«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2006-02-07 | #22, 2006-02-08 | #23, 2006-02-09


«ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԸ ՀԱՅՈՑ ԱՐՅԱՄԲ ՆՎԱՃՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆ Է ԹՈՒՐՔԵՐԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում «Հայոց համաշխարհային գործակցություն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «Հայրենատիրություն» մատենաշարի առաջին հատորիՙ «Հայաստանի ազատագրված տարածքը եւ Արցախի հիմնախնդիրները. վերլուծական եւ փաստագրական նյութերի ընտրանի» ժողովածուի շնորհանդեսը: 369 էջանոց այս ժողովածուն կազմել եւ խմբագրել է գործակցության տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը:

Ժողովածուն բաղկացած է 5 առանձին գլուխներից, ունի ներածություն եւ հեղինակների մասին տեղեկության բաժին: Այնտեղ զետեղված են 30 հեղինակների 34 հոդվածներ, որոնք ի մի են բերում ազատագրված տարածքի վերաբերյալ փորձագիտական միտքը: Հեղինակները Հայաստանի ազատագրված տարածքի հիմնախնդրին անդրադառնում են Հայկական հարցի ընդհանուր համատեքստում, գնահատում այդ տարածքի ռազմավարական նշանակությունն արդի Հայաստանի (ներառյալ ՀՀ ու ԼՂՀ) անվտանգության համար, տալիս են դրա հայկական պատկանելության իրավական հիմնավորումները, լուսաբանելով ժողովրդագրական, տնտեսական եւ մշակութային խնդիրները:

Թեմայի ընտրությամբ, բարձրացված հարցերի հրատապությամբ եւ մոտեցումների հիմնավորմամբ եզակի այս ժողովածուն լուրջ ներդրում է ինչպես արդի Հայաստանի անվտանգության ամրապնդման, այնպես էլ Արցախի հիմնահարցի արժանապատիվ լուծման մեջ:

Շնորհանդեսում բացման խոսքով ելույթ ունեցավ Արմեն Այվազյանը: Նա նշեց, որ ժողովածուն ստեղծվել է շատ սեղմ ժամկետում, եւ դա պայմանավորեց 2005 թ.-ի վերջին 2006 թ.-ի սկզբին սաստկացած լուրերով, ըստ որոնց Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստվում են ստորագրել 1-2 էջանոց նախնական փաստաթուղթ, որը նախատեսում է հայկական ուժերի դուրսբերումը ազատագրված տարածքներից: Այվազյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ազատագրված տարածքի հիմնախնդիրները դիտարկվում էին Հայկական հարցից կտրված, մինչդեռ այդ հարցը ենթադրում է «հայ ժողովրդի Հայկական լեռնաշխարհում անկախ եւ ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների» ստեղծումը:

Նրա բնորոշմամբ, «Հայկական հարցի լուծումը կարող է լինել միայն հայոց պետականության վերականգնում եթե ոչ ամբողջ Հայաստանում (350 հազար քառ. կմ), ապա առնվազն նրա այնպիսի ընդարձակ հողատարածքում, որտեղ հնարավոր է հայոց քաղաքակրթության անվտանգ գոյությունն ու զարգացումը»:

Վերջում Այվազյանն ավելացրեց. «Ազատագրված տարածքն արդի Հայաստանի աշխարհաքաղաքական կարեւորության ու միջազգային հեղինակության ծանրակշիռ գրավականն է, հայկական զույգ պետությունների անվտանգության երաշխիքը եւ վերջապեսՙ թուրքական եւ ադրբեջանական ցեղասպանությունների դիմաց հայոց արյամբ ցայսօր նվաճած արդար, թեկուզ եւ նվազագույն փոխհատուցումը»:

Մարդու իրավունքների գծով փորձագետ Հայկ Ալումյանը լրացրեց նրան, ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանական ԽՍՀ-ի ենթակայության տակ ժամանակին մասնատվել է, եւ նրանից տարանջատվել Քարվաճառը, Լաչինը, Ղուբաթլուն, ինչպես նաեւ Խանլարի շրջանը: Հետեւաբար մենք ազատագրել ենք ինքնավար մարզից արհեստականորեն տարանջատված եւ հակաիրավական գործողություններով Ադրբեջանին բռնակցված տարածքները:

Նա միաժամանակ ընդգծեց, որ ԼՂՀ-ն օգտվելով ազգային ինքնորոշման իրավունքից ազատություն է ձեռք բերել, իսկ պետությունները նույնիսկ միջազգայնորեն ճանաչված լինելու կամ չլինելու հանգամանքից անկախ իրավահավասար են: Ղարաբաղյան հերոսամարտի հերոսներից Արկադի Տեր-Թադեւոսյանը նշեց, որ բանակցություններում ազատագրված տարածքների նույնիսկ աննշան մասի հանձնումը կհամարվի Հայաստանի միակողմանի զիջումն Ադրբեջանին, իսկ դա սահմանների վերանայման նկրտումներում կխրախուսի վերջինին: Նա հիշեցրեց Թուրքիայի քաղաքականության մասին եւ դրա շարունակությունը համարեց այն, որ առ այսօր Սեւանին եւ Զանգեզուրին հավակնող Ադրբեջանը քննարկում է, թե ով է լինելու ապագա Երեւանի ադրբեջանցի ղեկավարը:

Մահապարտների միության փոխնախագահ Գագիկ Գինոսյանը նույնպես անընդունելի համարեց ազատագրված տարածքների զիջումը եւ դա հիմնավորելու համար նշեց. «Մեր դիրքերը շատ բարենպաստ են, իսկ սահմանները թերեւս միայն արեւելքից պաշտպանված չեն: Զիջելու դեպքում ինքնաբերաբար կմեծացնենք շփման գծերը, իսկ միայն Լաչինը մեր ձեռքում պահելու պարագայում խոցելի կդառնան ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի սահմանները, կփոքրանա ճակատի ռազմավարական խորությունը: Դա սպառնալիքի տակ կդնի Մեղրիի շրջանը եւ կմեծացնի Ստեփանակերտի խոցելիությունը նույնիսկ համազարկային զենքերի համար»:

Ելույթ ունեցավ նաեւ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» կազմակերպության երեւանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը. «Ազատագրված տարածքները մեր հայրենիքի անքակտելի մասն են: Դրա խոսուն վկայությունը մեր ճարտարապետական հուշարձաններն են ու դրանց վայրագ ոչնչացումն Ադրբեջանում: Հետեւաբար մենք պետք է բացառենք «Հող թղթի դիմաց» տարբերակը, որպեսզի կանգուն մնան մեր հուշարձանները»:

Մեզ մնում է ավելացնել, որ վերոհիշյալ ելույթներն առանձնակի նշանակություն հաղորդելով շնորհանդեսինՙ նպաստեցին, որ արտացոլվի «Հայաստանի ազատագրված տարածքները եւ Արցախի հիմնախնդիրները» ժողովածուի անժխտելի բարձր մակարդակը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4