«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2006-02-09 | #24, 2006-02-10 | #25, 2006-02-11


ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԵՆ ԱԶԴՈՒՄ ԴՐԱՄԻ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄՆ ՈՒ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼ ՄԱՐԿԵՏԻՆԳԸ

Նախարարի խորհրդականն այս կարծիքին էր, նախարարնՙ այլ

Ներկայացնելով Հայաստանի արդյունաբերության 4 ճյուղերի անցյալ տարի արձանագրած ցուցանիշները, երեկ այսպիսի կարծիք հայտնեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի խորհրդական Մերուժան Հակոբյանը: Այդ ճյուղերն են մեքենաշինությունը, քիմիական, թեթեւ եւ փայտամշակման արդյունաբերությունները:

Մինչ այդ, նախարարի խորհրդականը հայտնեց, որ արդյունաբերական արտադրանքի ծավալներն անցյալ տարի առանց էներգետիկայի եւ սննդարդյունաբերության կազմել են 392 մլրդ դրամ, ինչը 2004 թ.-ի ցուցանիշը գերազանցում է 8,6 տոկոսով: Իսկ վերոնշյալ ճյուղերի հետ արտադրանքի ընդհանուր ծավալները կազմել են 537 մլրդ դրամ:

Մեքենաշինական արդյունաբերության ընկերությունները թողարկել են 5,3 մլրդ դրամի արտադրանք: Չնայած ավելացել է աշխատող ձեռնարկությունների թիվըՙ հասնելով 43-ի նախորդ տարվա 33-ի դիմաց, բայց արտադրության եւ արտահանման ծավալները նվազել են: Դրա պատճառները Մերուժան Հակոբյանը համարեց մի կողմից դրամի արժեւորումը, մյուս կողմիցՙ այդ ձեռնարկություններում մարկետինգի թերությունները:

Քիմիական արդյունաբերությունը մեծ աճ է ունեցելՙ 66 տոկոսով, ինչը տեղի է ունեցել հիմնականում երկու խոշոր ընկերությունների վերսկսված աշխատանքի շնորհիվ: «Նաիրիտը» թողարկել է 10 մլրդ դրամի արտադրանքՙ նախորդ տարվա 5 մլրդ դրամի փոխարեն: Նախարարի խորհրդականը հույս հայտնեց, որ այս ընկերության արտադրանքի ծավալները կավելանան: Ներկայումս «Նաիրիտում» աշխատում են ավելի քան 2000 մարդ: Մյուսը Վանաձորի «Պրոմեթեյ-խիմպրոմն» է, որը վերջապես վերագործարկվել է: Անցյալ տարվա 4-րդ եռամսյակին այս ընկերությունը թողարկել է 150 մլն դրամի արտադրանք, իսկ այս տարվա հունվարինՙ արդեն 130 մլն դրամի: Այստեղ աշխատում է 630 մարդ:

Մերուժան Հակոբյանի հավաստիացմամբ, դրամի արժեւորումն ավելի շատ ազդել է թեթեւ արդյունաբերության արտադրանքի ծավալների վրա: Նախորդ տարվա համեմատ այստեղ գրեթե 22 տոկոսի անկում է եղել: Մեր այն հարցին, թե ի՞նչ կարծիքի է Մերուժան Հակոբյանը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի հայտնած այն մտքի մասին, ըստ որի դրամի արժեւորումն արդյունաբերության վրա էական ազդեցություն չի թողել, ստացանք հետեւյալ պատասխանը. «Ամբողջ արդյունաբերության վրա դա էական ազդեցություն չի թողել, բայց առանձին ճյուղերի վրա, օրինակ, թեթեւ արդյունաբերության, թողել է»: Նախարարի խորհրդականը նշեց, որ, օրինակ, հանքարդյունաբերության վրա դա մեծ ազդեցություն չի թողել, քանի որ միջազգային գներն այստեղ բարձրացել են: Նա նաեւ իր անհամաձայնությունը հայտնեց ԿԲ նախագահի այն տեսակետին, որ դրամի արժեւորումը հնարավորություն է տալիս ձեռնարկություններին ավելի էժան գնով մեքենասարքավորումներ ձեռք բերել, եւ դրանից ձեռնարկությունները շահում են: Ըստ Մերուժան Հակոբյանի, մեքենասարքավորման արդյունավետությունը երեւում է երկար ժամանակ հետո, իսկ արժեւորումից տուժում են անմիջապես: Սակայն այն, որ այս ոլորտի ընկերությունների սեփականատերերը, որոնք հիմնականում խորհրդային տարիների տնօրեններ են եւ, մասնավորեցնելով ձեռնարկությունները չնչին գներով, ի վիճակի չեն եղել դրանք շահագործել եւ փոշիացրել են հիմնական միջոցները, նախարարի խորհրդականը չնշեց այս ոլորտում ստեղծված վիճակի համար էական պատճառների թվում: Նա միայն նշեց, որ այս ձեռնարկությունները հիմնականում աշխատում են արտերկրի պատվերների հիման վրա:

«Ազգի» մյուս հարցին, թե քանի՞ թեթեւարդյունաբերական ընկերություններ կան, որոնք շուկա են դուրս գալիս սեփական արտադրանքով, Մերուժան Հակոբյանը հիշատակեց «Արմենկարպետին» «Թուֆենկյանին», «Տոսպին»: Նա նշեց, որ այս ճյուղի զարգացմանը խոչընդոտում են նաեւ աշխատողների արձակուրդները մինչեւ 28 օր երկարացնելու մասին օրենքի ընդունումը եւ սոցիալական վճարները 5 հազարից 7 հազար դրամ դարձնելը: Դրանք հավելյալ ծախսեր են հատկապես խոշոր ձեռնարկությունների համար: Ճյուղին աջակցելու նպատակով նախատեսվող միջոցառումներից հիշատակվեց անհրաժեշտ մեքենասարքավորումների ձեռքբերման նպատակով համատեղ կազմակերպության ստեղծումը, որի շնորհիվ այդ սարքավորումների ձեռքբերումը էժան կլինի ընկերությունների համար:

Ուրանի հանքերի վերաբերյալ տրված հարցի կապակցությամբ նախարարի խորհրդականը պատասխանեց, որ այդ տեղեկատվությանն ինքը ծանոթ է եղել 30 տարի առաջ, եւ իր կարծիքով, ուրանի մշակումն «այս փոքր տարածքի վրա հնարավոր չէ»:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4