«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2006-02-09 | #24, 2006-02-10 | #25, 2006-02-11


«ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՄԱՆԱԿՈՒՄ»

Հարցազրույց քաղաքագետ Զաֆար Գուլիեւի հետ (Ադրբեջան)

Պարոն Գուլիեւ, վերջին շրջանում շատերը պնդում են, որ 2006 թվականը կդառնա ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման տարի: Ի՞նչ կարծիքի եք այդ առնչությամբ:

- Այսօր, երբ ղարաբաղյան հիմնախնդիրը բանակցային գործընթացի երկարատեւ անդորրից հետո նորից ակտիվորեն ասպարեզ է դուրս բերվում, շատ կարեւոր է չկրկնել նախկին սխալները եւ ժամանակից շուտ չտրվել անհիմն լավատեսական սպասումներին:

- Արդեն ավելի քան տասը տարի Ադրբեջանն ապրում է ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ հանգուցալուծման սպասումով, եւ, փաստորեն, ամեն տարի երկրի իշխանություններն ու այդ հակամարտությունն իրենց հովանավորության տակ վերցրած տերությունները (առաջին հերթին Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը) արհեստականորեն սնուցում են այդ «մեռնող լավատեսությունը» նոր նախաձեռնություններով եւ փաստարկներով: Այսպես, օրինակ, 1994 թվականի մայիսին համոզում էին, որ Բիշքեկյան համաձայնագիրը կբերի երկար սպասված եւ արդար խաղաղություն, խոստանում էին հակամարտության կարգավորման Քաղաքական Մեծ Համաձայնագրի ստորագրում նավթայինՙ «դարի պայմանագրին» զուգահեռ: Բայց սեպտեմբերին նավթային պայմանագիրը ստորագրվեց, իսկ Քաղաքական Մեծ Համաձայնագիրը մոռացության մատնվեց: Լավատեսության նոր ալիքը պայմանավորված էր Բուդապեշտի համաժողովով, բայց այդ փուլում էլ, ինչպես եւ հետագա տարիներին, սպասումները չարդարացան: «Ոչ պատերազմի, ոչ խաղաղության» անորոշ վիճակը շարունակվում էր, իսկ բանակցային գործընթացը վարողները եւ երկու հակամարտող երկրների իշխանությունները շարունակում էին տոգորել քաղաքացիներին «հերթապահ լավատեսությամբ»:

ԵԱՀԿ մաքոքային դիվանագիտության հատուկենտ ակտիվություն, հետագա համաժողովներ Լիսաբոնում եւ Ստամբուլում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անմիջական շփումներ, Մինսկի խմբի կազմի մշտական վերակազմավորումներ, Փարիզյան եւ Քի-Վեսթյան պայմանավորվածություններ, պարբերական բնույթ կրող «նոր» առաջարկություններ ու նախաձեռնություններ, բարձրաձայն եւ խոստումնալից հայտարարություններ եւ այլն, եւ այլն: Այս ամբողջ ձեւական ակտիվությունը հակամարտությունն ուղղորդողները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները գրանցում էին իրենց միավորների ցուցակներում որպես խաղաղարար դիվանագիտության հաղթանակ: Նմանակման խաղի մեջ ակտիվորեն ընդգրկված Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները հմտորեն օգտագործեցին ղարաբաղյան խաղաղարար դիվանագիտության ելեւէջները անձնական ներքաղաքական նպատակների համար: Մինչդեռ այս ամբողջ տարիների ընթացքում իրական բանակցային գործընթացում, փաստորեն, ոչ մի լուրջ առաջընթաց չի նկատվել:

Վերջին տարիներին բանակցային գործընթացում արձանագրվում են հստակ տատանումներ, որոնք կախված են գլոբալ եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունից: Բանակցային գործընթացը մերթ մարում է, իջնելով զրոյական մակարդակի, երբ համաշխարհային հանրության եւ հակամարտող երկրների ուշադրությունը կենտրոնանում է ուրիշՙ ավելի կարեւոր, խնդիրների վրա, մերթ մասամբ ակտիվանում է, երբ ուղղորդողները եւ հակամարտող կողմերը, ինչպես նաեւ` միջազգային կազմակերպությունները, վերջապես, «ազատ պատուհան» են գտնում ղարաբաղյան խնդրի համար: Ընդ որում, բանակցային գործընթացում հերթապահ ու կարճատեւ աշխուժացումը, որպես կանոն, տեղի է ունենում այն ժամանակ, երբ դա թելադրված է լինում իրավիճակային պատճառներով կամ էլ հասունացած աշխարհաքաղաքական նպատակահարմարությամբ:

Նույնիսկ ինչ-որ տարօրինակ օրինաչափություն է ձեւավորվել ղարաբաղյան խաղաղասիրական դիվանագիտության շարժընթացում: Որպես կանոն, ամեն օրացուցային տարին ավարտվում է նրա ակտիվության բռնկումով եւ մոտալուտ առաջընթացի խոստումով: Ապա անդորր է տիրում, հիմնականում պայմանավորված Մինսկի խմբի ղեկավարության վերակազմավորմամբ եւ նոր խաղաղարար խմբի իրական վիճակին հարմարվելու հետ: Տարվա կեսին մոտ (Բիշքեկյան արձանագրության տարեդարձին) սկսվում է ձեւական աշխուժացման հերթական փուլը, դիվանագետների հաճախակի մաքոքային արշավներով դեպի հակամարտության գոտի: Հետո գալիս է ամառային հանգիստը, որին հաջորդում է Մինսկի խմբի աշնանային ամփոփիչ ակտիվացման նմանակումը: Եվ այդպեսՙ տարեց տարի:

Այսօր մենք վերապրում ենք խաղաղարար դիվանագիտության ակտիվության հերթական ձեւական բռնկման սցենարային փուլը: Ոչ ավելին: Անիմաստ է մոտ ժամանակներս բանակցային գործընթացում լուրջ ճեղքման սպասելը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը խնդրի կարգավորման ոչ մի նոր գաղափար չի առաջարկում եւ հակամարտող կողմերի դիրքորոշումներում տեղի չի ունեցել որեւէ ակնհայտ փոփոխություն:

- Ի՞նչ կարող եք ասել սույն խնդրի վերաբերյալ ԱՄՆ եւ Ռուսաստանի դիրքորոշումների մասին:

- Ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորումը, ակտիվ ռազմական գործողությունների դադարեցման պահից ի վեր, փաստորեն, տեղափոխվել է ԱՄՆ-ի (Արեւմուտքի) եւ Ռուսաստանի միջեւ աշխարհաքաղաքական «հաշիվներ մաքրելու» հարթություն: Ըստ էության, ղարաբաղյան խնդիրը վաղուց արդեն հասցվել է «ցունգցվանգի իրավիճակի», երբ «բանակցությունների լճացումից» դուրս գալու եւ հակամարտության կարգավորման ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը շրջանցող յուրաքանչյուր ճիգ, երկու հակամարտող կողմերի համար հղի է լուրջ սպառնալիքներով եւ կորուստներով: Առաջին հերթինՙ Ադրբեջանի համար, քանի որ նա, որպես պարտված կողմ, առավել շահագրգռված է խնդրի արագ եւ արդար կարգավորմամբ: Հակամարտության կարգավորման ակնհայտ կախվածությունը արտաքին գործոններից եւ գլոբալ խնդիրների ընթացքից, փաստորեն, դատապարտել է Ադրբեջանի ղեկավարությանը եւ ամբողջ հասարակությանը աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակի պասիվ սպասման:

Հակամարտության ներկայիս «փակուղային» վիճակը մեծամասամբ 1994 թվականի մայիսին ստորագրված Բիշքեկյան համաձայնագրի հետեւանք է: Այն ժամանակ հարկավոր էր կանխատեսել, որ այդ «պարտվողական զինադադարը» կհանգեցնի իրավիճակի երկարատեւ սառեցմանը եւ անընդհատ ընդառաջելու անհրաժեշտությանը: Համաձայնագիրը, փաստորեն, նախադրյալներ ստեղծեց ԼՂՀ-ի` որպես հակամարտության կողմի, լեգալացման եւ նրա պետական ատրիբուտների ավելացման համար: Այս համաձայնագրով երկրի իշխանությունները նվազեցրին խնդրի «ուժային» հանգուցալուծման հնարավորությունը, սահմանափակեցին խուսանավելու սեփական հնարավորությունները եւ հույս դրեցին միայն դիվանագիտության վրա:

Ռուսաստանյան հաշտարարության «Բիշքեկյան փորձից» հետո, պաշտոնական Բաքուն հակամարտության կարգավորման հույսերը միանշանակ սկսեց կապել ԱՄՆ-ի (Արեւմուտքի) եւ նավթի հետ: Բայց արդեն այսօր կարելի է փաստել, որ «նավթ Ղարաբաղի դիմաց» բանաձեւը չի բերել սպասված արդյունքները: Հաշվարկը, որ նավթային ակտիվ դիվանագիտությունը եւ գլոբալ էներգետիկ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը կխթանեն ԱՄՆ-ի (Արեւմուտքի) շահագրգռվածությունը հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, անհիմն էր: ԱՄՆ-ի համար այսօր ավելի կարեւոր է ոչ այնքան հակամարտության կարգավորումը, որքան հակամարտող կողմերի եւ բուն հակամարտության վերջնական աշխարհաքաղաքական «սեփականաշնորհումը», նրանց հետ սեփական շահերից բխող մեքենայություններ անելու համար:

Սկզբունքորեն, Հարավային Կովկասի ղեկավարման անցումը Ռուսաստանից ԱՄՆ-ին, նույնիսկ այդ գործընթացի արագ եւ վերջնական ավարտի դեպքում, հազիվ թե կարող է հանգեցնել ռազմավարության շրջադարձային փոփոխության հակամարտության կարգավորման հարցում: Միամտություն կլիներ ենթադրել, թե պաշտոնական Վաշինգտոնն ավելի քիչ է շահագրգռված ղարաբաղյան հակամարտության այժմյանՙ «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակի սառեցմամբ, քան նախկինում` պաշտոնական Մոսկվան: Հակամարտության միանձնյա ուղղորդման հնարավորությունը ԱՄՆ-ին շահավետ հեռանկարներ է ընձեռում Ադրբեջանում, իսկ մասամբ էլ` Հայաստանում, իրավիճակը փոփոխելու համար: Ավելի ակնհայտ է դառնում այն, որ ոչ միայն Մոսկվան, այլեւ Վաշինգտոնը դեռեւս շահագրգռված չէ ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծմամբ: Երկու տերություններն էլ դավանում են Ադրբեջանին «փոխզիջում հարկադրելու» ռազմավարությանը եւ մեքենայություններ են անում հիմնախնդրի շուրջ, ունենալով օգուտներ քաղելու նպատակ:

- Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, արդյոք, հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ գոյակցությունը:

- Ի՞նչ ձեւաչափով: Եթե Դուք նկատի ունեք երկու հարեւան երկրներիՙ Հայաստանի եւ Ադրբեջանի, ժողովուրդների խաղաղ գոյակցության հնարավորությունը, ապա այն արդեն գոյություն ունի: Չնայած հակամարտության կարգավորված չլինելուն եւ դրա հետ կապվածՙ երկրների միջեւ դիվանագիտական, տնտեսական, մշակութային եւ այլ հարաբերությունների բացակայությանը, չնայած չենք հասել խաղաղության վերաբերյալ իրական համաձայնագրի ստորագրմանը, այդուհանդերձ, արդեն ավելի քան տասը տարի մենք, փաստորեն, խաղաղ գոյակցում ենք: Եթե խոսքը հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ գոյակցության մասին է յուրաքանչյուր երկրի սահմաններում, ապա գլոբալ իմաստով այն հնարավոր կդառնա միայն հակամարտության վերջնական կարգավորումից հետո: Չնայած լոկալ իմաստով այդ բանը կա արդեն իսկ այսօր. Բաքվում հանգիստ եւ խաղաղ ապրում են ավելի քան 15 հազար հայեր: Թե ինչպիսին կլինեն հարաբերությունները հեռանկարում, կախված է շատ գործոններից, նախ եւ առաջ քաղաքական գործընթացի զարգացման ուղղությունից: Կարծում եմ, այդ հարցը կկորցնի իր հրատապությունը հակամարտությանՙ երկու կողմերի համար ընդունելի կարգավորման, Հարավային Կովկասում կյանքի, մարդկանց ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների իրական ժողովրդավարական ստանդարտների հաստատման դեպքում:

- Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է Հայաստանը ճանաչել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ինքնուրույն պետություն:

- Այդպիսի փորձեր բազմաթիվ անգամներ նախաձեռնել են ինչպես ինքնակոչ ԼՂՀ-ն, այնպես էլ Հայաստանի առանձին քաղաքական ուժերը: Մանավանդ հակամարտության վաղ շրջանում, երբ անջատողականությունն ակտիվորեն խրախուսող ուժերը փորձում էին վեր դասել ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը պետության տարածքային ամբողջականությունից:

Վերջին տարիներին ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը հակամարտության կարգավորման ճակատագիրն ամբողջությամբ վստահել են միջազգային կազմակերպություններին (ԵԱՀԿ Մինսկի խմբին) եւ ազդեցիկ տերություններին, որոնք ուղղորդում են Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացման ընթացքը: Ավելին, կողմերը պարտավորվել են կարգավորել հակամարտությունը խաղաղ միջոցներով եւ միջազգային իրավունքի սահմաններում: Այսպիսի իրավիճակում քիչ հավանական է, որ Հայաստանն ինքնուրույն կհամարձակվի կատարել նման քայլ, քանի որ դա կարող է ռմբահարել խաղաղ բանակցային գործընթացը եւ հանգեցնել անկանխատեսելի վտանգավոր հետեւանքների: Չնայած քողարկված ձեւով պաշտոնական Երեւանը շարունակում է պայքարել ԼՂՀ-ի մի կարգավիճակի համար, որը դուրս կբերի նրան Ադրբեջանի ենթակայությունից: Այս առումով հատկանշական է «ընդհանուր պետության» գաղափարը, որը մի քանի տարի առաջ առաջարկել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ կտրականապես մերժվել պաշտոնական Բաքվի կողմից:

- Դուք գո՞հ եք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից:

- Կարելի՞ է, արդյոք, գոհ լինել գործունեության նմանակումից: Ավելի քան 12 տարի ԵԱՀԿ Մինսկի խումբը վարում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը, բայց նրա բոլոր ջանքերը հիմնականում հանգում էին խաղաղ որոշման փնտրտուքի նմանակման: Անցած տարիները ցույց տվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի անկարողությունը (կամ շահագրգռված չլինելը)` նպաստելու խնդրի շուտափույթ լուծմանը: Ձեւական մոտեցում էին ցուցաբերում նաեւ խաղաղարար երկրները (ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան): Երեւի պատահական չէ, որ վերջին տարիներին բանակցությունները, փաստորեն, մտան փակուղի. տպավորություն էր ստեղծվում, որ ԵԱՀԿ-ն եւ առաջատար պետությունները նպաստեցին հակամարտության սառեցմանը «ոչ խաղաղության, ոչ պատերազմի» փուլում, եւ դա, հնարավոր է, համապատասխանում էր նրանց աշխարհաքաղաքական եւ պրագմատիկ շահերին: Պարզ էր, որ իրավիճակն այսպիսի անորոշության մեջ պահելը մասամբ բավարարում էր հայկական կողմին: Ակնհայտ պարտվողական վիճակում էր մնում միայն Ադրբեջանը. նրա տարածքի 20% -ը զավթված է:

Հակամարտության երկար տարիների սառեցումը «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» անորոշ վիճակում եւ բանակցային գործընթացի ձգձգվող լճացումը, փաստորեն, հանգեցրել են տարօրինակ «ցունգցվանգային հավասարակշռության»: Այսօր, ցավոք, ո՛չ հակամարտությունը ուղղորդող եւ միմյանց հետ մրցակցող երկրները, ո՛չ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, եւ ոչ էլ նույնիսկ այդ երկրների ընդդիմադիր շրջանակները, տարբեր պատճառներով, շահագրգռված չեն կատարել «կտրուկ շարժումներ», որոնք կարող են ավելի խճճել խնդրի կարգավորումը եւ անկանխատեսելիորեն ազդել ներքաղաքական եւ տարածաշրջանային իրադարձությունների ընդհանուր ընթացքի վրա: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա միամտություն կլինի ենթադրել, թե նա սեփական նախաձեռնությամբ կաշվից դուրս կգա հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Պարկինսոնի հայտնի սկզբունքի համաձայն, որեւէ խնդրի լուծմանը կոչված գերատեսչության կամ հանձնաժողովի ստեղծումը այդ խնդիրը չլուծված պահելու հուսալի երաշխիք է: Եվ այդ տեսանկյունից` ինչո՞ւ պիտի Մինսկի խմբի չինովնիկները շտապեն եւ իրենք իրենց զրկեն սեփական աշխատանքից: Հակամարտության արագ կարգավորմամբ, եւ, հետեւաբար, նաեւ գրավված տարածքների ազատագրմամբ այս փուլում կենսականորեն շահագրգռված է միայն պատերազմում պարտված ադրբեջանական ժողովուրդը:

- Հնարավո՞ր է հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսում:

- Սկզբունքորեն դա միշտ էլ հնարավոր է, քանի դեռ հակամարտությունը վերջնականորեն չի կարգավորվել. չեն ազատագրվել հայկական կողմից գրավված ադրբեջանական հողերը եւ չի որոշվել Լեռնային Ղարաբաղի երկուստեք ընդունելի կարգավիճակը: Բայց այս փուլում հակամարտող կողմերի նախաձեռնությամբ լայնածավալ պատերազմի վերսկսումը քիչ հավանական է: Հակամարտությունը միջազգային կազմակերպությունների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) հսկողության տակ է, որոնք շահագրգռված չեն տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսմամբ եւ խիստ նախազգուշացնում են հակամարտության մասնակիցներին զերծ մնալ խաղաղ ընթացքը կասեցնող ամեն տեսակի չմտածված գործողություններից: Պատերազմը սկզբունքորեն կարող էր ներշնչվել հենց իրենցՙ գերտերությունների (ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի) կողմից, բայց ներկա դրությամբ դա հազիվ թե մտնում է նրանց ծրագրերի մեջ: Բացի այդ, տարածաշրջանում նրանց մրցակցային շահերը, հակամարտության մասնակիցների վրա ազդեցության հնարավորությունները եւ զուգահեռ համատեղ մասնակցությունը հակամարտության կարգավորման գործում որոշակի աշխարհաքաղաքական հավասարակշռություն են ստեղծում խաղաղության պահպանման համար:

Զգացնել է տալիս նաեւ չհռչակված խաղաղության երկարատեւ իներցիան: Չնայած պարբերական հրաձգություններով խախտումներին, արդեն երկար տարիներ շարունակվում է հրադադարը: Հասկանալի է, որ հայ-ադրբեջանական պատերազմում այդքան երկար խաղաղ ընդմիջումը անշրջադարձելիության բավական ներուժ է կուտակել: Հակամարտող կողմերը վարժվել են խաղաղության առավելություններին, միաժամանակ համաշխարհային հանրության առջեւ նրանք կաշկանդված են երաշխիքներով, ինչն արդեն քիչ հավանական է դարձնում հակամարտության հրահրումը:

Տրամաբանորեն մարտական գործողությունների վերսկսման շարժառիթ ավելի շատ պետք է ունենա ադրբեջանական կողմը, որը կորցրել է իր տարածքի 20%-ը: Բայց այդ հիմնավորումը, որը երկար տարիների ընթացքում խլացվել է արտաքին ուժերի եւ երկրի իշխանական կառույցների կողմից, հիմա արդեն ոչ մի կերպ չի դրսեւորվում: Ցավոք, Բիշքեկյան համաձայնագրից հետո Ադրբեջանի ղեկավարությունը վերջնականապես մոռացության մատնեց դարերով փորձարկված սկզբունքը. ցանկանում ես խաղաղությունՙ պատրաստվիր պատերազմի: Նա միշտ գերագնահատել է «նավթային գործոնի» դերը եւ միշտ հույսը դրել է արտաքին օգնության վրա: Բացի այդ, Ադրբեջանը դեռ համոզված չէ, որ պատերազմի վերսկսումը թույլ կտա դրականորեն փոխել իրավիճակը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա ռազմական հաջողություններից քաղել է գրեթե ողջ ցանկալին, եւ շարունակվող զինադադարը թույլ է տալիս նրան ոչ միայն հզորացնել մարտունակությունը եւ ցաք ու ցրիվ անել գրավված տարածքների հարստությունը, այլեւ ցուցադրել իր անզիջողականությունը բանակցություններում: Երեւանը, երեւի, այսուհետ նույնպես կաշխատի պահպանել հակամարտությունը սառեցված վիճակում եւ ձգձգվող դիվանագիտական հնարքներով ամրապնդել նվաճածը: Ունենալով շարժունակ բանակ եւ Մոսկվայի օժանդակությունը, Հայաստանը կարող է իրեն հանգիստ զգալ, բայց պատերազմի վերսկսումը նրա համար էլ հղի է վտանգներով:

- Ի՞նչն է, Ձեր կարծիքով, խոչընդոտում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը եւ ի՞նչ է հարկավոր ձեռնարկել այդ ուղղությամբ հաջողության հասնելու համար:

- Շատ դժվար է ինչ-որ բան խորհուրդ տալ այսքան խառնաշփոթ եւ ձգձգված հակամարտության պարագայում, որի կարգավորումն ընթանում է աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ փորձագետների ներգրավմամբ եւ, փաստորեն, հանրության համար փակ ռեժիմում: Թերեւս, ավելի տեղին եւ կոռեկտ է ադրբեջանական կողմի կորցրած եւ հեռանկարային հնարավորությունների մասին խոսելը:

Ընդհանուր առմամբ, փոքր երկրների համար (ինչպիսին, օրինակ, Ադրբեջանն է), որոնք ներգրավված են նման հակամարտությունների մեջ, գերադասելի է վարքի երկու ռազմավարություն. կամ համընդհանուր հավաքագրում պայքարի համար, հիմնականում ապավինելով սեփական ուժերի վրա, կամ կողմնորոշում դեպի արտաքին ուժերը եւ նրանց բոլոր «խաղի կանոնների» ընդունում: Ձեւականորեն Բիշքեկյան հաշտությունից հետո Ադրբեջանը երկրորդ ռազմավարությունն էր որդեգրելՙ փորձում էր հակամարտությունը լուծել տերությունների եւ համաշխարհային հանրության միջոցով: Բայց միեւնույն ժամանակ նա շատ հաճախ անտեսում էր առաջարկվող «խաղի կանոնները» եւ, խախտելով տերությունների հետ փոքր երկրների փոխհարաբերությունների չգրված վարքականոնը, ակնարկում էր այլ վարքի հնարավորության մասին: Այս իմաստով, բանակցային գործընթացի լճացումը կամ Մինսկի խմբի անընդունելի առաջարկությունները, հնարավոր է, որ «սպասելի վրեժխնդրություն» են պաշտոնական Բաքվի անհամապատասխան վարքի դիմաց: Երեւի կարելի էր կանխատեսել, որ Եվրախորհրդի հանդեպ ունեցած սեփական պարտավորությունների եւ ժողովրդավարական Արեւմուտքի պահանջների ցուցադրական անտեսումը կարող էր (եւ պետք է) բոլոր տեսանկյուններից բացասաբար անդրադառնալ երկրի կյանքի եւ, առաջին հերթին, ղարաբաղյան հակամարտության լուծման վրա:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում քաղաքական իրավիճակի զարգացման հեռանկարների անորոշությունը եւ բախումային բնույթը բավական անկայուն եւ վտանգավոր ֆոն են ձեւավորում ղարաբաղյան խնդրի կարգավորման համար: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանն այսօր քաղաքական հիվանդությամբ են տառապում. ե՛ւ այնտեղ, ե՛ւ այստեղ բռնապետական իշխանության կարգեր են, ժողովրդի շահի մոռացություն կա, կոռուպցիայի ծաղկում, իրավական կամայականություն, ժողովրդավարության կեղծարարություններ, քաղաքացիական ակտիվության խիստ ճնշում: Երկու երկրների իշխանությունները բավական հմտացել են նմանակման արվեստում. բոլոր բարեփոխումները եւ նորամուծությունները կրում են բացարձակ ձեւական բնույթ: Եւ հարկ կա՞ զարմանալու, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը նույնպես զարգանում է միայն նմանակման ուղղությամբ. դա բավարարում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբին, այլեւ, ամենայն հավանականությամբ, նաեւ երկու երկրների իշխանություններին, որոնք այնքան էլ ականջ չեն դնում ժողովրդի ձայնին:

Այդ իսկ պատճառով ճիշտ չէր լինի Ադրբեջանի բոլոր ռազմական եւ դիվանագիտական պարտությունները միայն արտաքին աշխարհին վերագրելը: Մեծամասամբ մեղավոր է նաեւ երկրի քաղաքական վերնախավը: Իր նախագահության առաջին իսկ օրվանից Հեյդար Ալիեւը «սեփականաշնորհեց» ղարաբաղյան խնդիրը, համազգայինից այն դարձրեց նեղ անձնական խնդիր: Հենց այս պատճառով ոչ միայն բանակը եւ փախստականները, հասարակական կազմակերպությունները եւ կուսակցությունները, այլ նույնիսկ պետական կառույցները (խորհրդարանը, կառավարությունը, ԱԳՆ-ն եւ այլն), փաստորեն, դուրս մնացին բանակցային գործընթացից: Հույսը դրվել էր բացառապես սեփական փորձի վրա, իսկ իրական աշխատանքը մեծամասամբ փոխարինվում էր քարոզչությամբ: Պետության ղեկավարը խնդիրը վերածել էր «սեփական գործի», իսկ հետո նրա հետագա ընթացքը վերավստահեց ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ համանախագահ երկրներին: Այս փորձը, դժբախտաբար, շարունակում է նաեւ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը:

Բանակցային գործընթացում իր դիրքերի ամրապնդման համար Ադրբեջանին բավական չէ հույս դնել միայն իր տնտեսական եւ ռազմական փաստարկների աճող առավելությունների` նավթադոլարների հոսքի եւ հզոր բանակի ստեղծման համար բյուջետային հատկացումների վրա: Այդ փաստարկներն, անշուշտ, որոշակի դերակատարում ունեն, բայց ոչՙ առաջնային: Առավել եւս, երբ խոսքը խաղաղարար դիվանագիտության մեջ հաջողության հասնելու մասին է, որտեղ ներգրավված են շատ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ: Ավելի կարեւոր է Ադրբեջանի արժանապատիվ եւ գրավիչ քաղաքական նկարագրի եւ երկրի վարկի ստեղծումը: Իսկ դրա համար հարկավոր է միայն մեկ բանՙ երկրի իրական (այլ ոչ ձեւական) զարգացումը ժողովրդավարության, ազատության եւ առաջընթացի ուղիով:

Հարցազրույցը` Ռ.Վելիեւի



© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4