«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2006-02-09 | #24, 2006-02-10 | #25, 2006-02-11


«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ԵԿԵՂԵՑԻ» ԿԱՐԳԱԽՈՍԸ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի բարձր տնօրինությամբ դեռ 2005 թ. ստեղծվել է երկկողմանի հանձնաժողով, որի նպատակն է քննարկել երկու կաթողիկոսությունների հակասությունները եւ նպաստել հայ եկեղեցու միասնականությանը: Հանձնաժողովը նույն թվականի մարտին գումարել է իր առաջին նիստը եւ հանդես եկել հայտարարությամբ:

Հանձնաժողովում երկու կաթողիկոսությունները ներկայացված են չորսական մասնակիցներով: Ամեն կողմից ներկայացված են երկուական հոգեւորական եւ երկուական աշխարհական: Ժողովն ատենապետում են Ամենայն հայոց կաթողիկոսությունից` Տ. Խաժակ արք. Պարսամյանը, իսկ Կիլիկիո կաթողիկոսությունից` Տ. Օշական արք. Չոլոյանը:

2006 թ. հունվարի 31-ին տեղի ունեցավ այդ հանձնաժողովի երկրորդ նիստը, որից առաջ հանձնաժողովի անդամներին ընդունել եւ իր հայրապետական օրհնությունն է տվել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Իր հերթին Տ. Օշական արք. Չոլոյանը Արամ Ա կաթողիկոսի մաղթանքներն է հաղորդել պատվիրակությունների աշխատանքին:

Պատվիրակությունները «Հայ եկեղեցու վերանորոգության հրամայականը» թեմայի լույսի ներքո ճշտել են հետագա աշխատանքային գործընթացը: Նախորդ ժողովին ստեղծված եւ Վեհափառ հայրապետների կողմից հաստատված ուղեգծի համաձայն, ժողովականները հանգամանորեն մշակել են հետագա աշխատանքների ռազմավարությունը, ճշտել են ստեղծվելիք հանձնախմբերի թիվը եւ նրանց քննարկման բնագավառները:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4