«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2006-02-18 | #31, 2006-02-21 | #32, 2006-02-22


ՎԱԴԻՄ ԳՈՒՍՏՈՎ. «ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՆՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑԸ ԽԻՍՏ ՀՐԱՏԱՊ ԿԼԻՆԻ»

ԲԱՔՈՒ, 21 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկու-երեք տարի անց ղարաբաղյան հակամարտության լուծման հարցը խիստ հրատապ կլինի: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարելով, որ Մոսկվան պատրաստ է դառնալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման երաշխավոր, հերթական անգամ ընդգծել է այդ հակամարտությունը հանգուցալուծելու անհրաժեշտությունը», այսօր REGNUM գործակալությանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի ԱՊՀ-ի գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Վադիմ Գուստովը:

Գուստովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում շատ մարդիկ «դուրս են նետված իրենց հողից եւ այդպես էլ չեն տեղավորվել, բացակայում են փոխադրական հաղորդակցությունները, քանի որ Լեռնային Ղարաբաղի տարածքով անցնող Ադրբեջանի երկաթուղու մի մասը չի գործում: Այդ պատճառով տարածաշրջանի էկոնոմիկան չի զարգանում»:

Խոսելով Բաքու Վլադիմիր Պուտինի այցի մասինՙ Գուստովն ընդգծել է ադրբեջանա-ռուսական երկրորդ տնտեսական համաժողովի անցկացման կարեւորությունը: Անհրաժեշտ համարելով Ադրբեջանի հետ առավել սերտ փոխհարաբերությունների զարգացումըՙ Ռուսաստանի Դաշնության խորհրդի կոմիտեի նախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի «հսկայական ուշադրության դաշտում է գտնվում Կասպից ծովում նավթի եւ գազի արդյունահանման հետ կապված զգալի հեռանկարների պատճառով»:

Գուստովն ընդգծել է, որ երկու պետությունների ընդհանուր օրակարգում առկա շատ հարցեր լուծվում են «միանգամայն օրինական, քաղաքակիրթ ճանապարհով»: Նա նաեւ ուշադրություն է դարձրել այն բանին, որ Ադրբեջանն ինտեգրված չէ այնպիսի կառույցներում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական հանրակցությունը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Ադրբեջանը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում գործող միջազգային կազմակերպություններից մասնակցում է միայն ԱՊՀ-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4