«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2006-02-07 | #22, 2006-02-08 | #23, 2006-02-09


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԼՐԱԳՐՈՂԻ, ԱՅԼԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է

2003 թվականի վերջին ընդունված տեղեկատվության ազատության օրենքը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ Հրանուշ Հակոբյանի գնահատմամբ, ունի որոշ բացեր: Նրա խոսքերով, մեխանիզմները վերջնական մշակված չեն եւ այդ պատճառով ամբողջությամբ չեն գործում: Այս տեսակետները տկն Հակոբյանը ներկայացրեց երեկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եւ Եվրոխորհրդի կազմակերպած սեմինարին, որտեղ քննարկվում էին Հայաստանի տեղեկատվական ազատության օրենսդրական կարգավորման խնդիրները:

Տկն Հակոբյանը նշում է, որ որոշ պետական պաշտոնյաներ տեղյակ չեն վերոհիշյալ օրենքի, ինչպես նաեւ գործող սահմանադրության 27.1-ի դրույթներին, որոնց համաձայն պաշտոնյան պարտավոր է ժամանակին եւ ճշմարիտ տեղեկություն տրամադրել հայցողներին: Նա գտնում է, որ քաղծառայողների ընդունելության հարցաշարում հարկավոր է ներառել վերոհիշյալ օրենքների վերաբերյալ հարցեր:

Հայաստանում Եվրոխորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան նշեց, որ տեղեկատվության ազատության օրենքներ սկսել են ընդունել Հյուսիսային Եվրոպայի երկրները, այսօր եվրոպական գրեթե բոլոր երկրներում տեղեկատվության ազատությունն օրենսդրորեն սահմանված է: Եվրոմիության Նորվեգիայի ներկայացուցչության իրավական եւ ներքին գործերի հարցերով խորհրդական Տոնյե Մինիխը խոսեց տեղեկատվության ազատության օրենսդրական կարգավորման Եվրոխորհրդիՙ արդեն ընդունած չափանիշների եւ աշխատանքային փուլում գտնվող կոնվենցիայի մասին: Ըստ չափանիշների, տեղեկատվությունը բաց եւ թափանցիկ պետք է լինի ոչ միայն լրագրողների, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու համար, չնայած դրանից օգտվողների 90 տոկոսը լրագրողներ են:

Ըստ չափանիշների, պետական պաշտոնյան չպետք է հետաքրքրվի, թե ինչ նպատակի է ծառայելու տեղեկությունը: Ճիշտ է, սահմանափակումներ անհրաժեշտ են, մասնավորապես երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը, քրեական գործերի հետաքննություններին, կոմերցիոն շահերին: Ինչ վերաբերում է բողոքարկմանը, ապա դրա մեխանիզմները եվրոպական երկրներում տարբեր են: Նորվեգիայում, օրինակ, լավ է գործում օմբուդսմենի ինստիտուտը, եւ հենց մարդու իրավունքների պաշտպանն է զբաղվում դիմումների մերժումների հիմնավորումների ուսումնասիրությամբ: Այլ դեպքերում հարցը վերանայում են վերադասները կամ դատարանները:

Այսօր սեմինարում կքննարկվեն կոնկրետ խնդիրներ, եւ տեղեկատվության ազատության չարաշահման դեպքերից խուսափելու հստակ մեխանիզմների ձեւավորման փորձ կարվի: Կոնկրետ օրինակներ կներկայացնեն լրագրողական եւ հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4