Բայց ինչո՞ւ անհավանական: Հույժ իրական, տրագիկոմիկական: Ահա, համեցեք: Մի քանի օր առաջ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նիստում նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացում էր կազմակերպել: Նիստում իբր քննարկվում էր «Փյունիկ» թիմի մոսկովյան խայտառակությունը: Եվ ի՞նչ եզրակացության են հանգել նիստի իմաստուն այրերը: Նախագահն առաջարկել է մեկ տարով «Փյունիկին» զրկել Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու իրավունքից: Ֆեդերացիայի անդամները միաձայն դեմ են քվեարկել այդ զարմանահրաշ որոշմանը: Ա՜յ քեզ թատրոն...ինքն իր դե՞մ... Միավորված ազգերի կազմակերպության արխիվներից մինչեւ Երեւանի մանկապարտեզների երեխաները տեղյակ են, որ «Փյունիկը» պատկանում է Ռուբեն Հայրապետյանին: Ի՞նչ, ժխտո՞ւմ է, հետո ինչ, որ ժխտում է: Իսկ ինչպես է ժխտում իր խայտառակությունը Մոսկվայում: Ըստ նախագահի, ինքը չի կայացրել այդ որոշումը: Ղարաբաղցին կասեր. վպՉպՐՏÿՑվօռ պաներ էս ասում... Մոսկովյան «Սովետսկի սպորտ» թերթը տպագրել է Ռուսաստանի ՖՖ-ի նախագահ Վ. Մուտկոյի հարցազրույցը, ուր նա ասել է. «Ես խոսել եմ Հայաստանի ՖՖ-ի նախագահի հետ, իմանալու նման որոշման պատճառները: Անվտանգության երաշխիքներ են պետք, ես դրանք կտամ: Դուք ուզում եք հյուրանոցի անվտանգության ապահովո՞ւմ, մենք կխնդրենք իրավապահ մարմիններին ապահովել նաեւ դա...»: Եվ վերջում ավելացրել է` «մեզ աննորմալ հոգեկանով թիմ պետք չէ»: Այժմ մեր հասարակությանն է մնում որոշելու, թե ով է աննորմալ հոգեկանով: Այս ամբողջ աղմուկ խայտառակությունը իհարկե պատահական չէ: Արդեն 10 տարուց ավելի է հայկական ֆուտբոլը ծանր հիվանդ է այն ժամանակներից, երբ ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ոչ անհայտ Արմեն Սարգսյանը: Նշանակվեց, որ այն ժամանակների հանրապետության բարձրագույն իշխանության ներկայացուցչի հովանավորությամբ հափշտակի հայկական ֆուտբոլին պատկանող գումարները եւ ապաստան գտնի ԱՄՆ-ում: Ինչպես կասեին ռուսները. «ՉՏՑ ՍՈՍՈÿ ՊՏսÿ ՉՏՐՏՉրՍՈÿ»: Մեր ֆուտբոլի ֆեդերացիային պատահական, բախտախնդիր մարդիկ պետք չեն: Այդպիսիք թե՛ հոգեւոր, թե՛ գաղափարապես ոչ մի ընդհանուր բան չունեն ոչ հայկական ֆուտբոլի, ոչ մեր ժողովրդի հետ:
Անկախությունից հետո Հայաստանի նորաստեղծ ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարեց ազնիվ մարդ եւ հիանալի արարատցի Նիկոլայ Ղազարյանը: Նրա պաշտոնավարության ընթացքում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում էր 16 թիմ: Այժմ` ութ, որը կարելի է Երեւանի առաջնություն համարել: Ինչպե՞ս էր այն ժամանակ ֆեդերացիան կարողանում հավաքականի համար ապահովել ընկերական հանդիպումներ, իսկ այժմ` ոչ: Գումար չկա՞: Զարմանալի է: Չէ՞ որ ֆեդերացիան հսկայական գումարներ է ստանում: Այսօր ամբողջ մի մարզաձեւ, այն էլ ինչպիսի՜, զրոյի է հավասարեցված: Ի՞նչ անել: Այժմ էլ Ադրբեջանի հավաքականին պարտվե՞նք: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տիրող բարքերը ոչ մի հույս չեն թողնում: 60 տարվա հարուստ ավանդույթ ունեցող մեր պանծալի «Արարատ» թիմը բառացիորեն ոչնչացվեց ֆեդերացիայի նախագահի կողմից միայն նրա համար, որ «Արարատի» ղեկավարությունը համարձակվում էր արդարացի մոտեցում, անկողմնակալ մրցավարություն պահանջել: Ապա թող փորձի որեւէ մրցավար հաղթանակ չապահովի «Փյունիկի» համար: Ռուբեն Հայրապետյանը շանթ ու որոտ է դառնում, հիշոցների ընտիր շարան է թափում դժբախտ մրցավարի գլխին: Չե՞ս ցանկանում «Փյունիկում» խաղալ` հավաքականի ճանապարհը փակ է քեզ համար: Քանի՜, քանիսն արժանացան նման ճակատագրի: Ակումբների ղեկավարներ, մարզիչներ, մրցավարներ, ֆուտբոլիստներ, ոչ մի արժեք չեն նախագահի համար: Նրանց բոլորին նա սիրով փաթեթներ է պարգեւում: Ինչու չէ, նաեւ լրագրողներին: Ասում են, որ շուտով նրա մասին ֆիլմ է նկարահանվելու «Փաթեթավորված գերաստղ» վերնագրով:
Ռ. ԲԱԴԱԼՅԱՆ