«Վելտ» գերմանական թերթի գլխավոր խմբագիր Ռոջեր Քոփելը, խոսելով դանիական ծաղրանկարներն արտատպելու իր որոշման մասին, նշեց, որ դա խոսքի ազատության խնդիր է: «Ամենասուրբ բաներն անգամ քննադատության եւ ծաղրանքի ենթարկելը մեր մշակույթի հիմքն է կազմում», ասաց նա: Համաձայնենք, որ ինչքան էլ ճիշտ լինի ասվածը, միակ ճշմարտությունը չէ:
Այս պարբերությամբ է սկսում անգլիաբնակ անկախ լրագրող Գուին Դայերն ստորեւ թարգմանաբար ներկայացվող իր հոդվածը, որը նվիրված է Մուհամմեդ մարգարեի մեծ աղմուկ հանած ծաղրանկարների շարքի հրապարակմանն արեւմտյան մի քանի երկրների մամուլում:
«Կարելի է հավանություն տալ խոսքի ազատության անհրաժեշտության դրույթին, բայց միաժամանակ դատապարտել բոլոր նրանց, որոնք այդ ազատությունն օգտագործում են ուրիշներին ցավ ու վիշտ պատճառելու մտադրությամբ», գրում է Դայերը եւ շարունակում. «Յուլլանդս փոստեն» թերթը, որն առաջինը հրապարակեց Մուհամմեդի վերաբերյալ 12 ծաղրանկարների շարքը մոտ 4 ամիս առաջ, ամենամեծ շրջանառությունն ունեցող օրաթերթն է Դանիայում, որտեղ ընդամենը 170 հազարանոց մահմեդական համայնքն ամենամեկուսացվածն ու ամենաշրջափակվածն է ամբողջ Եվրոպայում: Ավելին, իշխող կոալիցիոն կառավարությանը մաս է կազմում մի մեծ կուսակցություն, որն ակնհայտորեն դեմ է ներգաղթին եւ բնազդաբար (թաքուն)ՙ նաեւ մահմեդականներին»:
Թերթի մշակույթի բաժնի խմբագիր Ֆլեմինգ Ռոուզը պնդում է, որ Մուհամմեդին ծանակելու համար 12 ծաղրանկարների ընտրությունը նպատակ էր հետապնդում պարզապես դանիական մամուլում բանավեճ ծավալելու լրագրողական ինքնագրաքննության շուրջը: Արդյունքում ավելին ստացավ, քան ակնկալում էր:
Ծաղրանկարները ոչ խելամիտ էին, ոչ էլ ծիծաղելի, իսկ դրանցից երկուսը բացահայտորեն վիրավորական էին: Դրանք դիտավորյալ ակնարկում էին, որ իսլամն ահաբեկչական կրոն է: Բնական է, Դանիայի մահմեդականները խնդրեցին, որ իրենցից ներողություն խնդրեն ծաղրանկարները հրապարակելու համար: Այդ ժամանակ դեռ փոթորիկը մի փոքրիկ բաժակում էր: Հետո սովորական կասկածյալները գործի անցան:
Երկար ժամանակ եւ ջանք պահանջվեց, որ գործը վերածվի լուրջ ու իրական հակամարտության: Հունվարին նորվեգական «Մագազինեթ» քրիստոնեական ամսագիրը վերատպեց ծաղրանկարները: Սաուդյան Արաբիան եւ Լիբիան հետ կանչեցին իրենց դեսպաններին Կոպենհագենից: Վրդովմունքն սկսեց հետզհետե աճել ինտերնետային զրուցարաններում (չաթերում): Հունվարի վերջին արաբական աշխարհն սկսեց բոյկոտել դանիական ապրանքները: Սկսեցին այնտեղ այրել դանիական դրոշները: Դանիայի վարչապետն ու «Յուլլանդս փոստեն» թերթի խմբագիրը հետադարձ քայլ կատարեցինՙ հրապարակայնորեն ներողություն խնդրելով վիրավորանքի համար: Բայց ներողության այդ արտահայտությունները խոսքի ազատությունը պաշտպանելու ձախողված միջոցներ համարելով, «Վելտ» եւ «Ֆրանս սուար» աջակողմյան թերթերը վերատպեցին այդ ծաղրանկարներն իրենց առաջին էջերում, պատճառ դառնալով, որ արմատական մահմեդական խմբավորումները եվրոպական երկրներում ցույցեր կազմակերպեն: Լոնդոնյան ցույցերի ժամանակ հնչած լոզունգը պահանջում էր առավել հզոր ահաբեկչական ռումբեր օգտագործել, քան անցյալ տարվա հուլիսին օգտագործվածները, եւ «սպանել բոլոր նրանց, ովքեր ծաղրում են մահմեդականությունը»: Հակամարտությունը սրվեց:
Երկու կողմերի հիմարները, գաղափարախոսներն ու մոլեռանդները չափազանց վճռական են տրամադրված միմյանց հանդեպ, եւ հավանաբար բավական ժամանակ է պետք, որ զայրույթը մեղմվի: Բայց կարեւոր է հիշել, որ ոչ բոլորն են կորցրել իրենց գլուխները:
Մեծ Բրիտանիայի մահմեդական խորհրդի խոսնակ Ինայաթ Բանգլաուալան, օրինակ, ցուցարարների մասին հետեւյալ ձեւով է արտահայտվել. «Ժամանակն է, որ ոստիկանությունը միջամտի, բայց այնպես, որ նրանք չդառնան մարգարեի դատի համար նահատակվող մարտիրոսներ, որը նրանց ցանկացածն է, այլ դատապարտվեն որպես հանցագործներ, որովհետեւ սովորական մահմեդականներն արդեն ձանձրացել են նրանցից»: Իսկ 57 ազգություններից բաղկացած «Իսլամական համագումարի կազմակերպությունը» զգուշացրել է, որ «խաղաղ ցույցերի սահմանն անցնող ծայրահեղ հակազդեցությունները վտանգավոր են եւ վնասակարՙ մահմեդական աշխարհի օրինական դատը պաշտպանելու ջանքերին»:
Մյուս կողմիցՙ արեւմտյան թերթերի մեծամասնությունը չտպագրեց այդ ծաղրանկարները: Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Կանադայում (մեկ բացառությամբ), Միացյալ Նահանգներում ոչ մի թերթ չտպագրեց դրանք: Եթե դա (տպագրելուց հրաժարվելն) ինքնագրաքննություն չէ, ապա հասարակ բարեկրթություն կարելի է որակել:
Դա չի նշանակում, որ Արեւմուտքում ծաղրանկարիչներն այլեւս չեն անդրադառնալու Մուհամմեդին (չնայած հավանաբար նրանք ավելի զգույշ են լինելու ապագայում): Մուհամմեդի պատկերի վրա դրված արգելքը մահմեդական ավանդության մեջ է ընդունված, ոչ արեւմտյանում: Բայց մենք ապրում ենք համատեղ մի աշխարհում, որտեղ ամեն ոք կարող է մյուսին տեսնել ամբողջ ժամանակ եւ այդ մյուսի հանդեպ քաղաքավարի լինելը մեր բոլորի հասարակական պարտականությունն է: «Յուլլանդս փոստեն» թերթի եւ նրա համախոհ մրցակիցների աշխատակիցները չափազանց հիմար էին եւ չափազանց գռեհիկ:
Հ. Ծ.