«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2006-02-09 | #24, 2006-02-10 | #25, 2006-02-11


ՀԱՅԱՍՏԱՆԻՑ «ՄԻԿԱՆ» ՈՒ «ԲԱՆԱՆՑԸ»

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի 350 ուժեղագույն ակումբների հերթական վարկանիշային ցուցակը: Այն ներառում է վերջին 12 ամիսների ընթացքում ազգային առաջնություններում եւ միջազգային մրցաշարերում թիմերի ցույց տված արդյունքները:

Հայաստանից այդ ցուցակում ընդգրկված են ՀՀ գավաթակիր ու արծաթե մրցանակակիր Աշտարակի «Միկան» եւ բրոնզե մրցանակակիր Երեւանի «Բանանցը»: Որքան էլ որ տարօրինակ է, ցուցակում բացակայում է ՀՀ չեմպիոն «Փյունիկը»: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ 10 հորիզոնականով վեր են բարձրացել: «Միկան» 73 գործակցով 266-րդ տեղում է, իսկ «Բանանցը» զբաղեցնում է 329-րդ հորիզոնականը 64 գործակցով:

Աշխարհի ուժեղագույն ակումբների ցուցակը նախկինի պես գլխավորում է Չեմպիոնների գավաթակիր «Լիվերպուլը»: Առաջին հնգյակը պահպանել է դիրքերը: Լավագույն տասնյակում միայն մեկ փոփոխություն է կատարվել: «Մանչեսթր յունայթեդին» փոխարինել է «Յուվենտուսը»: Նախկին Խորհրդային Միությունից ցուցակում տեղ են զբաղեցրել 11 հանրապետությունների 33 ակումբներ: Բացակայում են Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ղըրղզստանի ներկայացուցիչները: Ցուցակում բոլորից շատՙ 6 թիմ է ընդգրկված Ուկրաինայից: Ռուսաստանն ու Էստոնիան ներկայացված են չորս թիմերով: 100 ուժեղագույն ակումբների թվում ընդգրկված են Մոսկվայի ԲԿՄԱ-ն (5-րդ տեղ), Դոնեցկի «Շախտյորը» (21-րդ), Մոսկվայի «Լոկոմոտիվը» (50-րդ), Կիեւի «Դինամոն» (58-րդ), Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» (60-րդ) եւ Դնեպրոպետրովսկի «Դնեպրը» (91-րդ):

Լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի (փակագծերում նշված է նախորդ ցուցակում զբաղեցրած տեղը):

1(1). «Լիվերպուլ» Անգլիա319
2(2). «Ինտեր» Իտալիա309
3(3). «Բավարիա» Գերմանիա297
4(4). «Միլան» Իտալիա267
5(5). ԲԿՄԱ Ռուսաստան254
6(7). «Լիոն» Ֆրանսիա248
7(7). «Սան Պաուլու» Բրազիլ.246
8(9). «Արսենալ» Անգլիա241
9(6). «Էյնդհովեն» Հոլանդիա240
10(16). «Յուվենտուս» Իտալիա239

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4