«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2006-02-18 | #31, 2006-02-21 | #32, 2006-02-22


ՈՃՐԱԳՈՐԾ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂՆ ԱՂԲԱՆՈՑՆ Է

Ոճրագործ Ռամիլ Սաֆարովին «տարվա մարդ» հռչակելու ադրբեջանցիների ձեռնարկումն իրեն քաղաքակիրթ համարող ամեն մի անհատ աննորմալ ու անմարդկային համարեց: Սակայն անբնական էր այս կամ այն առիթով իրենց հայրենասեր եւ ազգային արժեքներով ապրող հռչակող հայ երիտասարդների անտարբեր վերաբերմունքը: Երեկ բացը փորձում էին լրացնել Հայաստանի առաջադիմական կուսակցության երիտասարդները, սակայն, ցավոք, ընտրել էին տհաճ տեսարան մատուցելու ճանապարհը: Մարդասպան Ռամիլ Սաֆարովի լուսանկարը սկզբում նախշվեց արյուն հիշեցնող կարմիր ներկով, ապա կուսակցության մի քանի երիտասարդներ դա տրորեցին ոտքերով:

Ակցիայի համար ընտրվել էր Կամերային երաժշտության տանը հարող փողոցը` հույսով, թե այն մեծ թվով երիտասարդների ուշադրություն կգրավի, սակայն այդպես էլ քչերը հետաքրքրվեցին: «Ազգի» հարցին, թե արդյոք լուսանկարը թողնելո՞ւ են գետնին` կազմակերպիչները պատասխանեցին, որ «դրա պատվավոր տեղն աղբանոցն է»: Ակցիայից մի քանի րոպե անց, երբ մարդկանց խումբն արդեն ցրվել էր, երիտասարդների արածից միայն սպիտակ ձյան վրա կարմիրի հետքեր մնացին: Այնինչ, մեր կարծիքով, Ռամիլ Սաֆարովին պետք էր «տարվա ոճրագործ» հռչակել եւ այդ մասին բազմալեզու հաղորդագրություններ հրապարակել եւ ուղարկել տարբեր երկրների լրատվամիջոցներին:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4