«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2006-02-09 | #24, 2006-02-10 | #25, 2006-02-11


ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՀ ոստիկանությունը ԶԼՄ-ներին ներկայացրեց 2005 թ. աշխատանքների հաշվետվությունը: Հանդիպմանը ներկա էին ոստիկանության գլխավոր վարչության պետերը, որոնք էլ պատասխանեցին լրագրողների հարցերին: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանը տեղեկացրեց, որ 2005 թ. հանրապետությունում գրանցվել է 8875 հանցագործության դեպք, նախորդ տարվա 10083-ի դիմաց, պահպանվել է հանցավորության մակարդակի նվազումը: Գրանցված հանցագործությունների 1,5 տոկոսը բաժին է ընկնում առանձնապես ծանր հանցագործություններին, իսկ 35,3 տոկոսը` ծանր հանցագործություններին: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների, սպանություն եւ սպանության փորձի հանցատեսակները 2004-ին եղել են 114, 2005-ին` 79, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը` 1152 (2004-ին), 725-ը` 2005-ին: Աճ է արձանագրվել միայն սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով` 48-51, այդ թվում` բռնաբարության եւ դրա փորձի դեպքերով 12-23 նախորդի հետ համեմատած: Նվազում է արձանագրվել գողության (2791-2463), ավազակության (129-108), խարդախության (497-466), յուրացման կամ վատնման (130-123) եւ տրանսպորտային միջոցի գողության դեպքերով (127-96): 2005 թ. հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը, նախորդ տարվա համեմատ նվազել է 15 դեպքով (95-80): Հայտնաբերվել է զենք-զինամթերք ապօրինի պահելու 219 դեպք, որի ընթացքում առգրավվել են 175 միավոր հրազեն, 1480 միավոր պայթուցիկ սարք եւ 99772 փամփուշտ:

2005 թ.-ին հանրապետությունում բացահայտվել է գրանցված հանցագործությունների 84,5 տոկոսը, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների 77,2 տոկոսը: Ըստ առանձին հանցատեսակների, 2004 թ. համեմատությամբ բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարելավվել է քրեական հետախուզության գծով գրանցված մի շարք հանցատեսակներով` բռնաբարություն, ավազակություն, խուլիգանություն:

Անդրադառնալով թմրամիջոցների հետ կապված հանցագործություններին, պրն Հունանյանը նշեց, որ հայտնաբերվել է 737 դեպք, որը 326-ով ավելի է, քան 2004-ին: Թրաֆիկինգի դեմ պայքարի շրջանակներում բացահայտվել են մարդկանց առեւտրի 11 եւ արտագնա կավատության եւս 11 դեպքեր: Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 281 դեպք է հայտնաբերվել, այդ թվում` կաշառակերությանՙ 8, դրամանենգությանՙ 60: 2005-ին ՀՀ ներկրված 14175 ստուգված ավտոմեքենաներից 42-ը եղել են միջազգային հետախուզման մեջ, առանձին ագրեգատների նույնացման վերադաջված համարներով` 14 ավտոմեքենա: Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կազմել է 1312, որի հետեւանքով զոհվել է 310 եւ մարմնական վնասվածք ստացել 1773 մարդ: Հաշվետու տարում տարբեր խախտումների համար կարգապահական պատասխանատվության են ենթարկվել համակարգի 815 ծառայողներ, որոնցից կարգապահական տույժի կարգով համակարգից ազատվել են 68-ը: Իսկ ոստիկանության ծառայողների թույլ տված տարբեր օրինախախտումների համար դատախազության քննարկմանն են ուղարկվել 11 նյութեր:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4