Երեկ ավարտվեց փետրվարի 5-8-ը Կահիրեում կազմակերպված Cairo ICT 2006 տեղեկատվական եւ հեռահաղորդակցման 10-րդ տարեկան ցուցահանդես-միջազգային ֆորումը, որին մասնակցում էր նաեւ հայաստանյան պատվիրակությունը: Լինելով Միջին Ասիայի եւ Աֆրիկայի տարածաշրջանի առավել հեղինակավոր եւ ճանաչված միջոցառումներից մեկը, Կահիրեի ՏՀՏ ցուցահանդեսը ներգրավում է ավելի քան 150 մասնակից ընկերություններ Եգիպտոսից, Հյուսիսային Աֆրիկայից եւ Ասիայից: Այստեղ ներկայացվում են համակարգչային սարքավորումներ, հեռահաղորդակցություն, անլար ցանցեր, ծրագրային ապահովում, տվյալների բազաների հաղորդակցություն, ցանցերի կառուցում եւ կառավարում, էլեկտրոնային քարտերի արտադրություն եւ կիրառում, համակարգերի ինտեգրացիա, բանկային ծրագրեր եւ այլն:
Հայկական պատվիրակության անդամներըՙ ՀՀ վարչապետի խորհրդական Արա Հակոբյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՏՏ ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը եւ «Ավիաինֆոտել» ընկերության ներկայացուցիչը դեռ Եգիպտոսում են: Այս օրերին ցուցահանդեսի շրջանակում նախատեսված է նաեւ կոնֆերանս, որտեղ կքննարկվեն տեղեկատվական եւ հաղորդակցական ոլորտի մի շարք արդի խնդիրներ, մասնավորապես երրորդ սերնդի տեխնոլոգիաներ, ՏՀՏ կիրառությունները այլ ոլորտներում, արբանյակային տեխնոլոգիաներ, էլեկտրոնային ստորագրության օրենսդրություն, անկանխիկ հասարակություն: Նախատեսվում է այց նաեւ Եգիպտոսի ՏՀՏ քաղաք` Սմարթ Վիլեյջ (Smart Village), որտեղ տեղակայված են Եգիպտոսի ՏՀՏ ոլորտը կարգավորող նախարարությունները եւ պետական գերատեսչությունները, ոլորտի խոշոր ընկերությունները: Հայ-եգիպտական գործարար կապերի ամրապնդման նպատակով նախատեսվում են նաեւ գործնական հանդիպումներ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Թ. Մ.