Անցած տարվա սեպտեմբերի 8-ի կառավարական որոշմամբ պետպատվերի համակարգին փոխարինելու է գալիս ենթադրաբար ավելի ճկուն` վարկանիշային ռոտացիոն մեխանիզմը: Ո՞րն է լինելու դրա էությունը: Կախված տարեվերջյան քննությունների արդյունքներից այն ենթադրում է ուսանողների տեղափոխում անվճար համակարգից վճարովին:
Այսինքն, ուսանողի անվճար ուսանելու իրավունքը անմիջական կախման մեջ է ընկնում նրա առաջադիմության տարեվերջյան արդյունքներից:
«Այս մեխանիզմը կոռուպցիոն որոշակի ռիսկեր է բովանդակում, որոնք կարող են տեղափոխվել սեսիոն քննությունների ընթացք», ասում է ՄԱԿ-ի փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը: Դրանք չեզոքացնելու կամ գոնե մեղմացնելու ու նվազագույնի հասցնելու համար նա առաջարկում է գրավոր քննությունների տեսակարար կշռի ավելացում: Նա մեջբերում է Ֆրանսիական համալսարանի օրինակը, ուր քննությունների 70 տոկոսը գրավոր է անցկացվում, այն էլ ծածկագրային սկզբունքով, ինչպես ընդունելության քննությունների ժամանակ, երբ գրավորի հեղինակի անունը հայտնի է դառնում միայն գնահատականը նշանակելուց հետո:
Այս համալսարանում գործում է պատժի մի հետաքրքրական մեխանիզմ եւս. եթե որեւէ ուսանող կամ դասախոս փորձում է խախտել կարգը, ապա անկախ մեղավոր կամ անմեղ լինելու աստիճանից, հեռացվում են ե՛ւ ուսանողը, ե՛ւ դասախոսը:
Կ. Դ.