարավորություն չունի, որ մարզիչներին գործուղի արտերկրի առաջատար ակումբներ` փորձ ձեռք բերելու: Այդ հարցում պետք է նաեւ ակումբները զբաղվեն, աջակցեն երիտասարդ մարզիչներին: Այդ դեպքում մոտ ապագայում մենք շատ լավ մարզիչներ կունենանք:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ