Երեկ Թեքեյան կենտրոնում հավաքվել էին հանրապետության խոշոր սերմ արտադրող, թունաքիմիկատներ ներմուծող ու արտահանող տնտեսությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ, գիտնականներ: Գյուղնախարարության մասնագետները նրանց ծանոթացրին սերմնաբուծության ոլորտը կարգավորող օրենսդրական փաստաթղթերին եւ բույսերի կարանտինի ու պաշտպանության օրենքի նախագծին:
Հատկապես սերմնաբուծության վերաբերյալ օրենսդրական որեւէ փաստաթուղթ առ այսօր գոյություն չունի Հայաստանում, գործում են խորհրդային հին ստանդարտները: Բայց խորհրդային տարիներին բացառապես օգտագործվում էին խորհրդային սորտերը, իսկ հիմա աշխարհի ամենատարբեր անկյուններից տարբեր մշակաբույսերի հազարավոր սերմնատեսակներ են ներմուծվում Հայաստան: Կառավարության որոշմամբ հաստատվել է նաեւ սերմերի հավաստագրման կարգը, որի ընթացակարգը եվրոպական երկրներում գործող սկզբունքներով է մշակվել: Օրենսդրական հսկա փաթեթում 12 օրենսդրական ակտեր են: «Հետխորհրդային շրջանում այս դաշտն ամբողջությամբ բաց է եղել, այդ է պատճառը, որ Հայաստան ներմուծվեցին անհայտ ծագման ու որակի սորտ, սերմացու եւ բավական դժգոհությունների տեղիք տվեցին», ասում է գյուղնախարարության բուսաբուծության ու բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը:
Սերմերի մասին օրենքը, սակայն, չի մանրամասնում տրանսգեն սերմերի ներթափանցման վտանգի հավանականությունն ու դրա դեմ պայքարը, ինչից այսօր այնքան անհանգստացած է Եվրոպան: Տրանսգեն սերմերի եւ ընդհանրապես տրանսգեն մթերքների (գենետիկորեն ձեւափոխված) մասին այլ օրենք է գործելու, որ նույնպես առ այսօր չկա: Համենայն դեպս, նոր նախագիծը նշում է դրույթներ, որոնք կարող են արգելափակել գենետիկ, կենսատեխնոլոգիական միջոցներով ստացված սերմերի մուտքը:
Հայաստան ներմուծելու եւ այստեղ գրանցում ստանալու թույլտվություն է տրվելու այն սորտերին, որոնց ծագումն ու տվյալները հստակ նշված կլինեն (բուսաբանական, մորֆոլոգիական, ագրոտեխնիկական առանձնահատկությունները), եւ որոնք տնտեսական օգտակարության փորձարկումներ են անցել Հայաստանում: Իհարկե, Հայաստանում այդ ինֆորմացիան ստուգելու հնարավորությունները սուղ են, սակայն վարչության պետը կարծում է, որ կարելի է ապավինել ինտերնետում սփռված հսկայածավալ տեղեկատվությանը:
Սպառողների շահերը պաշտպանող եւ էկոլոգիական կազմակերպությունները պնդում են, որ տրանսգեն մթերքի, նաեւ սերմերի ներմուծումն արգելող օրենքի բացակայության պայմաններում ե՛ւ հումանիտար, ե՛ւ մասնավոր ուղիներով Հայաստան ներթափանցեցին կարտոֆիլի, եգիպտացորենի, մրգերի տրանսգեն սերմեր ու տնկանյութ: Այս իրողության հավաստիությունը դժվար է ժխտել եւ հաստատել: Մենք համապատասխան փորձաքննական լաբորատորիաներ չունենք, որ ասվածի հավաստիությունը ստուգենք, բայց միջազգային պրակտիկայում ընդունված սկզբունքներով հենց այս ճանապարհով ստացված մթերքն ու սերմերն են առաքվում իբրեւ մարդասիրական օգնություն: Ակնհայտ է նաեւ, որ այս տարիներին մենք մոռացանք, օրինակ, մեր տեղական համեղ պոմիդորը, քանի որ հանրապետությունում ազատ տեր ու տնօրինություն են անում դրա կասկածելի ցեղակիցները: Սա կենսաբանական ահաբեկչության մի տարբերակ կարելի է դիտարկել, քանի որ տրանսգեն սերմերից ստացված մթերքը խաթարում է մարդու գենետիկական ապարատը, ճնշում իմունային համակարգը, ալերգիաների ու ուռուցքների պատճառ դառնում: Հուսանք, որ օրենսդրական ամայի դաշտում սերմերի ներմուծման ու գրանցման սահմանափակումներ սահմանող նոր նախագծերը մասնակի կփակեն նաեւ տրանսգեն սերմերի մուտքը Հայաստան:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ