Այս ձմեռվա ենթադրաբար առատ հալոցքը միայն օգտակար կլինի Սեւանին: Անցած տարվա համեմատ լիճն արդեն բարձրացել է 41 սմ-ով: Տեսական հաշվարկներով` Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման համար լճի մակարդակը պետք է բարձրացվեր 6 մետրով: Անցած տարի խնդիրը բազում տաք ու սառը քննարկումների առիթ դարձավ Սեւանի հարցով ակադեմիական հանձնաժողովի գիտնականների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ:
Էկոլոգիական եւ տնտեսական նկատառումներով, ըստ հանձնաժողովի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու Յուրի Ջավադյանի, Սեւանի մակարդակի 3 մետրով բարձրացումը պարտադիր է: Դրանից հետո նախատեսվում է մոնիտորինգ անցկացնել, եւ որոշել այնքան վիճարկումների առիթ տված հաջորդ 3 մետրի բարձրացման ճակատագիրը: Ջրի որակական ցուցանիշների, ֆաունայի ու ֆլորայի տվյալներին համապատասխան կբարձրացվի կամ կիջեցվի այդ հաջորդ 3 մետրի նշաձողը:
Երբ պարոն Ջավադյանին հարցրի, թե Սեւանի մակարդակի հեռանկարային բարձրացման զգուշավոր ցուցանիշներն արդյոք կապված չե՞ն առափնյա առանձնատների ջրի տակ հայտնվելու վտանգը բացառելու հետ, նա պատասխանեց. «Սեւանն իր աշխարհագրական դիրքով կարող է խմելու ջուր մատակարարել տարածաշրջանի ամեն մի կետի: Իբրեւ խմելու ջրի ամբար միայն հայ ժողովրդի հարստությունը չէ, դա տարածաշրջանի հարստությունն է: Այդ տեսակետից ամեն ինչից հարյուրավոր, հազարավոր անգամ կարեւոր է բարձր Սեւան ունենալը»:
Կ. Դ.