«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2006-02-07 | #22, 2006-02-08 | #23, 2006-02-09


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՌԱՆՑ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ

Հայաստանի Հանրապետությունը դեռեւս չունի մարդու իրավունքների պաշտպան: Չնայած փաստարկման նմանվող կանխատեսումներինՙ կոալիցիայի առաջադրած թեկնածու Արմեն Հարությունյանը երեկ չստացավ օմբուդսմեն դառնալու համար անհրաժեշտ 79 ձայները: Փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցած 107 պատգամավորներից 69 կողմ, 25-ը դեմ քվեարկեց կոալիցիայի ներկայացուցչին: Ռուբեն Թորոսյանի թեկնածությունը հավանության արժանացրեց 25 պատգամավոր, 69 դեմ էին: Քվեաթերթիկներից 13-ն էլ անվավեր են ճանաչվել: Հանրապետական Սամվել Նիկոյանի գնահատմամբ` անվավերները միայն դիրքորոշման արտահայտում չեն, այլեւ քվեարկելու կարգին անտեղյակության արդյունք:

Քվեարկության արդյունքներն ընդդիմադիրների համար բացատրված եւ կոալիցիայի ներսում անհամաձայնությունների ապացույց են, կոալիցիոն եռյակի համար անակնկալ, բայց ոչ ողբերգական: Չնայած արդյունքին, կոալիցիոն եռյակը, այդ թվում եւ վարչապետը չեն բացառում կրկին Արմեն Հարությունյանի թեկնածությունն առաջադրելը: Մարդու իրավունքների պաշտպանի նշանակման քվեարկության համեմատությամբ հանրաքվեի ընթացքն ավելի արդար ու մաքուր գնահատելովՙ Գալուստ Սահակյանը (ՀՀԿ) ընդգծեց, որ այնուամենայնիվ Արմեն Հարությունյանն ավելի շատ ձայներ է ստացել, քան մյուս թեկնածուն:

Արթուր Բաղդասարյանը (ՕԵԿ) փաստելով, որ ամեն դեպքում դժվար է անհրաժեշտ 79 ձայներն ստանալը, փակ-գաղտնի քվեարկությունը մեկնաբանելի չհամարեց ու եւս մեկ անգամ բարձրաձայնեց Արմեն Հարությունյանի մասնագիտական բարձր մակարդակը, բացառեց վերջինիս նեղանալու հավանականությունը: Ավելի ուշ Անդրանիկ Մարգարյանն էլ (ՀՀԿ) համարյա նույն դիրքորոշումն արտահայտեց, փաստելով Արմեն Հարությունյանի արժանիությունն ու բացառելով վերջինիս հանդեպ որեւէ ճնշման իրականությունը: Լեւոն Մկրտչյանը (ՀՅԴ) որեւէ մեկնաբանություն չտալով, փաստեց հարազատ խմբակցության կողմնորոշվածությունն ու հաստատեց, որ քվեարկությունից բացակայողներ չեն ունեցելՙ ՀՅԴ խմբակցության բոլոր 11 պատգամավորները մասնակցել են քվեարկությանը: ՕԵԿ-ից 3, ՀՀԿ-ից 7 պատագամավորներ գործուղման մեջ են, այսինքն կոալիցիայի 10-ը ներկայացուցիչ չի մասնակցել քվեարկությանը: Կոալիցիան ԱԺ-ում ունի 73 ձայն:

ՄԱԿ խմբակցությունից բացակայել է մեկը, մյուս 5-ը, Գուրգեն Արսենյանի պնդմամբ, քվեարկել են Արմեն Հարությունյանի օգտին, առաջնորդվելով վերջինիս մասնագիտական պատրաստվածությամբ: Արսենյանի մեկնաբանմամբ, Հարությունյանն իր թեկնածությունն առաջադրող կոալիցիայից 64 ձայն է ստացել: Վահրամ Բաղդասարյանի վստահեցմամբ «Ժողպատգամավոր» խմբի բոլոր 17 ներկայացուցիչները մասնակցել են քվեարկությանը ի սկզբանե դրական վերաբերմունք եւ տրամադրվածություն ունենալով կոալիցիայի առաջադրած թեկնածուի նկատմամբ: Հիմնվելով քվեարկության արդյունքների վրա` Վ. Բաղդասարյանը հայտարարեց, որ կոալիցիան խնդիր ունի եւ իր ներսում այն պարզաբանելու անհրաժեշտություն:

Քվեարկության արդյունքները ժողովրդավարության ծիլերի ԱԺ ներթափանցման ապացույց համարելովՙ Վիկտոր Դալլաքյանն ընդգծեց, որ խորհրդարանում անհամաձայնության մթնոլորտ ու լուրջ գործընթացներ կան: Ըստ նրա` մեծամասնությունը սխալված չէր լինի մարդու իրավունքների պաշտպանի առաջադրման իրավունքը փոքրամասնությանը զիջելով, իսկ եթե շարունակի «մեր դեմ խաղ չկա» մտայնությամբ աշխատել, ապա արդյունքն անխուսափելիորեն կլինի շահերի բախումը: Դալլաքյանը կատարվածում գտավ նաեւ ընդդիմության փոքր հաղթանակի ապացույցՙ Ռուբեն Թորոսյանի 25 կողմ ձայների քանակը 3-ով շատ է «Արդարության» եւ «Ազգային միաբանության» խորհրդարանում ներկայացվածությունից:

Երեկ տրված վստահեցումների համաձայն, ՀՀ օմբուդսմենի ընտրության գործընթացը կսկսվի սկզբից:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4