ԲԱՔՈՒ, 8 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեռնային Ղարաբաղի համար նոր պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ աղետ կլինի ողջ Կովկասի համար», նման կարծիք է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռինո Հարնիշը`ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում: Ըստ դեսպանի` եթե բանակցությունները ձախողվեն եւ նոր պատերազմ բռնկվի Ղարաբաղի համար, մարդկային կորուստները կգերազանցեն 90-ականների սկզբին տեղի ունեցած պատերազմի զոհերի թիվը, քանի որ կողմերը խիստ մեծացրել են իրենց ռազմական կարողությունները: «Դա կլինի բախում երկու հզոր եւ լավ դիրքավորված բանակների միջեւ», ասել է Ռինո Հարնիշը: Բացի այդ, ըստ դեսպանի, «նոր պատերազմը նաեւ հարված կլինի Ադրբեջանի տնտեսական բարգավաճմանը»: