Ադրբեջանի անզիջում դիրքորոշումը պակասեցրել է փարիզյան հանդիպման լավատեսությունը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը շտապ մեկնել է Փարիզ, ուր փետրվարի 10-11-ը նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Պանարմենյեն.նեթ» ինտերնետային էջի հաղորդմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի գրասենյակից տեղեկացել են, որ համանախագահներիՙ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակացույցում տեղի են ունեցել փոփոխություններ: Յուրի Մերզլյակովը փետրվարի 10-ին մեկնելու Փարիզ փոխարեն արդեն իսկ գտնվում է այնտեղՙ մեկնելով փետրվարի լույս 8-ի գիշերը:
Որոշ ենթադրությունների համաձայն, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների նախատեսված հանդիպման առնչությամբ տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ, որոնց մասին, սակայն, որեւէ մանրամասն չի հաղորդվում: Սակայն որոշակի համադրության դեպքում կարելի է նաեւ այս համատեքստում դիտարկել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ եթե չլիներ Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը, ապա թերեւս փետրվարի 10-ին նախագահների կայանալիք հանդիպումից կարելի էր որեւէ բան սպասել:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ադրբեջանը չի կարող գնալ փոխզիջման եւ դրա համար էլ փորձում է օգտագործել տարբեր փաստարկներ: Մամեդյարովը նաեւ նշել էր, որ Ադրբեջանը հայեցակարգային առումով խոսում է խաղաղության մասին, բայց խաղաղության պայմաններում ընդհանուր տարածքի վրա համայնքների համատեղ բնակեցման հարցերն այնքան էլ սկզբունքային չեն: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այս հայտարարությունները որակել է տարօրինակ: Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ նմանօրինակ հայտարարություն է արել Ռոբերտ Քոչարյանը Շվեդիայումՙ պաշտոնական այցելության ընթացքում: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտոնատար անձանց վերջին հայտարարություններից հետո պակաս լավատեսությամբ է նայում փետրվարի 10-11-ին Ալիեւի հետ կայանալիք հանդիպմանը: «Ղարաբաղյան խնդրի լուծմանը հասնելու համար կողմերը պետք է քաղաքական ցանկություն դրսեւորեն եւ գնան որոշակի ռիսկերի: Վերջին 2-3 օրում Բաքվում հնչած հայտարարությունները տպավորություն են ստեղծում, թե Ադրբեջանում այդ քաղաքական ցանկությունը չկա կամ կա, բայց ոչ բավարար», հայտարարել է Քոչարյանը: Ամեն դեպքում Հայաստանի նախագահը Փարիզում կայանալիք հանդիպման առնչությամբ նշել է, որ շատ եւ շատ զգույշ լավատեսության հիմք դեռ կա:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ