Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարում ուժեղագույնների մրցավեճին մասնակցող Հայաստանի 6 գրոսմայստերներից բոլորից հաջողը Վլադիմիր Հակոբյանի ելույթն էր: Նա միակն էր, որ իր օգտին հաղթանակ գրանցեց: Հակոբյանը սեւերով պարտության մատնեց բելառուսցի Սերգեյ Ազարովին:
Վիճակահանության քմահաճույքով Կարեն Ասրյանն ու Տիգրան Պետրոսյանը, որ հաղթանակով էին մեկնարկել, 2-րդ տուրում մրցեցին միմյանց հետ եւ պարտիան ավարտեցին ոչ-ոքի: Գաբրիել Սարգսյանը եւս խաղաղ դաշն կնքեց էստոնացի Կայդո Կուլաոտսի հետ: Իսկ ահա Արտաշես Մինասյանն ու Աշոտ Անաստասյանը 2-րդ անընդմեջ պարտությունները կրեցինՙ համապատասխանաբար զիջելով Սերգեյ Վոլկովին ու Անդրե Խառլովին:
2 տուրից հետո A1 մրցաշարում 2-ական միավորով առաջատարներն են Արկադի Նայդիչը, Եվգենի Ալեքսեեւը, Ալեքսեյ Կորոտիլյովը, Յուրի Կուզուբովը եւ Պավել Էլյանովը: Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանն ու Կարեն Ասրյանը վաստակել են 1,5-ական միավոր, իսկ Գաբրիել Սարգսյանն ունի կես միավոր: 2-րդ տուրն անհաջող էր հայ երկու շախմատիստների համար, որոնք բնակվում են արտերկրում: Սերգեյ Մովսիսյանը պարտվեց Յուրի Կուզուբովին, իսկ Վարուժան Հակոբյանը զիջեց ֆրանսիացի Մաքսիմ Լագրավեին: Մովսիսյանն ունի մեկ, Հակոբյանըՙ կես միավոր:
A2 մրցաշարում առայժմ բոլորից հաջող են հանդես գալիս Արսեն Եղիազարյանը, Բենիամին Գալստյանը եւ Արթուր Չիբուխչյանը, որոնք վաստակել են 1,5-ական միավոր: Իսկ առաջատարները 9 շախմատիստներ են, որոնք ցույց են տվել 100 տոկոսանոց արդյունք: Եղիազարյանը, Գալստյանն ու Չիբուխչյանը հաղթեցին մրցակիցներին: էլինա Դանիելյանը պարտվեց Ալեքսանդր Եվդոկիմովին եւ ունի կես միավոր:
B մրցաշարի մասնակիցներն անցկացրել են 3 տուր: Հայ շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս Դավիթ Պետրոսյանը, որը բոլոր երեք պարտիաներում էլ հաղթել է: Նա հերթական հաղթանակները տոնեց Վիկտորիա Տարասովայի եւ Վլադիմիր Իվանովի նկատմամբ: Դավիթի հետ աղյուսակը գլխավորում են Անդրեյ Շուրաեւը, Դմիտրի Պետուխովը, Լոկան Դույկհինեն եւ Ջոն վան Ռույթենբուրգը: 2,5-ական միավորով առաջատարներին հետապնդում են Դավիթ Կարաթորոսյանը, Դավիթ Քալաշյանը, 2-ական միավոր են վաստակել Նելլի Աղինյանը եւ Արման Հայրապետյանը:
C մրցաշարում 2 տուրից հետո Հայաստանը ներկայացնող Աշոտ Ավետիսյանն ու Արթուր Ղարագյոզյանը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում են աղյուսակը: 1,5-ական միավոր ունեն Աղասի Ինանցը եւ Անի Ավանեսյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ