«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2006-02-18 | #31, 2006-02-21 | #32, 2006-02-22


«ՋՐԱՄԲԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՍՊԱՍՎՈՂ ՋՐԵՐԸ»

Դրանց անվտանգության առումով ծրագրի գրասենյակի տնօրենը վտանգ չի տեսնում

Ձյան հալոցքը վտանգ կստեղծի՞ Հայաստանի ջրամբարների համար: Այս հարցն ուղղեցինք Համաշխարհային բանկի ջրային տնտեսության բարեփոխումների եւ զարգացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանին: Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ սկսած 2002 թ.-ից Հայաստանում իրականացվում է երկու ծրագիր` ջրամբարների անվտանգության եւ պատվարների կայունության: Ի պատասխան մեր հարցի, գրասենյակի տնօրենը նախ հայտնեց, որ Հայաստանի բոլորՙ 85 ջրամբարները, այդ թվում առավել խոշոր 24-ը, ուսումնասիրվել եւ բերվել են այն մակարդակի, որ կարողանան առավելագույն հեղեղներն ընդունել եւ այսպես կոչված «կատաստրոֆիկ» ջրթողներով բաց թողնել: Այն ջրամբարները, որոնք չէին համապատասխանում տարեկան 10000 խմ միջին-առավելագույն ջրհեղեղների քանակ ընդունելուն, վերակառուցվել են, դրանց պատվարները կայուն են եւ ներկայումս կարող են ընդունել սպասվող ջրերը:

Ջրամբարների անվտանգության առումով, ըստ Ադիբեկ Ղազարյանի, վտանգ չկա, քանի որ հեղեղների վտանգի մեծությունը կախված է նաեւ եղանակից: Շատերին թվում է, որ եթե շատ ձյուն է եկել, անպայման հեղեղներ պետք է լինեն: Սակայն գրասենյակի տնօրենի հավաստմամբ, դա այդպես չէ: Եթե ջերմաստիճանն աստիճանաբար տաքանա, ապա ջրամբարներից մեծ ելքեր չեն լինի: Իսկ ձյան շերտի առկայությունը Ադիբեկ Ղազարյանը ուրախալի համարեց, քանի որ ջրամբարները կլցվեն, եւ հնարավոր կլինի բավարար քանակի ջուր բաց թողնել ոռոգման համար:

ՀԲ ծրագրի գրասենյակի տնօրենը հայտնեց նաեւ, որը 2002 թ.-ին սկսված ծրագիրն այս տարի մոտեցել է ավարտին: Այս ծրագրով ամենավտանգավոր 24 ջրամբարների վերականգնման ժամանակ տնտեսված գումարներով նախատեսվում է վերանորոգել Մարմարիկի ջրամբարը, որը փլուզվել է 30 տարի առաջՙ դեռ չշահագործված: Մեկ այլ ծրագրով ուսումնասիրվելու եւ նորոգվելու են եւս 45 ջրամբարների պատվարները: Մնացած ջրամբարների ուսումնասիրությունից պարզվել է, որ դրանք լրացուցիչ ներդրումների կարիք չունեն:

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նոր 7 փոքր ջրամբարների շինարարություն է նախատեսվում: Ծրագրում ընդգրկված են այնպիսի ջրամբարներ, ինչպիսիք են Արաքսինը, Շապսինը, Արթիկինը: Ադիբեկ Ղազարյանը հայտնեց, որ Հայաստանի տարածքում մոտ 7-7.5 մլրդ խմ ջուր է կուտակվում, որոնցից օգտագործվում է 2 մլրդ խմ-ը: Դա նշանակում է, որ մնացած ջրերը հոսում են դեպի հարեւան երկրներ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4