«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2006-02-18 | #31, 2006-02-21 | #32, 2006-02-22


«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ. ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ» ԹԵՄԱՅՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

2006 թ. փետրվարի 17-ին Մոսկվայի Հաշտության ու համաձայնության ֆեդերացիայում Ռուս-հայկական բարեկամության ու համագործակցության ընկերությունն անցկացրեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. երեկ, այսօր, վաղը» թեմայով կլոր սեղան, որը նվիրված էր Ռուսաստանյան մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման 15-ամյակին: 1991 թ. փետրվարին «Ապրիլ» գրողների ընկերակցության հիման վրա ստեղծված կոմիտեի մեջ մտնում էին այնպիսի հանրահայտ հրապարակախոսներ ու գրողներ, ինչպիսիք են Անդրեյ Նույկինը, Յուրի Չեռնիչենկոն, Թիմուր Գայդարը, Վալենտին Օսկոցկին եւ ուրիշներ:

Կլոր սեղանի աշխատանքին մասնակցում էին յոթ տասնյակ անձինք, այդ թվումՙ ռուսաստանցի նշանավոր հասարակական գործիչներ, քաղաքագետներ, գրողներ, ոչ կառավարական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Անուշավան Դանիելյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առաջին դեսպան (1992-94 թթ.) Վլադիմիր Ստուպիշինը: Նիստը վարում էր Ռուս-հայկական բարեկամության ու համագործակցության ընկերության նախագահ Վ. Կռիվոպուսկովը:

Հենվելով Ղարաբաղի հայերի ազատության եւ տարածքային ինքնուրույնության վերականգնման պատմության, հատկապես վերջին 18 տարիների փորձի վրա, կլոր սեղանի մասնակիցները վերլուծեցին ԼՂՀ շուրջն ստեղծված իրավիճակը Ֆրանսիայում փետրվարի 11-12-ը կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների լույսով:

Կլոր սեղանի մասնակիցների կարծիքով, Ղարաբաղի հակամարտությունը «թարմ քամի» առաջացրած Մ. Գորբաչովի, վերակառուցման որոշ հիմնադիրների քաղաքական եւ պետական թուլակամության, սոցիալիստական Ադրբեջանի եւ դրա Ժողովրդական ճակատի ղեկավարների ազգայնական սադրանքների հետեւանքը դարձավ: Նրանց մեղքով հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները ներքաշվեցին ազգամիջյան դիմակայության եւ դաժան պատերազմի մեջ: Զոհվեց 30 հազար մարդ, մոտ 1 մլն մարդիկ զրկվեցին օթեւանից եւ հարազատ վայրերից: Ղարաբաղում 12 տարի չեն պայթում արկեր ու ռումբեր, թեեւ պարբերաբար լսվում են ինքնաձիգների եւ նշանառուի կրակոցներ:

Այսօր այնտեղ գուցեեւ վատ, այնուամենայնիվ, խաղաղություն է: Տառապալիորեն որոնվում են հակամարտության հաղթահարման ուղիներ: Դրա լուծմանը Ռուսաստանի հետ մեկտեղ մասնակցում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, համաշխարհային ընկերակցության այլ խաղաղարար կառույցներ:

Բայց այսօր, ԼՂՀ խնդիրներն արդեն 2006 թ. լուծելու ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարների ձգտման կապակցությամբ ի հայտ է եկել ոչ միայն Ղարաբաղի ստատուս քվոն խախտելու վտանգ, այլեւ նրանց ռազմավարական շահերին ու քաղաքական նկրտումներին ծառայող անխոհեմ քայլերի հետեւանքով կարող է հեղվել հազարավոր անմեղ մարդկանց արյունը, խաղաղության վերացման օջախ ծագել ինչպես աշխարհաքաղաքականորեն պայթյունավտանգ Կովկասի տարածաշրջանում, այնպես էլ առավել ընդարձակ տարածքում, ներառյալ Հյուսիս-Հարավ եւ Արեւմուտք-Արեւելք ընդհանուր տարածքը:

Չճանաչված ԼՂՀ ղեկավարությունում վաղաժամ են համարում Ղարաբաղի հակամարտության գոտի խաղաղարար ուժեր մտցնելու խոսակցությունները, հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը: Խաղաղարար զորաբաժինը կարող է մտցվել միայն որպես հակամարտ կողմերի պայմանավորվածությունների կատարման երաշխավոր: Այսօրվա դրությամբ որեւէ պայմանավորվածություն առայժմ չկա, ուստի եւ վաղաժամ է խոսել խաղաղարարների մասին:

Վարչապետի խոսքերով, «այսօրվա դրությամբ տվյալ տարածքի ժողովրդի անվտանգությունը համատեղ երաշխավորում են Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը»:

Կլոր սեղանի մասնակիցները խոր մտահոգությամբ նշեցին, որ Ռուսաստանում, ինչպես խորհրդային ժամանակներում, Լեռնային Ղարաբաղի խնդիրների շուրջն ստեղծված է տեղեկատվական շրջափակում: Զանգվածային լրատվամիջոցները երկրին փաստորեն չեն տեղեկացնում իրավիճակի մասին: Ռուսաստանի ժողովրդին չի կարող չհետաքրքրել Կովկասի երկու ժողովուրդների ճակատագիրը, որոնց բարօրությունից կախված են Ռուսաստանի աշխարհաքաղաքականությունը, նրա հարավային սահմաններում խաղաղության ու համաձայնության հաստատումը: Անկարեւոր չէ նաեւ Ղարաբաղի հայերի ճակատագիրը, որոնք 17-րդ դարից ձգտել եւ պայքարել են Ռուսաստանին միանալու համար, հավատով եւ ճշմարտությամբ ծառայել նրա շահերին:

Որպես համանախագահ, Ռուսաստանն, անկասկած, պետք է առաջատար տեղ զբաղեցնի բանակցություններում եւ ոչ թե քարշ գա դրանց պոչից: Այդ իրավունքը տալիս են մեր եղբայրական հարաբերությունները հայ ժողովրդի հետ, որպիսիք ռուսաստանցիները չեն ունեցել եւ չունեն ուրիշ բարեկամ ժողովուրդների հետ: Ռուսաստանի պետական գործիչները եւ քաղաքագետները պետք է իմանան եւ գնահատեն նրանց պատմությունը, չընդունեն հայ եւ ռուս ժողովուրդների եղբայրության շահերի տրամաբանությանը հակասող որոշումներ: Բանակցությունների սեղանի մոտ նստելիս չպետք է մոռանալ Սումգայիթի 1988 փետրվարյան սպանդի, Բաքվի 1990 թ. հունվարյան դեպքերի, հայերի մյուս ջարդերի եւ գազանային սպանությունների, ինչպես նաեւ ռուս բնակիչների, խորհրդային բանակի զինվորների ու սպաների սպանությունների դասերը, որոնց կապակցությամբ Ադրբեջանում զղջալու փորձ անգամ չի արվել, իսկ ջարդերի կազմակերպիչներն ու մասնակիցները ոչ միայն չեն պատժվել, այլեւ բարձրացվել են ազգային հերոսների աստիճանի:

Անկարելի է չնկատել Մեծ Թուրանի ստեղծման պանթուրքական նկրտումները նմանակելու, ռուս եւ հայ ժողովուրդների, Ռուսաստանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պատմությունը նպատակամետ կերպով եւ բացահայտորեն խեղաթյուրելու ձգտումները:

Հանդիպման ժամանակ ելույթ ունենալովՙ Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա ազատ եւ անկախ զարգացման բոլոր երաշխիքները»:

«Պետք է հասկանալ մեկ բան. առանց Լեռնային Ղարաբաղի Հայաստանը չի կարող լինել Հարավային Կովկասում Ռուսաստանի լիարժեք դաշնակիցը: Իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, այսօր Ռուսաստանի միակ դաշնակիցն է այդ տարածաշրջանում», ասաց նախկին դեսպանը:

Կլոր սեղանի մասնակիցները տարակուսանք արտահայտեցին Հին Ջուղայումՙ Նախիջեւանի հինավուրց հայկական հողում Ադրբեջանի կողմից համամարդկային մշակութային հուշարձաններիՙ հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ Ռուսաստանի ղեկավարության լռության առթիվ: Հանցագործ Ադրբեջանի պետությանը հարկավոր է ներկայացնել հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը պահպանելու կոնկրետ պահանջներ, հանցագործությունների վայր գործուղել ռուսաստանցի դիտորդների, ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջել վանդալիզմի այդ քայլի դատապարտումը:

Հանդիպման մասնակիցների առաջարկությամբ Ռուս-հայկական բարեկամության ու համագործակցության ընկերության վարչությունը որոշեց 2006 թ. անցկացնել հասարակական գործիչների, պատմաբանների եւ քաղաքագետների միջազգային սեմինարՙ նվիրված Ղարաբաղի հակամարտության հրատապ խնդիրներին:

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4