Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու հետ:
Քննարկվել են քաղաքական, միջխորհրդարանական, օրենսդրական փորձի փոխանակման շուրջը համագործակցության խնդիրները: Փոխադարձաբար կարեւորվել են հատկապես տրանսպորտային համագործակցության խնդիրները, որոնց լուծումներին կարող են մասնակցել նաեւ երկու խորհրդարանները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2006-ի ամռանը Հայաստան-Բուլղարիա-Ադրիատիկ ծովի եւ Դանուբի երկրների տրանսպորտային խնդիրներով կոնֆերանս կազմակերպելու մասինՙ երկու խորհրդարանների հովանու ներքո: Քննարկվել են նաեւ միջտարածաշրջանային համագործակցության շարունակման եւ գիտակրթական ու կրթամշակութային կապերի ամրապնդման հարցերը: Անդրադարձել են նաեւ միջկուսակցական կապերի ձեւավորման անհրաժեշտությանը:
Խորհրդարանների նախագահների առանձնազրույցից հետո Գեորգի Պիրինսկու գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հանդիպեց Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների, խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ:
Ի դեպ, Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է «ՀՀ եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ հյուպատոսական կոնվենցիան», որը Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր 2004 թ. ապրիլի 26-ին, եւ որը հեշտացնում է քաղաքացիների որոշ խմբերի համար ելքն ու մուտքը:
Պրն Պիրինսկին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին հրավիրել է Բուլղարիաՙ ամբողջացնելու Երեւանում շարունակված քննարկումները:
ՀՀ ԱԺ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ