Ասում է Գալուստ Սահակյանը
Քաղաքական ասուլիսների սեզոնը բացվում է. երեկ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, թեեւ առանձնապես առիթ չկար, քաղաքական գործընթացներն ընդհանրացնելու փորձ արեց «Փակագիծ» ակումբում:
Խորհրդարանական քառօրյային ընդառաջ
Սկսենք խորհրդարանական նորություններից. ԱԺ առաջիկա քառօրյայում ընդդիմությունը մի առաջարկ է քննարկելուՙ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու մասին: Ընդդիմությունն առաջարկում է «պատգամավորական հարցապնդում» հասկացությունը, ինչպես նաեւ հարցապնդման հեռարձակումը հանրային հեռուստատեսությամբ: Գ. Սահակյանի կարծիքով, այդ հարցում վեճ կա, որովհետեւ հարցապնդումը կարող է մի քանի օր տեւել, իսկ դա անիմաստ է ցուցադրել ու դրա համար վճարել հեռուստատեսությանը: Դրա փոխարեն, ըստ Գ. Սահակյանի, կարելի է 10-15 րոպե հատկացնել «Խորհրդարանական ժամ» հաղորդման ընթացքում ներկայացնելու հարցապնդումը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ քննարկվում է նաեւ առաջարկՙ բոյկոտը կանոնակարգելու օրենքով, եթե խմբակցության ղեկավարը նստաշրջանի սկզբից հայտարարի, որ ողջ նստաշրջանը քաղաքական նկատառումներով խմբակցությունը բոյկոտում է, ըստ առաջարկի դա կարող է հարգելի բացակայություն համարվել: Կոալիցիան այս առաջարկին եւս դեմ է, եւ քննարկումների ժամանակ այդ մասին իր կարծիքը ներկայացնելու է:
Ո՞րն էր Գ. Սահակյանի գլխավոր ասելիքը
Մեր կարծիքով, Գ. Սահակյանը լրագրողներին հանդիպել էր ասելու, որ, ըստ մամուլում եւ քաղաքական շրջանակներում տարածված խոսակցությունների, քաղաքական դաշտի բեւեռներում սկսված տեղաշարժերն ու քաղաքական գործընթացները Հանրապետականի դեմ են կատարվելու: Սակայն Հանրապետականն իր կեցվածքին հավատարիմ, ոչ թե թշնամությունը կամ բեւեռացումը, այլ մրցակցությունն է գերադաս համարում եւ այդպես էլ գործելու էՙ փորձելով հասարակությանը ներգրավել իր գործունեության դաշտ: ՀՀԿ-ն հիմնական քաղաքական ուժերի մեջ բավական ազդեցիկ է, եթե լինեն ընդհանուր սկզբունքներ, որոնք գնահատելի կլինեն կուսակցության համարՙ հնարավոր է նաեւ համագործակցություն: Սակայն այսօր դեռեւս նման խնդիր չի քննարկվում: Անկախ նոր ստեղծվող կամ արդեն գործող կուսակցություններիցՙ ամեն մի կուսակցություն իր ընտրազանգվածն ունի, տվյալ դեպքում ուրիշ կուսակցությունների հետ մրցակցությունը վնասաբեր չի լինի, եւ Հանրապետականը, պայքարելով, մի անգամ եւս իր գաղափարները կհիմնավորի հասարակության մեջ:
Վերջին տարիներին տնտեսական հաջողություններն, ըստ Գ. Սահակյանի, մեծապես կախված են եղել նաեւ Հանրապետականից, որոնք էլ կարող են գործոն դառնալ նախընտրական պայքարում: Բայց բուն քաղաքական տեղաշարժերը, նկատի առնելով 2007 նախընտրական տարվա մոտիկությունը, կսկսվեն միայն աշնանը. մնացածը (հիմա կատարվողը-Մ. Խ.) այս կամ այն թիմի կամ լրագրողիՙ լարվածություն տեսնելու փորձեր են պարզապես: Վերադասավորումների, այս կամ այն ուժի հետ համագործակցելու մասին, ըստ բանախոսի, դեռ վաղ է գնահատականներ տալն ու խոսելը, եւ կոալիցիայի վերջին հայտարարությունը նաեւ ուղղված էր այն բանին, որ քաղաքական դաշտը ժամանակից շուտ արկածներ չորոնի, այլ համընթաց, դասական ձեւով գնա դեպի 2007-ի խորհրդարանական ընտրություններ:
Տնտեսական հաջողությունները միայն ՀՀԿ-ինն են, թե՞ նաեւ ողջ կոալիցիայինը
Այս հարցին պատասխանելով, Գ. Սահակյանը հիշեց 1999-2000 թվականները, մինչեւ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը եղած 70 միլիարդի բյուջեի աշխատավարձային պարտքը, որը հետո հաղթահարվեց համատեղ ուժերով: Արդյոք պաշտպանության նախարարիՙ ընտրությունների ժամանակ ՀՀԿ ցուցակում գտնվելը չի՞ բարձրացնում Հանրապետականի վարկը: Գ. Սահակյանն, ընդգծելով ՀՀԿ «ժամանակի մեջ քննություն բռնած, հասարակությանը ծանոթ առաջնորդ» Ա. Մարգարյանի արժանիքները, չնսեմացրեց նաեւ Սերժ Սարգսյանի դերը. եթե նույն ձեւաչափով պաշտպանության նախարարը լինի Հանրապետականի հետՙ արդյունքներն ավելին կլինեն:
Ընդդիմության խորհրդարան վերադառնալը
ՀՀԿ խմբակցության ղեկավարն այն բարձր գնահատեց, քանզի առանց ընդդիմության խորհրդարանը կիսատ է եղել. «Եթե քաղաքական օրգանիզմից մի բան պակասում էՙ լիարժեք չի կարող զգալ իրեն: Պետք է ընդդիմությունը լինի, որ այլակարծություն ապահովվի եւ լիարժեք օրենքներ ընդունվեն»:
Մի անգամ եւս կուսակցությունների հետ համագործակցելու հնարավոր ձեւաչափերի բնութագիրը Գ. Սահակյանը տվեց մայրենիի օրվան ուղերձ անելով. «Հայերեն բառերով խոսք ասել մեկը մյուսին, չհայհոյել, չանպատվել, ստի վրա քարոզչություն չտանել...»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ