Յուրաքանչյուր «երկարաժամկետ պայմանավորվածություն Վրաստանի եւ Իրանի միջեւ բնական գազի եւ գազատարների առնչությամբ Միացյալ Նահանգների կառավարության համար մտահոգության աղբյուր կդառնա», ԻՏԱՌ-ՏԱՍՍի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մի ներկայացուցիչ, որ ցանկացել է մնալ գաղտնի: Նույն աղբյուրի խոսքերով, Մ. Նահանգները հույս ունի, որ հունվարի 30-ին սկսված գազամատակարարման վրաց-իրանական համաձայնությունը շուտովՙ ժամկետը լրանալու պատճառով կդադարի, քանի որ կվերականգնվի ռուսական գազի մատակարարումը:
Փաստացի, վրաց-իրանական գազամատակարարման համաձայնությունը դադարեցվել է վրացական կողմի նախաձեռնությամբ, թեեւ նախնական պայմանավորվածությամբ Իրանը պետք է մատակարարեր 30 մլն խմ գազ 30 օրումՙ ստանալով 7 մլն դոլար: Հունվարի 30-ից սկսված մատակարարումը, վրացական կողմի տեղեկություններով, դադարեցվել է արդեն փետրվարի 6-ին:
Ստացվում է, որ ճշմարտությանը շատ մոտ էին տեղեկությունները, թե ամերիկացի հարկատուների հաշվին պիտի վճարվեր իրանական գազի մատակարարումը Վրաստան: Չնայած դարձյալ ճշգրտումներ չեն մտցվել իրանական գազի հարցում, բայց եւ որեւէ գերատեսչություն չի հերքում արդեն իսկ շրջանառվող տեղեկությունները, մասնավորապես 1000 խմ-ը մոտ 233 դոլարով գնելու հանգամանքը:
Ա. Հ.