Զբոսաշրջության զարգացման գլխավոր խոչընդոտն, ըստ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարի, ավիացիայի բարձր գներն են
Զբոսաշրջության ոլորտի անցյալ տարվա զարգացումներին երեկ անդրադարձավ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը: Սակայն մամուլի ասուլիսի հրավիրման առիթը Երեւանի «Կոնգրես» հյուրանոցին պետության կողմից որակավորման կարգ շնորհելն էր: «Կոնգրեսը» ստացավ երեք աստղանի հյուրանոցի որակավորման վկայական:
Մամուլի ասուլիսին մասնակցող հյուրանոցի տնօրեն Դինա Պասկոլինին հայտնեց, որ իրենք դիմել էին երեք աստղանի որակավորման վկայական ստանալու համար, թեեւ ունեն որոշ ծառայություններ, որոնք նախատեսված են չորս աստղանի հյուրանոցների համար: Նա նշեց, որ բացի սփյուռքի հայերից, տարեցտարի ավելանում են Հայաստան այցելող այլազգիների թիվը: Ընդ որում, խմբեր են ժամանում ոչ միայն եվրոպական երկրներից, այլեւ Ճապոնիայից եւ Թաիլանդից: Հայաստանում զբոսաշրջության զարգացման խոչընդոտների թվում Դինա Պասկոլինին նշեց մարզային ճանապարհների եւ դրանց մոտ գտնվող սպասարկման օբյեկտների վատ վիճակը:
Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտում անցյալ տարի արձանագրված ցուցանիշներին, ապա դրանք հետեւյալն են: 2005 թ.-ին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կազմել է 318 հազար, որն ավելի է նախորդ տարվա ցուցանիշից 21 տոկոսով: Ընդլայնվում է զբոսաշրջիկների աշխարհագրությունը: Ըստ փոխնախարարի, ներկայումս Հայաստան են այցելում զբոսաշրջիկներ անգամ Մալայզիայից, Սինգապուրից, Հարավային Ամերիկայից: Իսկ հիմնական հոսքը գալիս է Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոմիության երկրներից:
Անցյալ տարի կառուցվել են 4 նոր հյուրանոցներ («Գոլդեն Փալաս», «Ռեգինե», «Ինվոյ» եւ Ծաղկաձորումՙ «Կեչառիսը»), որոնք ննջատեղերի թիվն ավելացրել են 500-ով: Ընդհանուր առմամբ, ըստ Արա Պետրոսյանի, Հայստանում կան 143 հյուրանոցային օբյեկտներՙ հյուրանոցներ, հանգստյան տներ, պիոներական ճամբարներ եւ այլն: Սակայն դրանց մեծ մասը շուկայում ընդգրկված չէ: Իսկ Հայաստանի շուկայում գործող հյուրանոցների որակավորման աստիճանը տատանվում է 2-ից մինչեւ 5 աստղանիի միջեւ: Որակավորման աստիճան ստանալու գործընթացում ներկայումս ներգրավված են 4-5 հյուրանոցներ: Այս տարի շարունակվում է 6-7 նոր հյուրանոցների շինարարությունը:
Արա Պետրոսյանն այն համոզմունքը հայտնեց, որ որակավորման աստիճան սահմանելով պետությունը սահմանում է այս ոլորտում խաղի կանոնները: Նախՙ հյուրանոցային ծառայությունները դառնում են կանխատեսելի, ապաՙ գնային հարցերն են կարգավորվում: Մասնավորապես, 4 աստղի որակավորում ունեցող հյուրանոցը չի կարող առաջարկել 5 աստղանի հյուրանոցի գին: Այս առումով փոխնախարարը կանխատեսում է, որ հյուրանոցները գնային վերադասավորումներ կանեն առաջիկայում:
«Որքանո՞վ են մեր հյուրանոցների գները համապատասխանում տարածաշրջանի երկրներում առաջարկվող համանման ծառայությունների գներին» մեր հարցին պատասխանելով, Արա Պետրոսյանը նշեց, որ հիմա արդեն Հայաստանի հյուրանոցներն ունեն հատուկ զեղչային գներ տուրգործակալությունների համար եւ դրանք շատ ավելի ցածր են, քան գնացուցակներում հայտարարվածները: Վերջիններս նախատեսված են առանց նախապես պայմանավորվելու եւ առանց տուրգործակալությանը դիմելու հյուրանոցում մնալու ցանկություն ունեցողների համար: Փոխնախարարի կարծիքով, Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող գլխավոր գործոնը մնացել են օդային փոխադրումների բարձր գները: Ըստ նրա, 5-6 օր Հայաստանում մնալու համար 800-1000 դոլար արժողությամբ տուրփաթեթի մեջ օդային փոխադրման գումարը զգալի զսպող գործոն է:
«Ազգի» մյուս հարցին, թե որքա՞ն են ժամանողների մեջ այլազգիները, Արա Պետրոսյանը պատասխանեց, որ, ըստ իրենց անցկացրած մոնիտորինգի, ընդհանուրի 30-35 տոկոսը: Բացարձակ թվով տարեցտարի ավելանում է Հայաստան այցելող մեր հայրենակիցների թիվը, իսկ տոկոսային առումովՙ այլազգիներինը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ