«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2006-02-07 | #22, 2006-02-08 | #23, 2006-02-09


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Մի լուսանկարի հետքերով

Լիբանանահայ Միսակ Քելեշյանը հավաքում է ցեղասպանությունը վկայող լուսանկարներ եւ կազմակերպում դրանց ցուցադրությունները: Նա մեր հավերժական վերքի վրայից հետ է տալիս «ժամանակ» կոչվող շղարշը եւ ցույց է տալիս արնածոր մի խոց եւս: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Մ. Քելեշյանը պատահաբար գտավ մի լուսանկար, որն էլ առիթ դարձավ լրագրողական հետաքննության եւ նոր պարզաբանումների: Դրանք հետաքրքրական հոդվածի տեսքով լույս ընծայվեցին ՀՅԴ Բեյրութի «Ազդակ» պաշտոնաթերթում:

Այդ լուսանկարը, որը նա գտել է «Լայընզ աֆ Մարաշ» («Մարաշի առյուծները», հեղինակ` Սթենլի Ի. Քեր) գրքում, պատկերում է հայտնի ջարդարար Ջեմալ փաշային եւ ցեղասպանությունից հետո Այնթուրայի (Լիբանան) ֆրանսիական քոլեջում պատսպարված հայ գաղթական որբերին, որոնք այնուամենայնիվ թուրքացվեցին որսին հետապնդող թուրք գայլերի կողմից:

Ֆրանսիական քոլեջը, ուր հաստատվել էին որբ երեխաները, առաջինն էր Միջին Արեւելքում եւ հիմնադրվել էր Հիսուսյան (Ճիզվիտյան) միաբանության կողմից: Այստեղ ապրել եւ գործել են Լազարյան միաբանները: Սակայն 1915-ին նրանք ստիպված էին հեռանալ քոլեջից, քանի որ Ջունիեյի կայմակամը հրահանգել էր փակել այն: Սակայն Լազարյանների հեռանալուց հետո քոլեջը վերածվում է թուրքական որբանոցի, ուր ապրում էին 800 հայ, թուրք եւ քուրդ երեխաներ: Նրանց հսկում էին 30 զինվորներ: Կային նաեւ 10 լիբանանցիներ, իսկ տնօրենը Նեբիհ բեյն էր: Վերջինիս նշանակել էր Ջեմալ փաշան, որպեսզի իրականացնի այնտեղ գտնվող հայ երեխաների թուրքացման ծրագիրը: Թլպատված տղաներին տրվում էին թուրքական անուններ` պահպանելով նրանց հայկական անվանումների սկզբնատառերը: Այսպես` Հարություն Նաջարյանը դառնում է Համիտ Նազիմ, Պողոս Մերդանյանը` Պեքիմ Մոհամեդ, Սարգիս Սարաֆյանը` Սաֆուատ Սուլեյման: Մաքրության պակասի եւ սովի պատճառով մոտ 300 երեխաներ հիվանդանում են եւ մահանում:

Երբ 1916-ին թուրքական չորրորդ բանակի հրամանատար Ջեմալ փաշան այցելում է այս որբանոց, իր հետ բերում է նաեւ Հալիդե հանըմին, որ հետագայում տնօրեն է նշանակվում:

Հալիդե հանըմը հայտնի էր որպես միջազգային ճանաչում ունեցող թուրք ֆեմինիստուհի: Նա սիրահարված էր Աթաթուրքին, որը նրան ուշադրության չի արժանացրել: Հալիդե հանըմը թուրք փաշաների ոչ մի հայ չթողնելու ծրագրի հետեւորդն էր եւ շարունակել է Հայոց ցեղասպանությունը բուն ոճրագործություններից հետո:

Ջեմալ փաշան Հալիդե հանըմի հետ Այնթուրա է բերում նաեւ 3-15 տարեկան 400 որբի, ինչպես նաեւ թուրքացման ծրագրի մասնակից 15 ընտրովի թուրք աղջիկների, որոնք պետք է հսկեին երեխաներին: Եվ այսպես, երեխաների թիվը դառնում է 1200, որոնցից 1000-ը հայեր էին, 200-ըՙ թուրքեր եւ քրդեր: Բնականաբար երեխաներն անհաշտ էին, քանի որ նրանք մեղադրում էին թուրք երեխաների ծնողներին իրենց հարազատներին սպանելու մեջ: Կռիվներն ու հաշվեհարդարները սովորական բաներ էին: Լինում էին նաեւ սպանության դեպքեր, որոնց դիմագրավել չէին կարողանում նույնիսկ 30 զինվորները:

Միայն 1919-ին թուրքերը հեռացան Այնթուրայից, վերադարձան ֆրանսիացիները, անգլիացիներն ու Ղազարյան միաբանները: Այստեղ վերադարձած հայր Սարլութը հանդիպում է այնպիսի անտանելի մթնոլորտի, երբ տարբեր ազգերի երեխաները իրենց ազգամիջյան փոքրիկ պատերազմները վարելու համար պատառաքաղներ եւ սուր կտրող գործիքներ էին պահում իրենց անկողինների մեջ: Մթնոլորտը տանելի դարձնելու համար հայր Սարլութը թուրք եւ քուրդ որբերին ուղարկում է Դամասկոս, ապա եւ թուրքացված երեխաներին հորդորում է հանձնել «զենքերը», ինչպես նաեւ հիշել իրենց հայկական անունները: Դժվարին այդ օրերին երեխաներին սնունդ էր տրամադրում ամերիկյան Կարմիր խաչը: Որբատունը փակվել է 1919-ին, երբ տղաներն ուղարկվում են Հալեպ, իսկ աղջիկներըՙ Ղազիրի որբանոց: Դրանից հետո դպրոցի ղեկավարությունը ստանձնեց ամերիկյան Կարմիր խաչը, ապա «Նիր իսթ ռիլիֆ» կազմակերպությունը, որ հայտնի էր որբ երեխաների նկատմամբ մարդասիրական եւ հետեւողական մոտեցմամբ:

Ի մի բերելով Այնթուրայի ֆրանսիական քոլեջի արխիվային նյութերն ու նկարները, որոնք գտնվել են նաեւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության արխիվներում, Միսակ Քելեշյանը վերականգնել է հայ որբերի մանկության սարսափելի պատկերը, որ սահմռկեցուցիչ մի բառով կոչվում է թուրքացում:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4