«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2006-02-07 | #22, 2006-02-08 | #23, 2006-02-09


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԱԿԱԿԻՐԸ ՎԱԶԳԵՆ ԱԶՐՈՅԱՆՆ Է

Փետրվարի 10-ին Թուրինում կայանալիք ձմեռային 20-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի դրոշը կկրի գեղասահորդ Վազգեն Ազրոյանը: Մեր օլիմպիականները Թուրին են մեկնել փետրվարի 6-ին: Նշենք, որ Թուրինում Հայաստանի հինգ մարզիկներից ամենափորձառուն Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգն է: Մեր գեղասահորդները բազմաթիվ միջազգային մրցաշարերի մասնակիցներ են, բոլորովին վերջերս հանդես են եկել գեղասահքի Եվրոպայի առաջնությունում: Անցյալ տարվա դեկտեմբերին նրանք բավական հաջող հանդես եկան Ճապոնիայի Գրան պրիի մրցաշարում` արժանանալով բրոնզե մեդալների: Իհարկե, օլիմպիական խաղերում պարային մեր զույգից սպասելիքներն այնքան էլ մեծ չեն, քանի որ նրանց հարկ կլինի մրցակցել աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների, մի խումբ ուժեղագույն գեղասահորդների հետ: Հիշեցնենք, որ Եվրոպայի վերջին առաջնությունում մեր զույգը 14-րդ տեղում էր:

Բնականաբար, առանձնակի սպասելիքներ չկան նաեւ դահուկորդներ Էդմոն Խաչատրյանից ու Հովհաննես Սարգսյանից, ինչպես նաեւ լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանից:

Թուրինում Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարը ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն է: Այսօր Թուրին կմեկնեն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4