«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2006-02-07 | #22, 2006-02-08 | #23, 2006-02-09


ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ՍԻՐՈ ՀՈՎԱՆԱՎՈՐ ՍԲ. ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ

Փետրվարի 11-ը Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Սուրբ Սարգիս զորավարի տոն` երիտասարդների օրհնության օր: Այդ օրը Սբ. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպս. Կճոյանը Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցում հանդիսավոր պատարագ կմատուցի, կօրհնի ներկա երիտասարդներին, հետո տեղի կունենան մատաղօրհնեք եւ տոնական հանդիսություն, որի ընթացքում եկեղեցուն հարող փողոցը կանվանակոչվի երիտասարդների հովանավոր Սբ. Սարգսի անունով: Այդ տոնակատարություններին մասնակցել ցանկացողները կարող են փետրվարի 11-ին, ժամը 9-ին միանալ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական միության կազմակերպած քայլերթին, որը առաջնորդվելու է 5 նժույգներով Մալաթիայի Սբ. Երրորդություն եկեղեցուց դեպի Արգավանդ: Իսկ փետրվարի 12-ին եւ 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպված տոնական ծրագրի մասնակիցներին սպասում են անակնկալներ, հուշանվերներ երիտասարդների եւ սիրո հովանավոր Սբ. Սարգսի տոնի առիթով:

Սբ. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, որն իր արիության համար (285-337) Կոստանդիոս կայսեր կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ Հայաստանի սահմանակից Կապադովկիայում: Քրիստոնյաների հալածանքների ժամանակ Սբ. Սարգիսը որդու` Մարտիրոսի հետ հեռանում է կայսրությունից ու ապաստանում քրիստոնյա Հայաստանում: Երբ պարսկական Շապուհ արքան պահանջ է դնում պաշտել կրակը եւ զոհ մատուցել, զորավարը անմիջապես մերժում է ու կործանում բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է սրբի եւ նրա որդու վրա: Վերջինս նահատակվում է, իսկ Սբ. Սարգիսը բանտարկվում է ու գլխատվում: Մեսրոպ Մաշտոցը Սբ. Սարգսի մասունքները բերում է Ուշի, ուր կառուցվում է Սբ. Սարգիս եկեղեցին: Սբ. Սարգսի մասին գեղեցիկ պատումը, նաեւ շատ կարեւոր տեղեկություններ կարող եք կարդալ Արարատյան հայրապետական թեմի www.gahana.am կայքէջում:

Սբ. Սարգսի տոնը մեզանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Փետրվարի 5-ին սկսվեց 5-օրյա պահքը, որի վերջին օրը` փետրվարի 10-ի գիշերը երիտասարդները աղի բլիթ են ուտում եւ դրա հետ կապում իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Հիշատակելի է նաեւ մի այլ սովորույթ` այդ օրը փոխինդով լի մատուցարանը դնում են դրսում եւ սպասում Սբ. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին. ում մատուցարանի վրա պայտի հետքը հայտնվի, այդ տարի կիրականանա սիրահարի երազանքը:

Սբ. Սարգիս զորավարի տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ, ծաղիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4